Նախաքարոզչություն` վարկածներով


Այսօր անգամ միամիտներին հնարավոր չի լինի համոզել, թե առաջիկայում սպասվող Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը չի սկսվել: Եվ իրոք, թեկուզ անուղղակիորեն, բայց մայիսի 31-ին «գլադիատորական» մարտերի պատրաստվող որոշ կուսակցությունների ակտիվությունն արդեն սկսել է գործնականում դրսևորվել: Առայժմ կարելի է մի կողմ թողնել կուսակցություններն ու պնդումները, թե այս ու այն քաղաքական ուժը նախընտրական «սեզոններին» կլորիկ գումարներ աշխատող ակտիվիստների հավաքագրումն է սկսել: Աշխատանքի ծավալների ու վարձատրության շուրջ սակարկումներ են ընթանում, սփռվելիք ընտրակաշառքների չափերն են ճշտվում և այլն: Խոսքն այս դեպքում ավելի ընդհանրական տեխնոլոգիաների գործարկման մասին է, որոնց հետևանքները սովորաբար մի փոքր ավելի ուշ են իրենց ներգործությունը բացահայտում: Դիցուք, նախորդ շաբաթ, այսինքն դրամադոլարային աղետից որոշ ժամանակ հետո, ինչպես ժողովուրդն է ասում` «պատի տակի» խոսակցությունների մակարդակով, իսկ ավելի շատ առանձին լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, թե վարչապետն ու էլի մի քանի նախարարներ ուր որ է հրաժարական են ներկայացնելու: Կարելի էր կարծել, թե համապատասխան տեքստերն արդեն պատրաստ են, և միայն հրաժարականները վավերացնող ստորագրությունն է պակասում: «Սև երեքշաբթիին» հաջորդած խառնաշփոթն այդ պահին իհարկե մարդկանց հնարավորություն չտվեց ճշգրտորեն ըմբռնելու, որ եթե մարտի 3-ը կառավարության հրաժարականի պատճառ կարող էր դառնալ, ապա այն ոչ թե մեկ շաբաթ անց տեղի կունենար, այլ գոնե մարտի 4-ին կամ ամենաուշը` 5-ին… Առաջին հայացքից հին ու փորձված հնարքն, անշուշտ, քաղաքապետի ընտրությունների հետ առնչություն չունի: Սակայն պնդումներից այն կողմ չանցած այս տեղեկատվությունը միգուցե իրականում հնարավոր եղավ իր նախնական նպատակին ծառայեցնել: Վարչապետն ու նախարարները հրաժարական չտվեցին (ու չէին էլ տալու), բայց ամրապնդվեց մարտի 1-ի հանրահավաքում հնչած տեսակետը, թե մենք` արմատականներս սպասենք, իսկ իշխանությունը ոչ հեռու ապագայում ինքն իրեն կկազմաքանդվի: Ավելի շահեկան գործոն, որը կարող էր նպաստել Հայ Ազգային Կոնգրեսի չհայտարարված քարոզարշավին, գոնե այս պահին դժվար էր երևան բերել: Այս ճամբարից, այսպիսով, ասել կուզեին, որ եթե քաղաքապետի պաշտոնը, ինչը կոպիտ հաշվարկով նույնն է, թե իշխանության կեսը, ՀԱԿ-ը նվաճի, ապա մյուս կեսին տիրանալը տվյալ պարագայում արդեն «տեխնիկայի» հարց կդառնա: Այս տեսակետն ավելի հիմնավոր է դառնում, երբ վերհիշում ենք, թե ինչ ասաց ՀԱԿ առաջնորդը նշված հանրահավաքում. իշխանության վերջը մոտ է, բայց դրանով հանդերձ ազգային փրկություն կառավարության կազմում Կոնգրեսն իրեն էլ է տեսնում և պատրաստ է համագործակցել գործող իշխանության հետ: Հիրավի, ներգործուն քարոզչական հնարք էր, ինչը, հարկ է ընդունել` ինչ-որ չափով կարող է նաև իր նպատակին ծառայել: Համենայն դեպս, դրա կիրառման կարճաժամկետ ներգործությունը հաստատ ապահովված է: Թե չէ` մինչև հիմա ՏԻՄ ընտրություններում ամենատարածված քարոզչաձևն ասֆալտն էր: Այն էլ այնքան անորակ, որ թաղապետացուների խոստումների նման ընտրությունների ավարտվելուց շատ չանցած փոշիանում էր: Իսկ մինչ այդ դիտարկենք նաև չհայտարարված քարոզարշավի մեկ այլ հետաքրքրական դրվագ ևս: Այսպես, ճիշտ այն պահից, երբ հայտնի դարձավ կոալիցիոն կուսակցությունների` ընտրություններին առանձին մասնակցելու որոշման մասին, դարձյալ հնչեց կոալիցիայի պառակտման մասին ծանոթ «ձայնապնակը»: Ընդ որում, այս և վերևում հիշատակված պնդումները լավագույնս փոխլրացնում են իրար: Եվ թեկուզ միայն քարոզչական հարթության վրա մարդիկ ասել կուզեն, թե գործերը վատ են ոչ միայն գործադիրում, այլ նաև օրենսդիրում: Այս դեպքում կարևորը տեղեկատվության բամբասախառն հետևանքներն են… Այդուհանդերձ, բացառիկ ունակություններ պետք չեն` ընդամենը երկու-երեք տարի հետ նայելու, որպեսզի փաստենք, որ նույն կոալիցիոն քառյակի համագործակցության հեռանկարներն այն ժամանակ էլ հավանական էր համարվում, սակայն ԱԺ ընտրություններին նրանք միասնաբար չմասնակցեցին: Կոալիցիոն քառյակից երեք թեկնածու էր առաջադրվել նաև մեկ տարի առաջ` Նախագահի ընտրություններում: Արժե ավելացնել նաև, որ այս ամենի համեմատ` քաղաքապետի ընտրություններն, ինչպես ասում են, «խաղ ու պար» են: Ավելին, ստացվում է, որ ոչ միայն կոալիցիան տարբեր ընտրություններից առաջ չի «անջատվում» իշխանությունից, այլ հենց ինքը ուղղակիորեն իշխանությունն է: Եվ այստեղ անզոր են պատկերացումներն ու քարոզչությունը, թե առաջիկա ընտրություններից առաջ կոալիցիան պառակտվելու է կամ կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: Հ. Գ. Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ ՀԱԿ-ի ցուցակը Լ. Տեր-Պետրոսյանն է գլխավորելու: Որևէ մեկն, իհարկե, չի կասկածում, որ առաջին Նախագահի համար քաղաքապետ դառնալը երազանք չէ, նրա այդ որոշումը վկայում է ոչ այնքան ՀԱԿ-ի մրցակցության պատրաստակամության, այլ ավելի շատ անավարտ քաղաքական պայքարին նոր շունչ հաղորդելու առիթն օգտագործելու փորձի մասին: