Աշխարհաքաղաքական նոր խա՞ղ


Վրաստանի «ժողովրդական ժողով» դաշինքը, որի մեջ միավորվել է 8 ընդդիմադիր կուսակցություն, հայտարարել է առաջիկա շաբաթ օրը` մայիսի 21-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակում միասնական համավրացական բողոքի հանրահավաք անցկացնելու իր մտադրության մասին: Պահանջը նույնն է` Նախագահ Սահակաշվիլու անհապաղ հրաժարականը: Ընդդիմությունը բավական լուրջ աշխատանք է տարել, որպեսզի այս անգամ հանրահավաքն «իր նպատակին հասնի»: Մասնավորապես, ավելի քան 7 տասնյակ բնակավայրերում ստեղծվել են «քաղաքացիական անհնազանդության կոմիտեներ», այսպես կոչված «երդվյալների» ջոկատներ, այլ միավորումներ, որոնք պետք է «հանրահավաքի օրը ապահովեն բողոքավորների հոսքը դեպի մայրաքաղաք»: Հարկ է նկատել, որ մինչև այժմ վրաց իշխանությունների կողմից չեն արձանագրվել ծայրագավառներից դեպի մայրաքաղաք եկողներին խոչընդոտելու փորձեր: Միգուցե նաև այն պատճառով, որ ընդդիմադիրները երբեք այդ կարգի շահարկումներ չեն արել, հանարահավաքի մասնակիցների թվաքանակի պակասը չեն ձգտել «արդարացնել» իբրև թե իշխանությունների կողմից մարզերի բնակիչների հոսքը դեպի մայրաքաղաք խոչընդոտելու առասպելով: Որովհետև գիտակցում են` մի քանի հարյուր կամ նույնիսկ մի քանի հազար բողոքավորների ավել կամ պակաս լինելը էական նշանակություն ունենալ չի կարող: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն` ժամանակին ներկայիս Նախագահի զինակիցն ու այժմ նրա ամենաանհաշտ հակառակորդը, հավակնում է միավորված ընդդիմության առաջնորդի դերին: Նա հայտարարել է, թե «այս անգամ բողոքի հանրահավաքը չենք ավարտելու, մինչև Սահակաշվիլին հրաժարական չտա»: Նաև ավելացրել է, թե ինքը «պահանջվող գումարն ունի և կարող է ֆինասնավորել բողոքի ակցիաների կազմակերպման ծախսերը»: Այս հայտարարությունը վկայում է, որ քալբատոնո Նինոն հասկանում է` առանց լուրջ գումարների հնարավոր չէ Նախագահի հրաժարականին հասնել: «Վարդերի հեղափոխության» ժամանակ Սահակաշվիլի-Ժվանիա-Բուրջանաձե եռյակը լիուլի ծախսում էր ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տրամադրած գումարները: Հիմա՞ ում փողերն են ծախսելու` հայտնի չէ: Դեռ մինչև 2008 թ. օգոստոսի 8-ի արկածախնդրությունը, երբ Վրաստանի Նախագահի հրամանով ամենաիսկական ագրեսիա ձեռնարկվեց Հարավային Օսիայի դեմ (ինչը անհապաղ հարուցեց Ռուսաստանի միջամտությունը և հանգեցրեց Վրաստանի փաստացի ջախջախմանը), Սահակաշվիլու հեղինակությունը բավական բարձր էր: Այնուհետև կտրուկ ընկավ, սակայն նույնիսկ դրանից հետո հնարավոր չեղավ երկիրը կրախի հասցրած նախագահի հրաժարականին հասնել: Արևմուտքը Սահակաշվիլուն սատարում էր, թերևս նաև այն պատճառով որ գիտակցում էր` Վրաստանի երիտասարդ Նախագահն այդպիսի արկածախնդրության դիմեց իրենց լուռ խրախուսանքով, դարձավ իրենց իսկ հակառուսական քաղաքականության զոհը: Այժմ, համենայն դեպս արտաքուստ, Միխայիլ Սահակաշվիլու վաղաժամկետ հրաժարականի մասին խոսք չի կարող լինել: Նա արդեն ասել է, թե նոր նախագահական ընտրություններին չի մասնակցելու: Բացի այդ, օգոստոսյան պատերազմից հետո իսկապես այնպիսի քայլեր է ձեռնարկել, որոնք էականորեն բարելավել են հասարակական մթնոլորտը: Սուտ-ճիշտ` կոռուպցիան երկրում խիստ նվազել է, ոստիկանությունն այլևս կամայականություններ չի անում, կարգուկանոնը վերականգնվել է, ինչն արձանագրում են նույնիսկ միջազգային կառույցներն ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունները: Այս մթնոլորտում ինչո՞վ կարող է պայմանավորված լինել Նախագահի վաղաժամկետ հրաժարականի նոր պահանջը: Կամ սա իշխանությունների հետ համաձայնեց ված, ներքին փոխադարձ պայմանավորվածությամբ ձեռք բերված նոր թատերական ներկայացում է, կամ դրսից ստացված որոշակի հրահանգի կատարում: Առաջին դեպքում նպատակը Սահակաշվիլու հեղինակության հետագա բարձրացումն ապահովելն է, իբր` տեսա՞ք, փորձեցինք հրաժարականի պահանջ դնել, սակայն լայն զանգվածները չաջակցեցին: Երկրորդ դեպքում` համաշխարհային ուժային կենտրոնները, մասնավորապես Վաշինգտոնն ու Մոսկվան, համաձայնության են եկել Սահակաշվիլուն քավության նոխազ դարձնելու հարցի շուրջ: Երկու ենթադրությունն էլ հավանական են թվում: Եթե բուն Վրաստանում իշխանությունների և ընդդիմության լիդերների միջև գաղտնի պայմանավորվածություն կա` երկրի ընդդիմադիր շարժումը ջլատելու և վարկաբեկելու մասին, ապա միանգամայն հնարավոր է, որ այսքան անպատեհ ձևով Նախագահի հրաժարականի նոր ալիք բարձրացվի` ինքնըստինքյան մարելու ակնհայտ հեռանկարով: Թե դրա դիմաց ընդդիմադիր լիդերներին ի՞նչ խոստումներ են տվել` ոչ մի ընդդիմադիր երբեք չի խոստովանի: Իսկ եթե սա համաշխարհային ուժային կենտրոնների հերթական դավադրությունն է, ապա նշանակում է, որ Սահակաշվիլին այլևս դադարել է ընկալվել իբրև հարավկովկասյան տարածաշրջանում Արևմուտքի դրոշակակիր, դաշնակից, բարեկամ: Սովորաբար, հենց բարեկամներին են զոհաբերում: Եվ եթե վրաց ընդդիմության այս նոր շարժումը հաջողություն արձանագրի, ապա կարելի է չտարակուսել, որ վրաց Նախագահի «գլուխը» գաղտնի սակարկությունների առարկա է եղել աշխարհում քաղաքական եղանակ ստեղծողների միջև և նրա երեկվա «տերերն» առաջարկված գնին համաձայնե՞լ են: Ընդսմին, «գինն» այստեղ ուղղակի իմաստով չպետք է հասկանալ: Գործնականում, մանավանդ 2008-ից ի վեր, Սահակաշվիլին դարձել է Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների սերտացման գլխավոր խոչընդոտը: Ուստի չի բացառվում, որ երկուսին էլ ձեռնտու լինի Սահակաշվիլու քաղաքական թատերաբեմից արագ հեռացնելը: Իրականում ի՞նչ է սա` գերտերությունների աշխարհաքաղաքական նոր խա՞ղ, թե՞ այլ բան` կտեսնենք ամենամոտ ապագայում:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ