«ՏԵՐԸ»` «ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ» ԹԱՏՐՈՆՈՒՄ


Հրանտ Մաթևոսյանի «Տերը» կինովիպակը ժամանակին նկարահանվեց` ստեղծելով հայ կինոյի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը: Բագրատ Հովհաննիսյանի ֆիլմն առանձնացավ հատկապես Խորեն Աբրահամյանի դերակատարմամբ, ուր նշանավոր արտիստը ստեղծեց հողի ու բնության ճշմարիտ տիրոջ կերպարը: Նա մեծ ցանկություն ուներ Ռոստոմ Սարգսյան-Մամիկոնյանի կերպարը նաև թատրոնի բեմ բերել, հարստացնել մաթևոսյանական երկերի բեմական պատմությունը: Ղեկավարելով Գյումրիի թատրոնը` Խորեն Աբրահամյանը սկսեց բեմադրական աշխատանքները, անգամ ազդագիրը պատրաստվեց, սակայն 1988-ի երկրաշարժը խառնեց բոլոր հաշիվները… Ու ահա տասնամյակներ անց` Խորեն Աբրահամյանի երազանքն իրականություն է դարձրել Արմեն Էլբակյանը` իր ղեկավարած «Էդգար Էլբակյան» թատրոնում բեմադրելով մեծ գրողի բարդագույն երկերից մեկը, որում զարմանալի բանահյուսական հիմք ու զգացողություն կա: Առաջնորդվելով «փոքր թատրոնի» գեղագիտական առանձնատիպություններով, Արմեն Էլբակյանը գրական երկը համապատասխանեցրել է բեմի արտահայտչականությանն ու հնարավորություններին, ստեղծել կամերային ներկայացում, ուր ամեն ինչ կենտրոնացված է հոգեբանական ընդգծումների և բացատրությունների վրա: Էպիկական-զանգվածային երկը վերածվել է նուրբ հոգեբանական շեշտավորումներին հենվող պատմության, ուր ամեն ինչ ենթարկվում է մաթևոսյանական արձակի առանձնահատկությանը, նրանում առկա ենթաշերտերին, զարմանալի -առինքնող ասպետականությանը: Արմեն Էլբակյանը կինովիպակից ընտրել է այն դրվագները, որոնք բացահայտում-պարզում են Ռոստոմի էությունը, նրա անհաշտ կռիվը բոլոր նրանց դեմ, ովքեր իրենց սպառողական հոգեբանությամբ ավերում են աշխարհի ներդաշնակությունը, ավերում են մարդկային բարոյականության մասին ձևավորված պատկերացումները: Այս բեմական պատումում Ծմակուտը վերածվել է աշխարհի յուրատեսակ մանրակերտի, որում բնակվող մարդիկ ոչ թե սոսկ բնավորություններ են, այլ` տեսակներ, հոգեբանական ամբողջություններ: Նրանք ձևավորում են կոնֆլիկտը` այսպես առավել ընդգծելով-շեշտելով Ռոստոմի բացառիկությունը: Այն Ռոստոմի, որն իր երակներում ազնվականական ինչ-որ գրգիռներ է կրում, ինքն իր մասին խոսում մենք-ով… Բեմադրելով «Տերը», Արմեն Էլբակյանը նաև դարձել է Ռոստոմի դերակատարը` իր ստեղծագործական կենսագրությունը հարստացնելով մի հզոր կատարմամբ, որը նրա դերասանական հարուստ արտահայտչամիջոցների վկայությունն ու հաստատումն է: Ռոստոմի կնոջ դերը խաղում է Աննա Էլբակյանը` իր հավատարմությունն արտահայտելով նուրբ զգացականությանը, մեղմ ու հոգևին շեշտերին, խաղային էքսպրեսիային: Բեմադրության առաջնախաղին ներկա էին Հրանտ Մաթևոսյանի այրին` Վերժինե Մաթևոսյանը, որդին` կինոբեմադրիչ Դավիթ Մաթևոսյանը, մաթևոսյանագետ Ֆելիքս Մելոյանը, ուրիշներ: «Նման բեմադրությունը պետք է փոխադրել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմ, որպեսզի բեմադրիչի արած հսկայական աշխատանքն իր ճշմարիտ հնչողությունն ունենա»,- ասաց գրողի այրին:

Լ. ՄՈՒԹԱՖՅԱՆ