ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


ԱԴՐԲԵՋԱՆԻ գլխավոր հոգեբույժ Գ. Գարայլնի ու երկրի իշխանությունների միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել: Այստեղ վերջին տարիներին ու հատկապես երիտասարդության շրջանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Վերջերս այնպիսի սահմռկեցուցիչ վիճակագրություն է հրապարակվել, որ նույնիսկ երկրի ղեկավարները չեն կարողացել անտարբեր մնալ չոր ու ճշմարտացի փաստերի հանդեպ: Այսուհանդերձ, խնդիրն այն է, որ իշխանություններին թվում է, թե ձևավորված թվերի հիմքում սարսափ ֆիլմերն են ընկած: Մինչդեռ երկրի գլխավոր հոգեբույժը նշել է, որ «մարդիկ չեն դիմանում իշխանությունների ստեղծած անտանելի պայմաններին և իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը կյանքից հեռանալու մեջ են տեսնում»: Գ. Գարայլը նաև ավելացրել է, որ այս մասին լավ գիտի ալիևյան վարչախումբը, սակայն գիտակցելով, որ ինքնասպանությունների շեշտակի աճի իրական պատճառների բացահայտումն առաջին հերթին իրենց է հարվածելու, մեղքը փորձում է հեռուստաալիքների վրա գցել: ԲԱՔՎԻ քարոզչամեքենան վերջնականապես անկանխատեսելի է դարձել: Ադրբեջանցիներն այնքան են ապատեղեկատվություն տարածել, որ վերջին շրջանում նրանք ավելի հաճախ են սկսել կորցնել նույնիսկ ժամանակի զգացողությունը: Նախօրեին հղում անելով պաշտոնական աղբյուրներին` կայքերից մեկն անցյալ ժամանակով է գրել հաջորդ օրը տեղի ունենալիքի մասին: Կայքը մարտի 15¬ին գրել է, թե մարտի 16¬ի երեկոյան ժամը 21¬ին Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Ղազախի շրջանի գյուղերից մեկին հարակից բարձունքում, կրակ են արձակել խաղաղ բնակիչների ավտոմեքենաների վրա: Այնուհետև լրագրողը կամ նրա «Հավաստի» աղբյուրը, զարգացնելով երևակայությունը, ամփոփել է, թե. «միջադեպի արդյունքում ճանապարհահատվածի վրա առաջացել է հրդեհ, որը ներկա պահին շարունակվում է»: Իսկ տեղեկատվությունն ամփոփվել է ուրախ նոտայով և նշվել, որ տուժածներ չկան: Հիրավի, մեկնաբանելու այլևս ոչինչ չկա: