Սարյանական հանճարը` նաև ընտանիքում


Մարտիրոս Սարյանի թոռնուհին` Ռուզան Սարյանը, մասնագիտությամբ բանասեր լինելով, երկար տարիներ աշխատել է Արվեստի ինստիտուտում. ինչպես ինքն է ասում. - Աշխատանքի բերումով ավելի շատ արվեստաբան եմ, քան` բանասեր: Արդեն յոթերորդ տարին է, ինչ Ռ. Սարյանը տնօրինում է հանճարեղ գեղանկարչի տուն¬թանգարանը: Պապի ու ընտանիքի մասին նրա հուշերը ոչ միայն հաճելի, այլև օգտակար կլինեն նաև ընթերցողին: - Ինչպիսի՞ պապ էր աշխարհահռչակ Մարտիրոս Սարյանը: - Նա տիրապետում էր նաև պապ լինելու արվեստին. կրկին տաղանդ, որը ոչ բոլորին է տրված: Շատ ծնողներ կան, որ երեխաներին ասում են` մի´ խանգարիր, քո խաղալիքներո´վ գնա զբաղվիր: Դա սխալ է ու վատ հետևանքներ է թողնում փոքրիկների հոգեբանության վրա: Սարյանն իմ ավագ սերնդի ճանաչածս միակ հարազատն էր, ով երբեք չի ասել` զբաղված է կամ իրեն խանգարում եմ: Ինձ համար ժամանակ միշտ գտնում էր: Նրա կողքին ամեն ինչից մի տեսակ պատսպարված էի զգում. առանձնահատուկ զգացում էր: Կարծես արդար էությունն էր նաև հզորացնում իրեն, ու նրա կողքին մարդն իրեն առավել ապահով էր զգում: Հիշում եմ` պապիկը երբ չկար` հաճախ նրան տեսնում էի երազում ու պատմում, որ ինձ նեղացրել են, անարդար են վարվել: Լուռ լսում էր, երբեք չէր պատասխանում, բայց առավոտյան արթնանում էի թեթևացած, սփոփված, մխիթարված: - Սարյանից ի՞նչ առանձնահատուկ դաս վերցրեցիք: - Ասեմ, որ նա բոլորովին աննկատ էր սովորեցնում: Այնպիսի մեծություն էր, որ որպես մարդ էլ անհնար էր նրան նմանվել, հասնել: Որքան էլ մեծ լինի դրա ձգտումը, միևնույն է` անիրականանալի է: Կարծում եմ` նրանից սովորեցի հատուկ վերաբերմունք բնության հանդեպ. եթե չեմ հասցրել օրինակ ծաղիկը ջրել, ինձ մեղավոր եմ զգում: Սարյանից նաև պատասխանատվության մեծ զգացում եմ ժառանգել` ինչպես բնության, այնպես էլ թոռներիս հանդեպ: Հինգ թոռ ունեմ, և նրանց հետ շփվելիս` հիշում եմ պապիկիս և տատիկիս: Տատիկս էլ մի զարմանալի անձնավորություն էր` Ղազարոս Աղայանի դուստր Լուսիկ Աղայանը: Նա չուներ այն համբերատարությունը, որն ուներ պապիկը: Տատս բռնկուն էր, կարող էր բարկանալ, պոռթկալ: Նույնիսկ նամակների մեջ Սարյանը Փարիզից կնոջը գրում էր. «Երեխաների վրա մի´ բարկանա, մի´ ջղայնանա, համբերատար եղիր»: Նրանք տարբեր էին, բայց Լուսիկ Աղայանն էլ մեծ ավանդ ունեցավ իմ դաստիարակության գործում: Հատկապես հայ գրականության հանդեպ անսահման մեծ սեր ունենալու համար տատիս եմ պարտական, և այն, որ օտար լեզուներ գիտեմ` ֆրանսերեն, անգլերեն, նրա շնորհիվ է: - Սարյան ընտանիքի համար ո՞րն էր հաճելի ժամանց ասվածը: - Վերջերս մեր այգում հավաքել էին չորացած ճյուղերը, տերևները և այրում էին: Խարույկի այդ ծխի հոտը հիշեցրեց մանկությունս, երբ ամբողջ ընտանիքով` մեծից փոքր, այգին կարգի էինք բերում` գարունը պիտի բացվեր, պիտի նորանար մեր այգին: Շատ էի սիրում, երբ երեկոյան նստում էինք թեյի սեղանի շուրջ, տատիկս ինքնաեռով թեյ էր լցնում: Ես դեռ փոքր էի, որ լիովին ընկալեի մեծերի խոսակցությունը, բայց այդ տաքուկ մթնոլորտով թաթախված էի, զգում էի հաճելի մի ջերմություն: Հետո հիշում եմ, թե ինչպես հայրիկիս` Ղազարոս Սարյանի հետ ամեն արձակուրդի կամ ազատ օր գնում էինք Դիլիջանի անտառները: Ինչպես այնտեղ էի զգում մարդ արարածի և բնության ներդաշնակությունը` ոչ մի տեղ չեմ զգացել այլևս… - Սարյանը հեքիաթներ պատմո՞ւմ էր: - Հեքիաթների «մասնագետը» տատիկն էր: Պապիկը հեքիաթ չէր պատմում, բայց նրա ներկայությունից շրջապատող աշխարհն էիր ընկալում որպես հեքիաթ: Նրա մեկնաբանություններով բնությունն այլ կերպ էր ներկայանում` ծառը, թուփը, տերևի գույնը: Օրինակ` բալենին հասունանում է, ու այն մասը, որը արևկող է, պտուղները կարմրած են, իսկ մյուս մասը` դեռ կանաչ: Պապիկն այսպես էր նկարագրում. «Բալերն արդեն հանդիպել են արևին, ամոթից շիկնել և կարմրել են, իսկ մյուսները, որ կանաչ են, առայժմ չեն հանդիպել»: Մի անգամ էլ գիշերային թիթեռնիկ էինք ուսումնասիրում. «Տե´ս, ինչպիսի կտրվածքի են թևիկները. վերևինը կարծես թավշից է, նայիր այս բծերը, գույների համադրությունը, ներքևիններն էլ կարծես մետաքսից լինեն»: Բնությունը նրա միջոցով հեքիաթի էր վերածվում` անվերջանալի հեքիաթի: Տատիկն ինձ համար բացեց Աղայանի, Թումանյանի հեքիաթների աշխարհը: Երբ արդեն դպրոցահասակ էի, մի անգամ «Պեպո»-ն կարդաց (նա ապրել էր Թիֆլիսում ու գիտեր բարբառը) այնպես, որ ոչ մի թատրոնում այդպես դեռ չեմ զգացել ու ընկալել: Իսկ հեքիաթներ հորինողը հայրս էր` անվանի կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը: Հիշում եմ` կարմրուկով էի հիվանդացել` շատ ծանր էի տանում, հայրիկս ընթերցում էր Կառլսոնի մասին: Հետո գիրքը վերջացավ, ես դեռ չէի ապաքինվել, բայց նա շարունակում էր կարդալ: Երբ արդեն իմ երեխաներին էի պատմում այն, հասկացա, որ նա հորինել էր. պատմությունների կեսը չկային պարզապես: Ռուզան Սարյանն անսահման ջերմությամբ ու քնքշությամբ էր պատմում ստեղծագործ և հոգատար այն ընտանիքի մասին, որը հանճարեղ իմաստնությամբ էր կառուցվել պապի կողմից: Մարտիրոս Սարյանը ոչ միայն գեղանկարչության, այլև օրինակելի հայր ու պապիկ լինելու նրբություններին էր գերազանց տիրապետում: Նա սերունդ դաստիարակելու գործում, ինչպես և արվեստում, տիեզերական բարձունքում էր:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ