ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ


Մեր օրերում դեռևս խորհրդային ժամանակներից մի հետաքրքիր կարծրատիպ է պահպանվել. ցանկացած պաշտոնական տվյալի հանդեպ հանրությունը թերահավատ է, քանի որ հավատացած է, թե սովորաբար վիճակագրությունը իրականությունը «սեղմված» է ներկայացնում: Հին ու բարի ժամանակներում, երբ պետական քարոզչամեքենան, ասենք, մեկ կովին այնքան կաթ էր «վերագրում», որ հազիվ կարող էր մի ամբողջ ֆերմայից ստացվել. սկսած կթվորուհուց, վերջացրած խորհրդային պետության ղեկավարներով` հավատացած էին, որ այսչափ շռայլ թվերով երկրի անշեղ առաջընթացն է արձանագրվում կամ, որ ավելի տարօրինակ է, վիճակագրությունը նպաստում է պետության առաջադիմությանը: Այստեղ, բնականաբար, անկարևոր ու երկրորդական էր, որ կենդանին ամենամեծ ցանկության դեպքում անգամ այդքան կաթ չէր կարող տալ:… Խորհրդային ժամանակների այս և համանման մյուս կարծրատիպերը պահպանվել են նաև այսօր: Եվ եթե մեր ղեկավարները հանկարծ սկսեն պնդել, թե վաղվանից, մյուս ամսից կամ ասենք տարեսկզբից կյանքը հայոց աշխարհում մի հինգ անգամ բարելավվելու է` հանրության հաշվարկը հաստատ ոչ ավել, քան երկու-երեք անգամի շրջակայքում «կպտտվի»: Հին ու խրթին այս մոտեցումը հիմա այլևս դժվար է ասել, թե երբ և ինչպես կհարթվի, բայց նույնքան դժվար է պատկերացնելը, որ դրա նախաձեռնողը հատկապես ոստիկանությունը պետք է դառնա: Այնուամենայնիվ, այս կառույցը որքան դժվարանում է հանցագործությունների դեմ պայքարել, այնքան իրատես ու անկեղծ է դառնում: Սրանով հանդերձ` հանրությունն իրավիճակը ոլորտի պատասխանատուների մռայլ նկարագրումների արդյունքում չէ, որ պետք է պատկերացնի: Մեր ժամանակներում Հայաստանի ցանկացած քաղաքացի կամա թե ակամա այս ամենի ականատեսը, երբեմն էլ, ցավոք, մասնակիցն ու տուժողն է դառնում: Եվ խնդիրը ոչ թե սահմռկեցուցիչ վիճակագրությամբ ժողովրդին ահաբեկելը կամ զգոն պահելն է, այլ ավելի շատ անհրաժեշտ գործառույթները լայնամասշտաբ ծավալներով իրականացնելը: Այլապես, Ներսես Նազարյանը լինի, թե մեկ այլ ոք, միշտ էլ կարելի է ինչ-ինչ կիսաօբյեկտիվ գործոններ մատնանշելով պաշտպանվել: Հետևաբար, համաշխարհային տնտեսական ճգնաժամը ու դրա արդյունքում սրված սոցիալական լարվածությունը, հանցագործությունների աճը երբեք ու ոչ մի պարագայում չեն կարող համակարգի դեմքը փրկել: Եթե երկրում (աշխարհում նույնպես) իրավիճակ է փոխվել, ուրեմն ոլորտի անելիքներն էլ համապատասխանաբար պետք է ընդլայնվեն: Մինչդեռ, եթե այսօր ոստիկանութ յան նախաձեռնողականությունը կասկածի տակ առնենք, հավանաբար սխալված չենք լինի: - Որևէ մտահոգիչ բան` կապված հանցագործությունների աճի հետ, ես չեմ տեսնում: Անհանգստանալու խնդիր չկա,- հայտարարում է Ներսես Նազարյանը: Այն, որ հանցագործությունների աճը հատկապես ծանր հանցատեսակների գծով չի արձանագրվում` նա մխիթարական է համարում: Մինչդեռ գոնե համակարգի աշխատակիցները լավ պետք է հասկանան, որ մարդկանց սեփականության դեմ ուղղված ոտնձգությունների կտրուկ աճը, հաջորդող քաշքշուկը, ծածկադմփոցն ու անպատժելիությունը ոչ պակաս, քան ծանր հանցագործության «էֆեկտ» կարող են ունենալ` տուժած քաղաքացիներին ընդհուպ մինչև մահվան դուռը հասցնելով: Կամ թե կաշառակերությունը ի՞նչ ծավալներ է ստացել, որ բուհական համակարգի հանդեպ ավանդական ակնածանքն այնպիսի չարության վերափոխվեց, որ ոմանք ճարահատյալ կաշառակեր դասախոսների լուսանկարներով հեղեղեցին մայրաքաղաքը: Միգուցե այստեղ շանտաժի տարրեր իսկապե՞ս կան: Միգուցե վարկաբեկված դասախոսների մի մասն իսկապե՞ս անմեղ է: Միգուցե կաշառակեր դասախոսների մի մասն էլ ընդհանրապե՞ս վրիպել են նախաձեռնության հեղինակների ուշադրությունից... Այսուհանդերձ, եթե ոստիկանությունը չի էլ նկատում, որ մայրաքաղաքի կենտրոնական մասերում լուսանկարներ են փակցվում, ուրեմն, իսկական հանցագործներն ու հանցագործություններն էլ կարող են չնկատել կամ չնկատելու տալ: Դե, ոստիկանությունը կոնկրետ փաստերի է սպասում` ամենևին էլ չփորձելով ընդունել, որ շատ որոշակի փաստերի առկայությձան պարագայում միգուցե գործն իսկի իրենց էլ չհասներ: Իսկ եթե անգամ հասներ էլ, դժվար էր դառնալու կողմնորոշվելը` դա վիճակագրությունը հարստացնելո՞ւ, թե՞ հանցագործությունը բացահատելու նպատակն էր ունենալու: