ԱՎԵՐԱԿ, ՈՐԻ ԱՆՈՒՆԸ ԹԱՆԳԱՐԱՆ Է


Թանգարանային գիշերվա շրջանակներում անցկացվող միջոցառումներն առիթ դարձան, որպեսզի այցելեի հայ մեծ գրող, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանի հուշատուն: Ի տարբերություն մյուս հուշատուն-թանգարանների, Դեմիրճյանի թանգարանը չափազանց պասիվ կեցվածք ունի. այստեղ չեն կազմակերպվում հանրային և մշակութային նշանակության միջոցառումներ, այն պարփակվել է ինքն իր մեջ` երբեմն գուցե աննպատակահարմար դարձնելով իր գոյությունը… Այս կարծիքն առավել ամրապնդվեց, երբ Աբովյան փողոցից մտա մի նեղլիկ բակ ու հայտնվեցի հուշատան առջև: Դեռ հեռվից ուշադրությունս գրավեց «Գրավատուն» մեծ մակագրությունը, որը ծածկում էր թե´ թանգարանի ցուցանակը, թե´ անմահ «Լալվարի որսի» հեղինակ Վահան Միրաքյանի հուշատախտակը: Իսկ հուշատան հենց դիմաց շարված էին մոտ մեկ տասնյակ աղբամաններ` գարշահոտ տարածելով շուրջբոլորը: Այս ծանր տպավորությունից հետո մի նոր հիասթափություն էր սպասվում հենց թանգարանում: Նեղլիկ բնակարանը տասնամյակների ընթացքում չէր վերանորոգվել, խոնավության հոտը խանգարում էր ազատ շնչել: Հատակը շատ վաղուց չէր ներկվել, չէին թարմացվել պատերի ներկերը… Մի խոսքով` թանգարան հիշեցնող գրեթե ոչինչ չկար, բացառությամբ, իհարկե, Դերենիկ Դեմիրճյանի ննջարանի, որը պիտի հանդիսանար ցուցադրութ յան կենտրոնը, բոլոր նմանատիպ թանգարաններին հատուկ «մեմորիալը»: Առավել ծանր էր տպավորությունը թանգարանի ցուցադրությունից, ինչը վկայությունն էր, որ այստեղ աշխատում են թանգարանային գործից հեռու, ցուցադրության կազմակերպման մասին տարրական պատկերացումներ չունեցող մարդիկ: Դերենիկ Դեմիրճյանի հարուստ գրականությունը, նրա պիեսների հարյուրավոր բեմադրություն ները, հայերեն և այլ լեզուներով հրատարակված հարյուրավոր գրքերը հիշեցնող գրեթե ոչինչ չկար այստեղ: Բեմադրություններից միայն կցկտուր պատկերներ էին` «Վարդանանք», «Երկիր հայրենի», «Ֆոսֆորային շող», «Նապոլեոն Կորկոտյան», և բոլորն էլ` Սունդուկյանի անվան թատրոնից: Մինչդեռ Դեմիրճյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի բոլոր թատրոններում` տաղանդավոր դերակատարումներով ու բեմանկարչական լուծումներով: Չկային Դեմիրճյանին բնութագրող ու արժևորող ասույթներ ու գնահատականներ: Այն տպավորությունն էր, թե հիմնադրվելուց հետո այստեղ ոչինչ չի արվել: Փոքրիկ մի սենյակում տեղադրված դեմիրճյանական գրապահարաններն էլ չափազանց աղքատիկ էին, ու երևի այս աղքատիկությունը կոծկելու համար էլ տնօրինությունն այդ գրադարակներում շարել էր Հայկական համառոտ հանրագիտարանի հատորները… Անտեղյակ այցելուն կարող է մտածել, թե այդ հատորները Դեմիրճյանն է գնել որևէ գրախանութից ու բազմեցրել իր գրադարանում: Սա, իհարկե, թանգարանային գործում մասնագիտական անգրագիտություն է: Թանգարանի ցուցանակն էլ նախորդ դարից տեղեկացնում է. Հայկական ՍՍՌ, կուլտուրայի մինիստրություն…»: Որքա˜ն անտարբեր ու անտեղյակ պիտի լիներ տնօրինությունը, որ չտեսներ այս աղաղակող խայտառակությունը, չհասկանար, որ արդեն 20 տարի գոյություն չունի Հայկական ՍՍՌ անունով պետություն, որ «մինիստրություն» բառը ևս շա˜տ վաղուց հանվել է գործածությունից: Մի՞թե թանգարանն այնքան անհուսալի վիճակում է, որ չի կարողացել գեթ մեկ ցուցանակ պատվիրել` հայերենի կողքին նաև օտար լեզվով` նաև զբոսաշրջային հետաքրքրություն ձևավորելու նպատակով: Բայց ի՞նչ զբոսաշրջային հետաքրքրության մասին կարող է խոսք լինել, երբ այս հուշատուն այցելողը միայն մտածում է պահ առաջ հեռանալու մասին… Պարզապես մայրաքաղաքի կենտրոնում ունենք աղբամաններով շրջապատված հուշատուն, որը գոնե մասնակիորեն կարգի չի բերվում` նույնիսկ ստացած դրամաշնորհային գումարներով:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ