ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ Ինձ երբեք գնդակ չի դիպչի


Երբ աշխարհակործան գաղափարների բախման կիզակետում ենթադրվում են անմեղ զոհեր, ապա հայրենանվեր անձինք քայլում են` առանց ծանր ու թեթև անելու եղած ու չեղած շահը: Սա բարոյականության ճանապարհ է` միախառնված հոգեցունց ծիծաղով` շպրտելով աշխարհի լավ շպարված երեսին: Նրանք դառնում են նվիրյալ զավակներ, ողջակեզներ այն երկրի, որ տամկացել է դեռ նրանց նախնիների, իսկ հետո` իրենց արյամբ: Երկրի սրտմաշուկ ցավը հանգիստ չտվեց նրանց: Դեռ օրորոցից ծնողները հայրենասիրական երգեր ասացին ու հետն էլ` ուրիշ ճանապարհ չունենք, հայրական խրատը: 1989 թվականին տառապանքի կենտրոն էր Ոսկետափ գյուղը: Նրանք պիտի վաստակեին հոգու ազատություն: Հենց այնպես հանգստություն չեն գտնում, անցնում են ինքնամաքրման ճանապարհ: -էրեխեքս` Սարգիսը, Սերժը, Պերճը, Բենիամինը, շատ նման էին ու տարբեր,- տառապանքի փայտին հենվելով` շշնջաց մայրը` Լիաննա տատը, որ հասցրել էր անել կյանքի տանջալից բերքահավաք` ամբարելով հիշողության ծալքերում...Դեռ ինչե¯ր կհիշեր, լացի ու ծիծաղի արանքում կտնքար, հետն էլ թոռներին խրատ-խորհուրդ կասեր,- Սարգսիս հիշատակն անմար կպահեք, իմ ազի°զ բալեք: Լիաննա ու Ռուբեն Հովհաննիսյանների երեք զավակներն էլ Արցախյան ազատագրական շարժմանը մասնակցեցին: Սերժը հատուկ գնդում էր. Մարտակերտի գործողութ յուններից հետո տուն վերադառնալով` իմացավ, որ Սարգիսը չի սպասել իրեն, շտապել է ընդգրկվել հատուկ ջոկատում և մեկնել մարտական գործողությունների: Սերժը ցանկանում էր, որ գոնե երկու եղբայրները` Սարգիսն ու Պերճը, մնան ծնողների մոտ: Եթե հայրը խոհեմ հայացք էր գցում իրենց վրա` ոչինչ չասելով, միայն տառապանքի մի նոր կնճիռ էր հայտնվում դեմքին, ապա մայրը չէր կարողանում թաքցնել կարոտ-տենչանքը. մոր սիրտ է, չէ՞...էլ ի՞նչ ասեր, բացի` զգույշ եղեք, բալե°քս, Աստված ձեզ հետ լինի... Սարգիսը չէր համբերի, այնտեղ կենաց ու մահու սարսափն էր թևածում, ինչպե՞ս օգնության չհասնել: Հետո կինը` Կարինեն, կհիշի ամուսնու խոսքերը. «Եթե մի անգամ տեսնես տառապած մայրերի, կանանց, երեխաների աղեկտուր ողբը, վիշտը, վիրավորների արնաշաղախ մարմինները, էլ չես հապաղի, ինքդ կմեկնես` ձեռքերովդ խեղդելու ոճրագործին: Ինչպե՞ս մնամ, չէ, չեմ կարող. էնտեղ հարյուրավոր մայրեր իմ ճամփին են սպասում, պիտի գնամ...»: 1992 թվականի նոյեմբերի 27-ն էր: Դեկտեմբերի 7-ին լրանալու էր որդու` Նաիրիի տարելիցը: Չէր կարող սպասել, մարտական կարևոր գործողությունների պիտի մասնակցեր իրենց հատուկ ջոկատը: Մեկնելուց առաջ հարազատներին խնդրել էր` եթե ինքն էլ ողջ չմնա, անպայման հավաքվեն իրենց օջախում ու որդու ծննդյան օրն ուրախությամբ նշեն: - Այդ օրը բոլորովին այլ էր. բառերը կցկտուր էին, միտքը` ցրված, բայց ժպիտը դեմքին էր ծվարել: Ինչպես միշտ, այդ անգամ էլ ասաց. «Ինձ երբեք գնդակ չի դիպչի...»: Այդ օրն իր մեջ ճնշող դաժանություն ուներ... Օրվա բացահայտումն ամիսներ հետո կլիներ: Դեկտեմբերի 3-ին թշնամու կանոնավոր գնդի դեմ մենամարտել էր 48 հայորդի: Թշնամին ամեն գնով փորձել էր իր ձեռքում պահել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքը... Հայորդիները ծուղակում հայտնվեցին... Դաժան օրվա անհավասար կռվում ամեն ինչ մնաց անորոշության գրկում. 21 քաջերի անուններ անհայտության մեջ մխրճվեցին: Միայն հասնում էին կցկտուր լուրեր... Միակ հույսն այն էր, որ ողջ են երևի, բայց գերի են ընկել... Սարգիսը սկզբում ծառայել էր Ներքին գործերի մարմիններում, հետո հատուկ նշանակության ջոկատի` ՄՀՈՋ-ի կազմում ընդգրկվելով` քաջ գիտակցել էր` ուր էր տանում այդ ճանապարհը, բայց գերի ընկնել` երբե°ք... Իսկ կինն այդ երկար ու տանջալից ամիսների ընթացքում հուսով էր, որ ինչ էլ լիներ, նա ետ կգար: Իսկ մարտական ընկերներն օր ու գիշեր որոնումների մեջ էին, փորձել էին բանակցություններ վարել հակառակորդի հետ, բայց ոչինչ չէր փոխվել: Անորոշ ամիսները թողեցին միայն կարոտից խանձված սրտեր, իսկ նա գնաց` առանց ետ նայելու: Մայրական անխոնջ սիրտն օրհնանք էր ասում, այգաբացի թևերին հենված` լույս բարին հղում բոլորին: Համրաքայլ անցնող ժամանակի չարագույժ զարկերից ավելի նվաղում էր ծնողական սիրտը, երևի մի բան զգում էր... Սա ողջ հայության սրտատրոփ սպասում էր, սա Կարինեի, Սարգսի ծնողների ու եղբայրների, ողջ Ոսկետափի ցավատենչ սպասում էր... Երկրի մեծ ցավը նրան հանգիստ չթողեց, նետվեց ցավի մեջ` հաղթելու հույսով: 1993 թ. ապրիլի 8-ին մերոնք գրավեցին Ղոչազը, և ամեն ինչ պարզ դարձավ... Լեռան ստորոտում հայորդիների դիերն էին, 21 քաջերի անթաղ դիեր: Շարունակում ենք ասել` ոճրագործի ձեռքերը դեռ արյան հետքերով են պատված: Նորից հիշողությունների գիրկը նետվենք... Արծվաշենի ճանապարհը բացելու մարտական գործողությունների ժամանակ մի քանի րոպեով հանդիպեցին եղբայրներով, հանդիպման վայրը մարտադաշտն էր... Տանը բոլորը միասին շատ քիչ են եղել... Հանդիպելիս էլ էլի մարտերից են խոսել, էլի հայրենիքից ու հայրենասիրությունից: Չէ, հայրենասիրությունը մայրական կաթի հետ նրանց երակներով է հոսել: Սարգսի համար հայրենիքն ընտանիքն էր: Բարեկամների, համագյուղացիների, բոլոր բոլորի հոգում մի բարի հուշ թողեց, մի ժպիտ` քաղցր ու լուսառատ... Ոսկետափը սգաց իր հայորդու մահը: Ամեն անգամ կհիշեն Սարգսի շատ ու շատ սխրանքների մասին, կծիծաղեն, կլացեն, ու հևասպառ մայրամուտը կլցվի գյուղ, և Ոսկետափը կծփա հուշերի գրկում: Դեռ տասնամյակներ առաջ էր, երբ գյուղում բազմաթիվ թուրքեր էին ապրում. - Սարգիսն առաջարկեց միախմբվել ու ինքնապաշտպանական քայլերի դիմել` գաղտնի զինվել, թե չէ, ի՞նչ ասես, որ չի կարող պատահել: Երիտասարդներն ընդունեցին եղբորս առաջարկը, և գործի անցանք,- պատմում էր Սերժը: 2002 թ. գյուղի N 1 դպրոցը Սարգսի անունով կոչվեց: Ամեն տարի` հոկտեմբերի 22-ին, մեծ շուքով նշվում է նրա ծննդյան օրը: Օրվա խորհուրդն իր մեջ ամփոփող ժամանակը շնչում է չխամրող հիշատակի պայծառ հուշերով: Դա աշակերտների համար արարողակարգ չէ, ծննդյան հրաշք տարեդարձ է: Սարգսից հետո Ոսկետափը չորս զոհ տվեց: Անցան տարիներ, գյուղն էլի ապրեց հայկական նիստուկացով, հարազատ ու ջերմ ավանդույթներով` վառ պահելով հերոսների պայծառ հիշատակը... Կարինեն ուսուցչուհի է: Օրվա ժամերն հյուսում է երեխաների ջերմ ժպիտների, հետաքրքիր պատմությունների և մեկ էլ` մայրական ջերմ խորհուրդների փնջերով: Եթե առաջ չէր իմանում` ինչ ասի զավակներին, ապա հիմա որդին` Նաիրին, դուստրը` Նաիրուհին, արդեն գիտեն իրենց անելիքը, առմիշտ անհետացան ճնշող հարցերի տեղատարափները... Նրանք գտել են կյանքի ապրեցնող երակը... Իսկ հետո իմաստունի ուժգնությամբ Կարինեն այրիներին հզոր ուժ, կամք ու արիություն մաղթեց` ասելով` թող հպարտանան, որ հերոս ամուսիններ են ունեցել...

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ