«ԹԱՏՐՈՆԸ ԿԱ ԵՎ ԱՊՐՈՒՄ Է, ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԹԱՏՐՈՆ ՀԱՃԱԽԵԼ»


Ազգային դերասանական դպրոցի այսօրվա երևելիներից է ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ: Խոշոր դերասանական անհատականություն, ում գիտեն ու ճանաչում են բեմից, հեռուստաէկրանից, ֆիլմերից... - Սիրելի Արմեն, դու այսօր Սունդուկյանի անվան թատրոնի ավագներից ես, բախտավոր դերասան, ով աշակերտել է Վարդան Աճեմյանին, Մհեր Մկրտչյանին, Խորեն Աբրահամյանին… Փաստորեն, նրանց հետնորդն ես ու նրանց մասին հիշողություններ պահած մարդ: Կուզենայի, որ մեր զրույցը սկսենք հենց մեծերի մասին հիշողություններից: - Ճիշտ նկատեցիր. ես բախտավոր արվեստագետ եմ այն առումով, որ շփվել եմ մեծերի հետ, նրանցից դասեր առել ու նրանց հետ բեմ բարձրացել: Ուսանել եմ Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիայում, որն այն տարիներին համազոր էր ինստիտուտի: Կուրսի ղեկավարը Վարդան Աճեմյանն էր, դերասանի վարպետության դասախոսը` Մհեր Մկրտչյանը: Շատերին թվում է, թե Մհեր Մկրտչյանը հեռու էր մանկավարժությունից, ուսուցիչ լինելու մղումներից: Այդպես չէր. նա սովորեցնում էր` երբեք չշեշտելով, թե սովորեցնում է: Նա մեզ հետ խաղում էր, մեզ հետ վարժանքներ և էտյուդներ անում, իսկ երբ բեմադրեց մեր դիպլոմային աշխատանքը` «Հատակումը», բոլորիս հետ հավասար խաղաց բոլոր դերերը` մանկավարժության մեջ նոր սկզբունքներ հաստատելով: Վարդան Աճեմյանն էլ առանձնակի սեր չուներ դասախոսություններ կարդալու, երկար-բարակ զրույցներ վարելու: Նրա համար բեմադրությունն ու դասը հավասար էին: Մհեր Մկրտչյանն ու Խորեն Աբրահամյանը Աճեմյանի աշակերտներն էին, բայց մի տեսակ ուրիշ էին նրանց հարաբերությունները: Դրանք պրոֆեսիոնալների, համախոհների հարաբերություններ էին: Նրանք բոլորն էլ սկզբունքային մարդիկ էին, արվեստում` ազնիվ ու անզիջում: - Երբեմն այն տեսակետն են շրջանառում, որ դու քո արվեստով փորձում ես նմանվել Մկրտչյանին և Աբրահամյանին: Ճի՞շտ են այդ դիտարկումները: - Ճիշտ չեն, որովհետև ոչ ոք չի կարող նրանց նմանվել: Նրանք հզոր անհատականություններ էին, եզակի: Լավագույն դեպքում` կարելի է պատճենել նրանց, կրկնանմանակել, բայց դա արդեն արվեստ չէ: Արվեստում կրկնանմանակումն ու նմանեցումը լավ բան չէ: Ես սովորել եմ նրանցից, աշակերտել եմ նրանց: Եվ, բնականաբար, կան ազդեցություններ, կան ոճական ընդհանրություններ: Ես ուզում եմ վերակենդանացնել նրանց արվեստի առանձնահատկությունները` բնականաբար, իմ արտահայտ չամիջոցներով, իմ ընկալումներով: Ես երբեք չեմ մտածել, թե այս կամ այն դերը, որը ես խաղում եմ` ինչպես կխաղային Մկրտչյանն ու Աբրահամյանը: Ես փորձում եմ պատկերացնել, թե ինչ կոնցեպցիայով կներկայացնեին նրանք կերպարի մասին իրենց պատկերացումները: Ինձ համար արվեստում կարևորը կոնցեպցիան է: - Ուրեմն, կարելի՞ է ասել, որ քո բոլոր դերակատարումներում ձգտում ես առաջնային դարձնել ասելիքը, այսպես ասած` կոնցեպտուալ վճիռը: -Իհարկե: Ես խաղում ոմ Վանահայր, Էլիզբարյան, Ազդակ, Գոյա… Դրանք դրամատուրգիայի բարդագույն դերերն են: Փառք Աստծո, տեսել եմ մեծերից մի քանիսին այդ դերերում, բայց ինձ համար այդ կերպարներում կարևորը ասելիքի, գաղափարական կենտրոնացման խնդիրն է: Այ, ես շատ եմ հավանում բեմադրիչ Տիգրան Գասպարյանին: Եվ գիտե՞ս ինչու. մարդն ասելիք ունի, տեսլական ունի, կոնցեպցիա ունի: Դա է ինձ համար տաղանդի արժեքը: Միասին ստեղծել ենք «Կովկասյան կավճե շրջանն» ու «Գոյան»: Մերոնք հիացած էին Ռամազ Չխիկվաձեի խաղով, հատկապես շեշտում էին, որ նա հրաշալի էր երգում: Ես էլ եմ նայել: Բայց ուզում եմ հարցնել, թե ինչու՞ էր երգում: Ի՞նչ կարևոր դեր ուներ երգը: Բացատրություն չկա: Բացատրություն չկա նաև այն բանին, թե բեմադրիչ Սթուրուան ինչու՞ էր բեմ բերել կարմիր ձին: Իհարկե, ես գիտեմ. պիեսում գրված է, որ կարմիր ձի է բերվում: Եվ նա բերել էր: Այսինքն, բեմադրել էր հեղինակային ռեմարկը: Բայց ահա Տիգրան Գասպարյանն առաջադրեց ողբերգական կոնցեպցիան, ստեղծեց բեմադրություն երկու լքված մարդու մասին, արդարացրեց ամեն ինչ: Այդպես էլ Գոյայի մասին ներկայացումը ստեղծելիս: Նա մի կերպարում միավորեց Գոյային և Բեթհովենին, գտավ զարմանալի բեմական-բեմանկարչական լուծում: Ժլատ, զուսպ միջոցներով հասավ բարձրակետի: - Գիտեմ, որ միտքդ դադար չի առնում, մտածում ես Լիր արքայի և Զիմզիմովի մասին: - Ճիշտ ես: Ես մտածում եմ այդ կերպարների մասին: Եվ պիտի խաղամ: Ունեմ արդեն իմ մեկնաբանությունը, կերպարներին տրվելիք իմ բնութագրերը: Զարմանալիորեն հայտնաբերեցի, որ ողբերգության մի կետից սկսած` Լիրն ու Խեղկատակը նույնանում են, Լիրը դառնում է խեղկատակ… Սա պիտի շեշտեմ և ընդգծեմ: Զիմզիմովի մասին էլ լրջորեն եմ մտածում: Ինձ համար դա մարդկային այլ տեսակ է, այլ են նրա ու Պեպոյի միջև ձևավորված կոնֆլիկտի պատճառներն ու բացատրությունները: - Այսօր դու չափազանց շատ ես նկարահանվում սերիալներում: Կարելի է ասել, որ ստեղծել ես սերիալային մի հարուստ պատկերաշարք: Ոմանք դեմ են սերիալներին, քննադատում են… - Ես էլ եմ քննադատում: Բայց` վատ սերիալները, վատ սցենարները: Ինչ խոսք, սերիալում նկարահանվելով` շատերս սոցիալական հարցեր ենք լուծում: Դե, ընտանիք ենք պահում, հազար խնդիրներ ունենք: Սակայն երբեք չեմ նկարահանվում հենց այնպես, միայն հոնորար ստանալու համար: Ամեն մի կերպար ինձ համար ստեղծագոր ծություն է: Ես սերիալներում խաղում եմ գրեթե միշտ այսպես կոչված «բացասական» հերոսների: Նրանց պատկերելը հեշտ չէ: Պետք է ընտրել համապատասխան արտահայտչամիջոցները, բնութագրերը, կերպարային գծերը: Հենց այդտեղ է դերասանական արվեստի գաղտնիքը: Թե չէ ոմանց թվում է` թիկնապահի կամ նման մեկ այլ դեր խաղալով` արդեն դերասան են: Սերիալում էլ կարելի է մեծ արվեստ ստեղծել: Պետք չէ մարտականորեն տրամադրվել դրանց հանդեպ, սակայն չպետք է մոռանալ նաև թատրոն տանող ճանապարհը: Այսօր ոմանք հայտարարություններ են անում, թե Սունդուկյանի անվան թատրոնն այլևս գոյություն չունի, թե չկան հետաքրքիր ներկայացումներ: Սուտ է, թատրոնն իր վերելքն է ապրում հատկապես «Գոյա» ներկայացմամբ: Վերջերս մեծ թվով մտավորականներ էին դիտում ներկայացումը: Ուղղակի զարմացել էին: Նրանք չէին պատկերացնում, որ Սունդուկյանի անվան թատրոնում նման ներկայացում կարող է լինել: Թատրոնը կա և ապրում է: Պարզապես պետք է թատրոն հաճախել: Մեր դպրոցները մեծ պարտականություններ ունեն այս առումով, առաջին հերթին մանկավարժները պետք է գան թատրոն, հետո իրենց սաներին բերեն: - Այսօր Սունդուկյանի անվան թատրոնի շուրջ բազմաթիվ խմորումներ կան, դեռ չի լուծված գլխավոր բեմադրիչի հարցը: Արդյո՞ք այսպես թատրոնը չի վհատվում, ջլատվում: - Ստեղծված իրավիճակին ես նորմալ եմ վերաբերում: Կարելի է նաև մի որոշ շրջան այսպես աշխատել, այսպես գնալ դեպի որոնումները: Իհարկե, գլխավոր բեմադրիչ պետք է, որպեսզի համակարգի աշխատանքները: Ես մեր թեկնածուին առաջադրել եմ… Մենք պատրաստվում ենք թատրոնի 90-ամյակին: Կբեմադրվի «Պեպոն», կվերականգնենք աճեմյանական հռչակավոր «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Ամեն անգամ, երբ լսում եմ Բաբաջանյանի երաժշտությունը` փշաքաղվում եմ: Ուզում եմ Կոսակ խաղալ: Կուզենամ, որ Կարեն Ջանիբեկյանը Մեք Գրեգոր խաղա ու իր դերասանական կենսագրությունը մի հրաշալի դերով հարստացնի… - Ավարտենք մեր զրույցը: Ի՞նչ կմաղթեիր մեր թերթի ընթերցողներին: - «Ավանգարդը» լավ թերթ է, ու հատկապես ջահելներն այս թերթի հետ պետք է լինեն, պետք է ընտրեն այս թերթն ու նրա հետ կիսվեն: Համոզված եմ, «Ավանգարդի» կարիքը կա: Մեր երիտասարդությունն այսօր համացանցից դուրս չի գալիս, բայց թերթի հմայքն այլ է:

Զրուցեց Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԸ