Լաչինը` կենսաճանապարհ


1992¬ի այս օրը` մայիսի 18¬ին, բացվեց հայկական երկու պետություններն իրար կապող Լաչինի մարդասիրական միջանցքը` դառնալով Արցախյան գոյապայքարի մեր ամենափայլուն հաղթանակի` Շուշիի ազատագրման եզրափակիչ փուլը: Մայիսի 16¬17¬ը ղարաբաղյան ուժերն արդեն իսկ վերահսկողության տակ էին առել Լաչինը, իսկ 2 օր անց վերջնականապես ճեղքվեց շրջափակման օղակը: Ստեփանակերտն ու Գորիսը կապող ավտոմայրուղու նշանակությունը չափազանց մեծ է թե´ պատմական, թե´ ռազմավարական, թե´ ռազմական առումներով: - 1992 թ. մայիսի 18¬ին լրանում էր ճանապարհի փակման 1 տարին: 1991¬ի նույն օրը ադրբեջանական կողմը ռուսների օգնությամբ փակել էր կենսական նշանակութ յուն ունեցող այդ հատվածը: Սակայն մեզ հաջողվեց ճեղքել շրջափակումը: Լաչինի ազատագրումն, ըստ էության, ռազմական օպերացիայի եզրափակիչ փուլն է` Խոջալուի, Շուշիի, Օմարի լեռնանցքի ազատագրումից հետո: Բարձր եմ գնահատում կամավորական ջոկատներում կռվող մեր ֆիդայիների, երկրապահների դերը. նրանց ուսերին մեծ ծանրություն էր ընկած: Մենք ոտքով կտրեցինք¬անցանք շուրջ 10 կմ տարածք, հասանք Լաչին, ազատագրեցինք և կազմակերպեցինք պաշտպանությունը, որի ղեկավար նշանակվեց գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը,¬ ասում է գեներալ¬գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: Նախքան ճանապարհի բացումը, Հայաստանից ուղարկվող սննդի, դեղորայքի, ռազմամթերքի պաշարն Արցախ էր հասցվում միայն օդային ճանապարհով: Դադարեցված էր նաև գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը: Տարածքի ազատագրումից հետո` մայիսի 20¬ին, Գորիս-Ստեփանակերտ մայրուղիով Արցախ տեղափոխվեցին տասնյակ տոննաներ մարդասիրական առաջին բեռները: - Միջանցքը մեր հայկական պատմական տարածքներից է, մի կարևոր հատված, որ հակառակորդն օգտագործում էր մեր դեմ: Դա մի խոչընդոտ էր 2 հայկական տարածքների միավորման ճանապարհին, որի վերացումը ռազմավարական մեծ նշանակություն ուներ վերջնական միավորման և Արցախի փրկության համար,¬ համոզված է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Մեր հաջողություններին զուգընթաց` Ադրբեջանում լարված ներքաղաքական իրավիճակ էր ստեղծվում, որը Շուշիի ազատագրումից հետո հասավ գագաթնակետին: - Յուրաքանչյուր պարտությունից հետո Ադրբեջանում նոր կրքեր էին բորբոքվում: Խոջալուից հետո Այազ Մութալիբովը հեռացվեց իշխանությունից, իսկ Քելբաջարի և մի քանի այլ ռազմագործողությունների տապալումից հետո` Աբուլֆազ Էլչիբեյը հեռացավ, նրան փոխարինեց Հեյդար Ալիևը,¬ շարունակում է ռազմական փորձագետը: Մինչ մեր հարևանները զբաղված էին իշխանափոխությամբ, ազատագրվեցին Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերը, ապա և Լաչինը: Այս հաղթանակով դարձանք մեր բնիկ տարածքի տերը, իսկ հայկական երկու պետությունները կապող չափազանց կարևոր նշանակություն ունեցող մայրուղին կոչվեց «կյանքի ճանապարհ»: