ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵՑԻՆՔ


«Ամենագլխավոր մեղավորը» Կորյուն Հրանտի ՀԱԿՈԲՅԱՆ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետ -Կորյուն Հրանտի, Դուք սերում եք տոհմիկ, ավանդապաշտ գերդաստանից: Պատմեք, խնդրեմ, Ձեր նախնիների մասին: -Պապս` ուստա Խաչատուրը, ատաղձագործ էր: Նրա գերդաստանը 1828թ. գաղթել է Բայազետի` Թուրքիայի և Իրանի սահմանին մոտիկ գտնվող Սուրբ Օհան և Զանգեզուր կոչվող փոքր գյուղերից, հասել Գեղարքունյաց աշխարհ և այնտեղ հիմնել Նոր Սուրբ Օհան ու Զանգեզուր բնակատեղին, որն սկզբում կոչվել է Ակունք, ապա` Սարուխան: 1900թ. պապս երկհարկանի, ծածկափեղկ պատուհաններով տուն է կառուցել, որն այսօր էլ կա: Նա մահացավ 95 տարեկան հասակում. մինչև վերջին օրն էլ առույգ էր, կայտառ, ընդամենը երեք ժամ վատ զգաց և հաշտ ու անդորր հրաժեշտ տվեց աշխարհին: Ես այդ ժամանակ յոթ տարեկան էի: Պապիս կյանքի իմաստը բարություն անելն էր: Առավոտ վաղ աղոթելիս նայում էր ծագող արևին ու ասում. «Աստվա°ծ, դու լավ մարդու բանն աջողես (հաջողես)»: Հարցնում էի. «Ինչու՞ ես այդպես ասում»: Պատասխանում էր. «Բալե°ս, եթե մարդը բարի է, վատ բան անել չի կարող, լավ բան պիտի անի: Ուրեմն, թող Աստված այդ լավ մարդու բանն աջողե»: Ասում էր. «Եթե անգամ քեզ վատություն են անում, դու լավություն արա և ներողամիտ եղիր»: Այդ սկզբունքը փոխանցվեց հորս և դարձավ մեր գերդաստանին բնորոշ: Պատվախնդրություն, հայրենասիրություն, ազնվություն` այս հատկանիշներով է մեզ դաստիարակել պապս, ոչ միայն մեզ, այլև գյուղի ժողովրդին, ու դրանից է, որ երբ Բադալի Խաչատուրը (այդպես էին գյուղում կոչում նրան) գնում էր աղջիկ ուզելու կամ կռվածներին հաշտեցնելու` մերժում չկար: Պապիս մահից հետո նրա ատաղձագործական շնորհը շարունակեց Նորայր հորեղբայրս: Հայրս` Հրանտ Հակոբյանն էլ ժառանգել էր այդ շնորհը, բայց մեր ազգին ուղղորդում էր դեպի գիտությունն ու կրթությունը: Սարուխան գյուղի դպրոցի տնօրենն էր: Այդ ժամանակ արգելված գրքեր ուներ, պատմում էր եղեռնի, զորավար Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Արաբոյի ու Նժդեհի մասին: Շատ կարդացած էր, Րաֆֆու, Շեքսպիրի, եվրոպական և ռուսական դասական շատ գրողների և փիլիսոփաների գործեր ուղղակի անգիր գիտեր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր: Եղել էր կուսակցության Կամոյի շրջկոմի բաժնի վարիչ, ապա երկար տարիներ դասավանդել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, պետական համալսարանում ղեկավարել փիլիսոփայության և կրոնի պատմության ամբիոնները: Հանրապետությունում չկա մի վայր, ուր հորս չճանաչեն, անունը լսելիս դեմքերին ժպիտ չճառագի: Հանրապետության անկախացումից հետո հորս և քրոջս` Հրանուշի (այժմ` Սփյուռքի նախարար Ա.Ծ.) մեծ ջանքերի ու համառության շնորհիվ հիմնադրվեց Գավառի պետական համալսարանը, որի ռեկտորն էր մինչև թոշակի անցնելը` 2006թ.: Հորս կյանքն անցավ` պապիս պատվիրանները կատարելով: Ասում էր. «Եթե քեզ կդիմեն ծանոթ-անծանոթ, մի° մերժիր, օգնի°ր»: Այսօր փորձում եմ կրկնել հայրիկիս. շա°տ է դժվար, բարդ: Մեծ սիրտ ու հոգի պետք է ունենաս, որպեսզի մտնես այդչափ ծանրության տակ: Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը համարում եմ զավակներիս վերաբերմունքն իմ ծնողների հանդեպ, նրանք ինձնից առավել են կապված ծնողներիս. Հրայրս ծնվել է 1974թ., Արտաքին առևտրի բանկում կորպորատիվ վարչության պետ է, Վահեն` 1977թ., դիմածնոտային վիրաբույժ է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ուզում եմ, որ մեր օջախի ավանդույթները շարունակվեն նրանց օջախներում: -Իսկ ինչպիսի՞ն էին Ձեր գերդաստանի կանայք, ասենք` Բադալի Խաչատուրի կինը: -Կնոջ` ամուսնու հանդեպ անմնացորդ սիրո զարմանալի մի պատմություն պիտի պատմեմ, որ թերևս հայ կնոջն է բնութագրական: Այդօրինակ մի դրվագ կա Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպում: Պապիս կինը` Օսաննան, բարձրահասակ, գեղեցիկ կին է եղել, բայց անպտուղ: Որպեսզի իր սիրած տղամարդն անզավակ չմնա, գնացել, ամուսնու համար կին է ընտրել և սիրով ու սրտանց պահել, մեծացրել, դաստիարակել ամուսնու և այդ երկրորդ կնոջ` Շուշանի չորս զավակներին, Շուշանի հանդեպ եղել սիրող ու հոգատար սկեսրոջ պես: Շնորհիվ նրա մեծահոգի արարքի` սկիզբ է առել ջերմ ու համերաշխ մի մեծ գերդաստան: Մեր տան ճաշի կաթսան 70 լիտր տարողություն է ունեցել: Հայուհու կերպար էր և Շուշանը. հարսի խոնարհությամբ ծառայել է իր ամուսնու ավագ կնոջը: Շատ էր գեղեցիկ, հմայիչ, բարի էր, հյուրասեր: Մի մարդ անցներ տան կողքով` հրավիրում էր տուն, հյուրասիրում: Մորս անունը Փիրուզա է, նաև Թերեզա են ասում: Նրա ամենամեծ ձգտումն էր, որ իր չորս զավակը մեծանան համեստ, խելացի, խոր գիտելիքներ ձեռք բերեն: Ի դեպ, երեք քրոջ միակ եղբայր եմ: Մայրս 37 տարի դպրոցի տնօրեն էր Կամոյի շրջանի Լանջաղբյուր, Հացառատ գյուղերում: Աշխատանքի բերումով ծնողներս գյուղից տեղափոխվել են շրջկենտրոն, ապա` Երևան: Հպարտ եմ, որ մեծացել եմ այդպիսի ընտանիքում և իմ կյանքի հաջողություններից ամենակարևորը համարում եմ զավակներիս կապվածությունը ծնողներիս: -Երբ 1988թ. սկսվեց Արցախյան շարժումը, Դուք ՀԿԿ Վարդենիսի կուսշրջկոմի երրորդ քարտուղար էիք: Կուսշրջկոմների աշխատողների համար մեծ փորձություն էր. չգիտեին` ինչ անել` խուլ ու համրի պես սպասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, թե՞ կանգնել ժողովրդի կողքին: Ձեզ համար այդ փորձությունն առավել բարդ էր. Վարդենիսի շրջանի 38 գյուղերից 28-ն ադրբեջանաբնակ էին, 4-ը` խառը բնակեցված, գրեթե 200 կիլոմետր ձգվող սահմանագծից այն կողմ նույնպես ադրբեջանցիներն էին: Չնայած որ նրանք տնօրինում էին շրջանի լավագույն, բերրի հողերը, յուրաքանչյուր տան առջև տաս-տասներկու երեխա էր վազվզում, նրանք չնչին առիթով կամ անառիթ, դիմում-բողոքներ էին հղում մինչև Մոսկվա, ԽՄԿԿ կենտկոմ, որ իբրև թե հայերը, զանց առնելով ինտերնացիոնալիզմի կարգախոսները, սահմանափակում են իրենց իրավունք ները` հայրենասիրական երգեր են երգում, դաշնակցական դերասան հրավիրում գյուղ: Խոսքն այն ժամանակ Սովետակերտ խորհրդանշական անունը կրող գյուղի տնտեսության երիտասարդ տնօրեն Արկադի Պետրոսյանի` ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին գյուղ հրավիրելու, ակումբում ժողովրդի հետ հանդիպում կազմակերպելու մասին է: - Դուք, որպես կուսշրջկոմի քարտուղար, ի՞նչ զգացողությամբ էիք համակված, ենթադրու՞մ էիք, թե ինչպես են դեպքերը զարգանալու: -Սկսվեց Արցախյան շարժումը: Ի պատասխան մեր խաղաղ ցույցերի` տեղի ունեցավ Սումգայիթյան ոճրագործությունը, նույնը Բաքվում, Կիրովաբադում: Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը` կուսշրջկոմի ընդհանուր բաժնի վարիչ Լյովա Դավթյանը հարցրեց. «Ընկեր Հակոբյան, սա ի՞նչ է և որքա՞ն կտևի»: Ասացի. «Կգա առիթը` կասեմ»: Առիթը չուշացավ: Կուսշրջկոմի աշխատողները բոլորը երիտասարդ էին: Ես երեսունհինգ տարեկան էի: Երեկոյան հավաքվել էինք` իրավիճակը քննարկելու: Հարցը կրկնվեց, և ես ասացի` տասնամյակներ է տևելու: (Շարունակելի)

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ