ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ ԿԱԶԱՏԵՆ


Ակադեմիական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, մոտ օրերս տարեկան ժողովի ժամանակ կլուծվի հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանի պաշտոնանկության հարցը: Նախատեսվում է այդ պաշտոնում ընտրել ակադեմիկոս Յուրի Սուվարյանին: Բաժանմունքում մեծ դժգոհություններ են առաջացել հատկապես վերջին ընտրություններից հետո, երբ մի շարք արժանավոր մարդիկ այդպես էլ չեն դարձել թղթակից-անդամներ: Նրանց մեջ են ակադեմիական ինստիտուտների տնօրեններ Արարատ Աղասյանը և Ավիկ Իսահակյանը: Վլադիմիր Բարխուդարյանի «կրավորական» կեցվածքն անհանգստացրել է շատ գիտնականների: Այս ամենին գումարվել է նաև մի դոկտորական ատենախոսության պաշտպանության ժամանակ արձանագրված կեղծիքի հանդեպ Բարխուդարյանի հովանավորչությունը. արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը չհանդիսանալով մասնագիտական խորհրդի անդամ` մասնակցել էր քվեարկությանը, անգամ ընտրվել ձայներ հաշվող հանձնաժողովի անդամ: Այդ դեպքից հետո ԲՈՀ-ը լուծարել էր գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը, մինչդեռ ակադեմիկոս-քարտուղարը հովանավորել էր օրինախախտին…