Նյարդերը չեն դիմանում


 

Մտորելու տեղիք տվող մի վիճակագրություն է հրապարակել The New York TiΗes-ը. ամերիկյան բանակում ինքնասպանները 25 անգամ շատ են մարտադաշտում զոհված զինվորներից:

3 օրում 2 զինվոր է մեռնում, բայց ռազմական գործողությունների վետերանները միջին հաշվով վախճանվում են յուրաքանչյուր 80 րոպեն մեկ: Ամեն տարի գրանցվում է ավելի քան 6500 ինքնասպանություն: Այդ թիվն ավելի մեծ է, քան Աֆղանստանում և Իրաքում զոհված ամերիկյան մարտիկների քանակը` պատերազմների սկզբից ի վեր:

Զուգահեռաբար աճում է նաև ընկճախտով (դեպրեսիա), տագնապի զգացողությամբ և հոգեկան հիվանդությամբ տառապողների քանակը (նշել է InoPressΖ-ն): Հենց այդ տկարություններն էլ զինվորներին, մանավանդ մի քանի ժամկետ ծառայածներին, մղում են ինքնասպանության:

Հետազոտությունների նախնական տվյալներով` 17-24 տարեկան տղամարդկանց շրջանում 4 անգամ մեծ է հոգեկան խանգարումների հավանականությունը:

- Սա համաճարակ է, որին բավարար ուշադրություն չի հատկացվում: Մենք կարող էինք շատ ավելին անել,- վիճակագրական տվյալները մեկնաբանել է դեմոկրատ կոնգրեսական և ԱՄՆ-ի վետերանների գործերի կոմիտեի անդամ Բոբ Ֆիլները:

Նա նաև դրական միտումներ է նշել: Օրինակ, Վետերանների դեպարտամենտը զինվորականներին հոգեբանական օգնության «թեժ գիծ» է ստեղծել և միջոցներ է ձեռնարկում` զինվորների հոգեբանությունից արմատախիլ անելու այն կարծրատիպը, որ հոգեբանական օգնությունն ամոթալի է տղամարդու համար:

Ամերիկյան բոլոր զինվորները տարեկան 2 անգամ հոգեբանական թեստավորում են անցնում:

Բոլոր դեպքերում` արձանագրված փաստերը լուրջ ահազանգ են: Եվ ոչ միայն ամերիկացի զինծառայողների համար: Հոգեկան խաթարում կոչվող ախտը տարածուն է դարձել ողջ աշխարհում. նյարդերը դավաճանում են` անկախ տարիքից, ազգային պատկանելությունից ու զբաղմունքից: Եվ բոլոր պետություններում քաղաքացիների հոգեկան առողջությունը պետք է գերակայությունների շարքում դասվի: Ժամանա´կն է: