Մ Ի Ա Յ Ն` ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆՈՎ


Եթե իրականանան երկրի բարձրագույն ղեկավարության խոստումներն ու ծրագրերը, ապա ընթացիկ տարին կարող է բացառիկ բարեփոխումների ժամանակաշրջանի սկիզբ դառնալ: Համենայն դեպս Հանրապետության նախագահի ու վարչապետի` վերջին օրերի հայտարարություններն ամենաուղղակի թիրախներով պատերազմ են հայտարարում երկիրը սոցիալական պայթյունին անասելիորեն մոտեցրած տնտեսական գործընթացներին, ինչպես նաև իրենց անգործությամբ և անբավարար աշխատանքով այդ պայթյունի հասունացմանը նպաստած չինովնիկներին: Ակնհայտորեն անելիքների բավական բարձր նշաձող է ընտրվել, քանզի դժվար չէ վերհիշել, որ նույն խնդիրների շուրջ քննարկումներ և անելիքը կարևորող առաջարկներ միշտ են արվել: Այլ հարց է, որ ժամանակները հարկադրաբար փոխել են նաև առկա խնդիրների հանդեպ վերաբերմունքը: Համենայն դեպս, ՀՀ նախագահն, ուղղակիորեն դիմելով Տիգրան Սարգսյանին, հայտարարում է. «Իմ խնդրանքն է, որպեսզի որևէ բացատրություն չընդունվի ծրագրերի ձախողման կամ անհարկի ձգձգման արդյունքում: Ենթադրվում է, որ նույնիսկ նոր նշանակվելիք կադրերը թերացումների համար շատ արագ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: Այսքանով հանդերձ` կարևորը ոչ այնքան պաշտոնափոխությունները հրապարակային շքերթի վերածելն է, այլ ուղիղ հակառակը. պատրաստված և բանիմաց գործիչների նշանակմամբ նրանց տևական ու ծանրակշիռ աշխատանքի տեսանելիության ապահովումը… Կարելի է կարծել, որ անցած է համարվելու նաև շախմատային «ռակիրովկաների» ժամանակը: Նաև` հուսալ, որ ձախողված պաշտոնյան պարզապես ինչ¬որ դիրք ունենալու համար թեկուզև պակաս պատասխանատու աթոռ չի զբաղեցնելու: Թե չէ այնպես էր ստացվել, որ մի քանի տասնյակ չինովնիկներ նույն փոխատեղումների շրջանակներում մշտապես պաշտոնից պաշտոն էին տեղափոխվում` «երաշխավորելով» ընդամենը իրենց վստահված ոլորտի նույնքան գորշ հեռանկարը: Իսկ ապաշնորհ չինովնիկների երկարամյա անպտուղ գործունեության և ստեղծված իրավիճակի միջև անկարելի է ամենաուղղակի կապ չտեսնել: Ավելին, գլխից հոտել սկսող ձկանն առողջացնելու միակ տարբերակը վիրահատական միջամտությունն է: Արդյունքները կանխատեսելն, իհարկե, մի քիչ վաղ է, մի քիչ էլ դժվար: Այդուհանդերձ, արժե փաստել, որ բարեփոխումների մեկնարկն արդեն մեծ հավանականությամբ շարոււնակական գործընթաց կարելի է համարել: