ՄԱՇՏՈՑՆ Ի¯՞ՆՉ ԻՄԱՆԱՐ


Հայկական սփյուռքն ու հայոց լեզուն` Հայության փրկության ծրագիր Նախորդ երկու համարներում խոսեցինք, թե ինչպես սկսեցինք լատինատառ գրել ու մոռանալ պատմությունն ու մշակույթը: Չմոռանանք, որ ճակատագրի բերումով սփռված ենք աշխարհով մեկ և մոտավորապես տասնապատիկ ավելի շատ հայեր բնակվում են ոչ իրենց հայրենիքում: Ազգային նկարագիրը կորցնելու վտանգը այս դեպքում ավելի իրական է, և մեր կառավարության կողմից ստեղծված Սփյուռքի նախարարությունը պիտի կապող օղակ և երաշխավորը դառնա մեր միլիոնավոր հայրենակիցների: Ի տարբերություն Հայաստանում համացանցի (ինտերնետի) տարածվածության ու զարգացման աստիճանի, հատկապես խոշոր գաղթօջախներում ինֆորմացիա հիմնականում ստանում են ինտերնետի միջոցով: Այս իրավիճակում առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ոչ թե և ոչ այնքան հայալեզու հեռուստահաղորդումներին ու տպագիր գրքերի տարածմանը, այլ ինտերնետային տարբերակներին, որը ավելի քիչ ծախսատար է, ունի բազում առավելություններ, և որ ամենակարևորն է` արդյունավետ է: Ժամանակի սղության պատճառով շատերը հիմա գրադարան այցելելու փոխարեն նախընտրում են էլեկտրոնային գրքեր, թերթերի և ամսագրերի փոխարեն ինտերնետով արագ փնտրում են անհրաժեշտ նորությունը, ժամանակակից ամենաբազմամարդ և համասփյուռ սեմինարները կազմակերպվում են ինտերնետ կապի հնարավորություններով, որի միջոցով զրուցակիցները ոչ միայն իրար տեսնելով կարող են խոսել (հեռուստակամուրջ), այլև պայմանագրեր կնքել և քվեարկություն անցկացնել ու էլի շատ բաներ: Աշխարհի նմանատիպ զարգացումների հեռանկարում անհրաժեշտություն է առաջանում (հատկապես մեր հիմնական զենքի` գիտելիքի շնորհիվ տարածաշրջանում առաջատար դիրք զբաղեցնելու համար) հայկական ինտերնետային պորտալի (հանգույց) ստեղծման, որը հանգույցը (կապող օղակը) կլինի ամեն ինչի: Ռուսաստանը պետական աջակցությամբ նման նախագիծ (www.mail.ru) գործարկեց դեռ 99թ.-ին: Նմանատիպ ծրագրի անհրաժեշտությունը մեզ համար կրկնակի է կարևորվում, քանի որ ոչ մի ազգ չկա, որի 10-15%-ն է իր երկրում բնակվում: Ունենալով աշխարհով մեկ սփռված սփյուռք, տարբեր քաղաքակրթությունների ազդեցությամբ մեծացած հայրենակիցներ` հայապահպանման խնդիրը շատ ծանր ու պատասխանատու հարց է դառնում: Հարկավոր է ինֆորմացիան կարողանալ հասցնել ու հասցնել հոգեբանորեն ենթագիտակցական մակարդակի վրա: Այսպիսով` ունենք երեք լուրջ խնդիրներ. լեզվի, մշակույթի և սփյուռքի: Առաջին հայացքից իրար հետ քիչ առնչվող, սակայն գլոբալ խնդիրները նույն սկզբնապատճառից են առաջացել. լեզվի աղավաղումից: Մինչև խոստացված լուծման ճանապարհին անցնելը` փորձենք խնդիրը համակարգել ու պատկերավոր տեսանելի դարձնել: Խնդիրը շատ խորը արմատներ ունի: Խորհրդային Միության ժամանակներում նորաձև էր ու բարձր ինտելեկտի նշան` խոսելիս ռուսերեն բառեր կամ արտահայտություններ մեջբերելը: Հիմա էլ այդ պաշտոնը անգլերենն է ստանձնում: Արդյունքում ժամանակի ընթացքում ոչ բնականոն ձևափոխությունների է ենթարկվում մայրենին: Լեզվի հետ մեկտեղ սկսում են ազդեցության ենթարվել նաև մշակույթն ու պատմությունը: Ժամանակին մեծ դեր էին խաղում գրականությունը, թատրոններն ու հետագայում հեռուստատեսությունը: Հիմա այդ քարոզչի դերը ստանձնել է ինտերնետը: Իսկ այդ զենքից մեր Հանրապետությունը չունի, եղածներն էլ հայերեն չեն, որովհետև սփյուռքը ավելի բազմամարդ է ու չի հասկանա հայերենը: Բայց չէ որ մեր սփյուռքին հայ մնալու համար հենց այդ է պակասում: Լուծումը կամաց-կամաց եզրագծվում է. պետք է ինտերնետային նախագիծ մշակել, որը կլուծի նշված խնդիրները: Բայց մի այլ խնդիր դեռ մնում է: Ինտերնետը, թողնվելով ինքնահոսի, ավելի շատ (մոտ 90%-ը) անիմաստ ու սխալ ինֆորմացիայով է լցված: Ճիշտ կլինի, որ հենց Հայաստանը սկսի ինտերնետի համակարգման աշխատանքները ու աշխարհին բերի քաղաքակրթության նոր աստիճանի... Գիտեմ, որ աշխարհը կմոռանա կամ մոռացության կտա նաև այս հայտնագործությունը, ինչպես հիմա գլոբալ առումով ոչ ոք չի հիշում, որ հեռախոսակապը, ռադիոն, շոգեքարշը, հեռուստատեսությունը, ուղղաթիռն ու ատոմային էներգիան գուցե և չլինեին առանց հայ ազգի փայլուն մտքի: Բայց մենք հիմա առաջատար դիրք չենք զբաղեցնում ինտերնետային աշխարհում: Մասնագետներ ունենք, սակայն նրանք աշխատում են այլ պետությունների համար: Լուծում 1. Ծրագրավորման ակադեմիայի հիմնադրում, որտեղ պատրաստված մասնագետները արտասահմանում աշխատելու համար պետք է տուրք վճարեն, ինչպես Բրազիլիան է տուրք սահմանել լեգեոներ ֆուտբոլիստների համար: 2. Ստեղծել պետական մարմին, որը կհետևի ինտերնետում զետեղված ինֆորմացիային: 3. Ինտերնետային հայկական պորտալի (հանգույցի) ստեղծում, որը նորագույն կապը և կենտրոնը կդառնա ինֆորմացիոն հոսքերի և զենքը`` հայապահպանման խնդրի: Կայքով կլուծվեն բազում խնդիրներ: Օրինակ`` ողջ հայությանը հայոց լեզվի և պատմության ուսուցման, կամ զբոսաշրջության զարգացման խնդիրներ: 4. Համակարգչի և համացանցի զանգվածային ուսուցում Հանրապետության ողջ տարածքում, որի շնորհիվ կհասնենք աշխարհի զարգացումների ետևից և լատինատառ այբուբենը կմոռանանք: «Հանգույց» ակումբի հիմնադիրներ` Մհեր ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Արփինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

Մհեր ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Արփինե ԴԱՆԻԵԼՅԱՆ