Մինչ Սահակաշվիլին բարբաջում էր Հայաստանի մասին Հենց ինքը մեղադրվում էր պետդավաճանության մեջ


Վրաց նախագահի երբեմնի համակիրները շարունակում են համալրել նրա քաղաքական մահը նախապատրաստողների շարքերը: Նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին, ով իր հիմնադրած «Հանուն արդար Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է, վերջերս նորից հանդես է եկել աղմկահարույց քողազերծումներով` մեղադրելով Սահակաշվիլիին ու ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիին: - Վրաստանի տնտեսությունը սկսել է նմանվել մի ինքնաթիռի, որի շարժիչներն իրար հետևից խափանվում են,- ասել է Նողաիդելին: Իսկ պետական դավաճանության մեջ իր մեղադրանքը նա հիմնավորել է այսպես` - Ակնհայտ է, որ նախագահն ու կառավարությունը, որոնք երկիրը գցեցին պատերազմի մեջ` արդյունքում տարածքներ կորցնելով, ըստ էության պետդավաճանություն թույլ տվեցին և պետք է հեռանան: Սահակաշվիլին բարոյական ոչ մի իրավունք չունի և ունակ էլ չէ պետություն ղեկավարել: Փաստորեն Վրաստանն այսօր մնացել է առանց ղեկավարման: "ԾԽ"-ին տված իր հարցազրույցում էքս վարչապետն ավելորդ չի համարել ընդգծել. - Այդ պատերազմն ընդհանրապես պետք էլ չէր սկսել, բայց եթե սկսել էին, ուրեմն պետք էր կռվել: Սակայն ստացվեց, որ ոչ մեկն էլ չէր կռվում. 3 ժամ պայքարեցին, այն էլ` խաղաղ բնակչության դեմ: Մենք 2 միլիարդ դոլարի զենք-զինամթերք էինք գնել. ինքս եմ ստորագրել այդ հաշիվները, որովհետև այս 4 տարիների ընթացքում ֆինանսներն իմ իրավասության ներքո էին: Այդ գումարներով կարելի էր նորից կառուցել Վրաստանի ցանկացած տարածաշրջան: Զենքի գնմամբ զբաղվում էր անձամբ Նախագահը: Ես նույնիսկ պատկերացում չունեմ, թե մենք կոնկրետ ինչ էինք գնել. պատերազմի ժամանակ իբր թե գնված զենքը ոչ մի տեղ չերևաց: Զենք, իհարկե, գնվել էր, բայց ոչ այն ծավալով և ոչ այն որակի. դրա համար վճարվել էր պետք եղածից ավելի մեծ գումար: