Ազգային արժեքների առաջնահերթում


Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի մշտական հանձնաժողովի օրախնդիր մտահոգությունների շարքում են ոլորտային այն հիմնախնդիրները, որոնց շուտափույթ լուծմամբ միայն կարելի է վերականգնել ազգային նկարագիրը: Եվ հանձնաժողովի բազմաթիվ առաջարկների, նախաձեռնությունների շուրջ ծավալվող տարակարծություններն ու քննարկումները հենց փաստում են դրանց հրատապությունը: Օրենսդրական մի քանի առաջարկութ յունների շուրջ է մեր զրույցը մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն ԱՇՈՏՅԱՆԻ հետ: - Մեր հանձնաժողովը մշտապես եղել է Ազգային ժողովի ամենածանրաբեռնվածներից մեկը` օրենսդրական նախաձեռնություններով ու քննարկումներով աչքի ընկնելով ոչ միայն իրեն վերապահված, այլ նաև հարակից ոլորտներում: Իրականում հանձնաժողովի հետաքրքրությունների տիրույթում (ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի) ոչ միայն այն 5 ոլորտներն են, որոնք թվարկված են նրա անվանման մեջ, այլև ներառում են ռադիոն, հեռուստաընկերությունները, մամուլը, սփյուռքը և գրահրատարակչությունը: Մենք կես-կատակ մեր հանձնաժողովը կոչում ենք հումանիտար և ցածր բյուջետային հարցերի հանձնաժողով, քանզի համակարգի օրենսդրական քննարկումների պատասխանատուն այս օղակն է: Մեր կողմից մատնանշված մի շարք օրենսդրական փաթեթներ և խնդիրներ, իսկապես լայն քննարկումների առարկա են դարձել. մասնավորապես` հեռուստաեթերի բովանդակությանը, լեզվի և գովազդի հարցերին մեր մտահոգությունը հասարակական հնչեղություն ստացավ: Խնդիրն, ի դեպ, կարևորեց նաև ՀՀ Նախագահը: Ակնհայտ է, որ որևէ օրենք ի զորու չէ բավարարել բոլոր շահագրգիռ կողմերի ցանկությունները: Օրենքը պետք է ընտրի «ոսկե միջին» մոդելը, որով կկարողանա նախ և առաջ պաշտպանել հասարակության շահը: Որպես հզոր քարոզչական և գաղափարախոսական զենք, հեռուստատեսությունը պետք է ոչ թե ապակողմնորոշի, ապատեղեկացնի և դեգրադացնի մեր հասարակությանը, այլ ամենից առաջ արմատավորի հայոց լեզվի նկատմամբ նոր մշակույթը: Ամենամեծ մտահոգությունը` տեղեկատվական և բարոյահո գեբանական անվտանգության պահպանմանը միտված քայլերի ձեռնարկումն է: Ներկայումս քննարկվող խոշոր օրենսդրական փաթեթը հանրակրթության մասին օրենքն է` հարակից օրենքներով: Հիշեցման կարգով նշեմ, որ երկար տարիներ այդպիսի օրենք չկար, և խնդիրը կարգավորվում էր կրթության մասին օրենքով: Այդ բացը պետք է լրացվի: Օրինագիծը շուտով կներկայացվի երկրորդ ընթերցման: Անցյալ շաբաթ օրենքի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումներին մասնակցում էին Կրթության նախարարության, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ` նաև մարզերից: - Մեք անչափ կարևորում ենք Ձեր վերջին նախաձեռնություններից մեկը. հոգեորսների «հաղթարշավը», իրոք, անհապաղ կասեցնել է պետք: - «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների առաջարկը նույնպես հասարակական մեծ հնչեղություն ստացավ: Հարկ է ընդգծել, որ մի կողմից հոգևոր անվտանգության խնդիրն է և պետության կարգավորիչ դերի բարձրացումը, իսկ մյուս կողմից` խղճի ազատությունը` որպես մարդու հիմնարար ազատություններից մեկը: Այս 2 արժեքների միջև միջանկյալ տարբերակ որոնելու համար մենք հեղինակեցինք այդ նախագիծը: Ի դեպ, Ազգային ժողովի նախագահի կողմից օրինագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Պետք է նշեմ, որ մեր հանձնաժողովում աշխատանքային լավ մթնոլորտ է ձևավորված: Միակ պետական օղակն է, որտեղ կանայք գերակշիռ մաս են կազմում և 4 կին պատգամավոր է մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին: Կին հանձնաժողովականների մասին խոսելիս, Արմեն Աշոտյանը չի մոռանում նորից շնորհավորել բոլոր կանանց Մարտի 8-Ապրիլի 7 տոնամսյակը: - Մենք փորձում ենք առավելագույնս զերծ մնալ քաղաքական տարաձայնություններից, քանզի մեզ վերապահված են այնպիսի ոլորտներ, որ ներքաղաքական հայացքների առաջձգումը կարող է մեծ վնաս հասցնել: Այս պահին դա մեզ հաջողվում է` շնորհիվ հանձնաժողովի բոլոր անդամների. Արման Սահակյան, Նաիրա Զոհրաբյան, Լիլիթ Գալստյան, Հեղինե Բիշարյան, Անահիտ Բախշյան, Համլետ Հարությունյան, Մյասնիկ Մալխասյան (ով, ի դեպ, առնչվում է «7-ի գործով» դատավարությանը և այս պահին չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին): Բնագավառներով պայմանավորված, մենք համագործակցում ենք 4 նախարարությունների, ինչպես նաև մի շարք հանձնաժողովների ու խորհուրդների հետ: - Մի փոքր մասնավորեցնենք. տպավորությունն այնպիսին է, որ հանձնաժողովը հոգևորության առնչությամբ ավելի շատ պաշտպանվում է` փորձելով հիմնավորել իր դիրքորոշումը: Մինչդեռ աղանդավորներն ավելի մարտական են դառնում` տարփողելով իրենց իրավունքները: Բայց չէ՞ որ այստեղ առկա է նաև երկրորդ կողմի իրավունքը. այն մարդկանց, ովքեր չեն ուզում լսել ամեն խաչմերուկում իրենց ճանապարհը կտրող, դռները թակող, անգամ հեռախոսներով հոգի որսացող մոլորեցնող ներին: - Ճիշտ դիտարկում է: Առիթից օգտվելով` «Ավանգարդի» ընթերցողին ցանկանում եմ ավելի ճշգրիտ ներկայացնել իրադրությունը: Ցավոք, մեր օրինագծի ընդդիմախոսների մոտեցումները հակաքարոզարշավի բնույթ էին կրում: Դա կազմակերպված քարոզարշավ էր` դեսպանատներից մեկի կողմից ուղղորվող: Այսպես կոչված, մի փոքրաքանակ հասարաքաղաքական սեկտոր, լրատվական դաշտում իրեն վերապահեց առաջնահերթ դերակատարություն և ցավով պետք է նշեմ, որ տպավորությունները խեղված են այս պահին: Իսկ մեծամասնությունը, որ կողմ է օրինագծին, լռում է: Առաքելական եկեղեցու կողմից նույնպես կա դրական վերաբերմունք, որը զարմանալիորեն լայն արձագանք չունեցավ: Մենք չստացանք նաև մամուլի աջակցությունը: Մարտնչեցին միայն փոքրաթիվ կազմակերպություններ, որոնք շատ ակտիվ էին: Համաձայնողները հիմնականում լռում էին, ինչը օրինագծի շուրջ թյուր տպավորություն ձևավորեց: Անձամբ ես օրինագծի քննարկման շրջանակներում հանդիպել եմ ավետարանչական հավատքի Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Կարծում եմ` նման խնդիրները ընդհանրապես պետք է լուծվեն բաց, հրապարակային դաշտում: Մեր փաստարկներում ու մոտեցումներում մենք վստահ ենք և մշտապես պատրաստ ենք հրապարակային քննարկումների: Օրինագծի 2-րդ ընթերցման ժամանակ ակնկալում ենք նաև մամուլի աջակցությունը` որպես հասարակության ձայն: - «Ավանգարդը» մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հոգևոր հարցերը և իհարկե պատրաստ է համագործակցության: Կարծում ենք, որ պայքարը պետք է խարսխվի 2 կռվանի վրա: Մարդու իրավունք ասվածը երկսայրի է: Գրանցվելիս կրոնական կազմակերպությունը պետք է որ նշի, թե որտեղ է անցկացնելու արարողակարգերը և մոտավորապես քանի մասնակցով: Մինչդեռ քարոզչությունը, ինչը նաև իրավապահներին պետք է մտահոգի` մեր «մարտնչող» աղանդավորները նախընտրում են փողոցայինը: - Երկար տարիներ այս ոլորտը բարձիթողի վիճակում է. ուստի, բավական դժվար է ճահճացած այդ վիճակում կտրուկ քայլեր կատարել: Օրինագիծը չի դիտարկվելու լոկ որպես օրենսդրական փոփոխության առաջարկ: Սա առիթ է` հասարակության ներսում քննարկելու վաղուց ծանրացած արդիական խնդիրները, որոնք չգիտես ինչո՞ւ անուշադրության էին մատնված` թե հասարակության, թե° պետության կողմից: Ես կարծում եմ, որ մենք հաջողությամբ կկարգավորենք խնդիրը` օգտվելով նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նախատեսած սահմանափակումներից` ամեն տեսակի իրավունքների համար: Այդ թվում նաև կրոնական, խղճի ազատության վերաբերյալ: Առավել ևս, եթե դա անհրաժեշտ է պետության կայունության, հասարակության անվտանգության ապահովման և մարդկանց իրավունքների պաշտպանության համար: Չէ՞ որ, վերջին հաշվով, մեր յուրաքանչյուրի իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը: - Հավելումն նաև` Հանրապետականը պահպանողական կուսակցություն է և թիվ 1 հիմնախնդիրներից մեկը համարում է ազգային նկարագրի անաղարտությունը, դրա պահպանումը: Այսօր արդեն բավական լուրջ լրատվամիջոցներում խոսակցություններ կան, որ Եվրոպայում փորձում են որդեգրել նախկին Խորհրդային Միության կրթական համակարգի սկզբունքները: - Կրթական համակարգի խնդիրների մասին խոսելիս, պետք է խոստովանել, որ մենք փոխում ենք այդ համակարգը արդեն 17 տարի, բայց դեռևս վերջնական արդյունքի չենք հանգում: Փաստորեն, մշտնջենական բարեփոխումների մեջ ենք, և վերջը կարծես չի երևում: Պետք է հստակորեն գիտակցել, որ կրթական համակարգը արագորեն փոփոխվող ոլորտ է` մանավանդ տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում: Ի դեպ, Վարչապետը ևս մտահոգ է այս խնդրով. կրթական համակարգը պետք է տա հիմնարար գիտելիքներ, սովորեցնի` ինչպես ինքնակրթվել և ինչ կրթական գործիքներից օգտվել, հետևաբար, կյանքի ընթացքում գիտելիքների պաշարը լրացնելու հնարավո րություն ունենալ: Խորհրդային կրթակարգը հիմնավոր էր: Այդ ժամանակահատվածը չէր բնութագրվում իբրև տեխնոլոգիական հեղափոխություն: Հանրակրթությունը հենց թույլ էր տալիս ստանալ հիմքային համակողմանի գիտելիքներ և շարունակական կրթություն: Այդ մշակույթը ևս պետք է վերադարձնել, և դրանում առանձնակի դերակատարություն կվերապահ վի տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում ստեղծված հնարավորությունների կիրարկմանը: Միանշանակ է, որ կրթական համակարգի հիմնահարցերը չեն կարող տարանջատված լինել պետության խնդիրներից: Իհարկե սոցիալական դժվարությունները բավական լուրջ են: Վերջին տարիներին պետությունը մեծ ներդրումներ է կատարել հանրակրթության բնագավառում, ինչը չի կարելի ասել բարձրագույն կրթական համակարգի մասին: Պետական աջակցության ծավալը կազմում է բուհերի ծախսի 10-15 %-ը, մնացած գումարը բուհերն իրենք են վաստակում, ինչի արդյունքում իջնում է կրթական ցենզը: Մյուս կողմից հասարակության ներսում դեռևս արմատավորված չէ այն մտայնությունը, թե բարձրակարգ մասնագետը լավ կենսամակարդակ կունենա: Գիտելիքի և կենսամակարդակի միջև օրինաչափ կապի բացակայությունը խթանի բացակայություն է աշակերտի կամ ուսանողի համար: - Ուսման որակի անկմանը արդյո՞ք չեն նպաստում հատկապես տարաբնույթ մասնավոր բուհերը, որոնք գումարներ կորզելով` գիտելիք չեն տալիս: - Խոսքը միայն մասնավոր բուհերի մասին չէ: Այդ հարցը երկար տարիներ չի վերանայվել: Ես ուշացած եմ համարում այն քայլերը, որը ձեռնարկել է Կրթության, գիտության նախարարությունը: Եթե ժամանակին պետությունը հետևողական լիներ իր իսկ կողմից արտոնագրած որակական չափանիշների նկատմամբ, ապա այսպիսի տխուր պատկեր չէր արձանագրվի, ինչի արդյունքում մասնավոր բուհերի գերակշիռ մասը ուղղակիորեն զբաղված է ոչ թե գրագետ մասնագետներ պատրաստելով, այլ` ավարտական վկայակագրերի վաճառքով: Այդուհանդերձ, ողջունում եմ կատարված քայլերը և պնդում, որ այսուհետ պետք է ավելի հետևողական լինել և կրթական համակարգի պետական չափորոշիչների պահպանման խնդիրը համարել պետության գերակա խնդիրներից մեկը: