Սեպը սեպով


 

Մամուլում անկեղծանալը երբեմն անկանխատեսելի հետևանքներ է ունենում: Մանավանդ քաղգործիչների համար, ովքեր անփույթ են իրենց խոսքերում կամ երկիմաստ արտահայտություններ են անում:

Բրիտանացի լորդը հիմա որքան էլ զարմանա ու չքմեղանա, միևնույն է` պատասխան է տալիս պակիստանյան ExΘress Tribune թերթում տպագրված իր հարցազրույցի համար: Իսկ Լորդերի պալատի անդամ Նազիր Ահմեդն այդ զրույցում բացատրել է «Օբամային որսալու ծրագրի դրդապատճառը: Ամերիկյան կառավարությունը 10 միլիոն դոլար է խոստացել «Լաշկարե-Թայբա» («Աստծո բանակ») արմատական իսլամիստական կազմակերպության հիմնադիր Հաֆիզ Մոհամադ Սաիդի մասին տեղեկության դիմաց: Եվ ահա Նազիր Ահմեդն էլ առաջարկել է Ամերիկայի նախագահ Օբամային գերի վերցնել` մի քանի միլիոն դոլար պարգևի դիմաց:

Լորդն արդեն հեռացվել է լեյբորիստական կուսակցությունից, բայց կտրականապես հերքում է պակիստանյան մամուլի պնդումները: Ավելին, նրան զարմացրել է ներկուսակցական պարտականություններից ժամանակավորապես զրկվելու փաստը:

Հաֆիզ Սաիդը մեղադրվում է` 2008-ին հնդկական Մումբաի մեգապոլիսում կատարած հարձակման համար: Դրա արդյունքում զոհվել էր 165 խաղաղ բնակիչ և 9 գրոհային: