Եվրոպայի 9 մայրաքաղաքներում


2009-ի մեր առօրյայում վրացական մշակույթը իր ուրույն տեղն է ունենալու պարբերական տարոլորտ առկայծումներով: Առաջին ուժգին շողարձակմամբ` Զ. Փալիաշվիլու անվան օպերային թատրոնի բալետախմբի ելույթների կենդանի կախարդանքով առանձնակի իմաստավորում ստացած երևանյան մշակութային գարնանամուտը հույս ներշնչեց, որ յուրաքանչյուր հաջորդ հանդիպում 2 հարևան ժողովուրդների խարխլված հինավուրց հոգևոր դաշինքի նորահաստատմանը լրացուցիչ ապրեցնող խթան է հաղորդելու: Վրաստանի «Պատվո շքանշան» տիտղոսակիր երկրորդ արվեստագետ, Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վախթանգ Կախիձեի հետ բարեկամական զրույցը, մենահամերգից առաջ, հենց այս նախատրամադրվածությամբ հագեցավ: Ի տարբերություն Նինո Անանիաշվիլու, ով առաջին անգամ էր ըմբոշխնում հայկական հողի հյուրընկալությունը, Խորհրդային Վրաստանի ականավոր երաժիշտ Ջանսուղ Կախիձեի որդին բախտ էր ունեցել մանկուց հաղորդակցվելու առաջատար հայ երաժիշտների հետ Դիլիջանի ստեղծագործական տանը: Հայտնի հասարակական-քաղաքական հեղաբեկումներով ընդհատվել էին անմիջական փոխշփումները: 1999-ին իր դաշնամուրային կոնցերտով մասնակցելով հոր երևանյան վերջին համերգին` այլևս ոտք չէր դրել Հայաստան: Եվ հիմա հաճելիորեն զարմացած էր «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում 10-ամյա անջատումից հետո հայ արվեստասերների մեծ հետաքրքրությունից: Մենահամերգի ծրագրին ծանոթանալուն զուգընթաց, որում Մոցարտի և Ռավելի ստեղծագործություններից բացի նախատեսված էր իր «Վրացական բարբառներով» երաժշտաֆանտազիայի առաջին կատարումը Հայաստանում, Վախթանգ Կախիձեն իր մտահոգություններն է կիսում արդի մշակութային առօրյայի խոչուխութերի մասին. - Հետխորհրդային ողջ տարածքում է արվեստի զարգացումը անմիջական կախման մեջ հայտնվել նյութական օժանդակությունից: Պետական խորհրդանշական դոտացիաներին եթե չգումարվեն հովանավորչական ներդրումները, կարևոր շատ նախագծեր անիրագործելի կմնան: Ստեղծագործական միություններն այսօր ի զորու չեն արմատական խնդիրներ լուծելու, նույնիսկ` ստեղծագործական: Եվ մշակույթի տարբեր ոլորտներում չափազանց կարևորվում է անհատ արվեստագետների խենթ նվիրումը: Հորս հիմնադրած երաժշտական-մշակութային կենտրոնի ջանքերով, որի ղեկավարությունը նրանից հետո ես եմ ստանձնել, հաջողվում է մատաղ սերնդին ներգրավել արարչագործության տիրույթում, բացահայտել, կրթել ու մասամբ աջակցել շնորհալիներին: Ունենք դասականությամբ հրապուրված գրագետ հանդիսատես, բայց սուղ են համերգային ակտիվ գործունեութ յան հնարավորությունները: Կարոտ ենք նաև երաժշտագիտական լրջմիտ լուսաբանման, առանց որի արգելակվում է ստեղծագործական առաջընթացը, հատկապես` նորերի: Մեզ պատուհասած պատերազմական թոհուբոհից հետո հոգևոր համազգային զարթոնքի հզոր ազդակ կարող է դառնալ «Վրացական մշակույթի օրեր»-ի կազմակերպումը մեր երկրի սահմաններից դուրս: Պետականորեն կարևորված, խնամքով մշակված յուրօրինակ այս մշակութարշավը, որում ընդգրկված են արդի բոլոր կարող ուժերը, խաղաղության դեսպանի առաքելությամբ իրականացվելու է Եվրոպայի 9 մայրաքաղաքներում և, անկասկած, նպաստելու է հայտնի իրադարձությունների առաջ բերած քաղաքական գերլարվածության հաղթահարմանը: Հայ-վրացական մշակութային փոխշփումներն էլ, վստահ եմ, խելամիտ աշխուժացմամբ, հող կնախապատրաստեն մեզ խորթացնող կնճռոտ խնդիրների արժանավայել հանգուցալուծման համար: Երկուստեք օգտաշահ մեր զրույցին հաջորդած մենահամերգը, անկեղծ ասած, ակնկալված հմայքով աչքի չընկավ: Գերված Վախթանգ Կախիձեի դիրիժորական խոսուն արտիստիզմով և երաժշտության վերապրման արտահայտչականությամբ` տրտմում ենք նվագախմբի երիտասարդացման անհրաժեշտության ակնհայտությունից: Հետևելով Ցոտնե Ցոցխալաշվիլու մոցարտյան դաշնամուրային մատուցմանը և «Վրացական բարբառներ»-ում հոր հետ հանդես եկող Աննա Կախիձեի (սինթեզատոր և վոկալ) կատարմանը` ենթադրում, որ հաջորդ երաժշտական հանդիպումն այս ստեղծագործական խմբի հետ անհամեմատ արվեստահմա կլինի: Հայաստանաբնակ հայրենակիցների բուռն ընդունե լությունից շոյված բարձրակարգ երաժիշտը, ով իրեն առաջին հերթին ջազային կոմպոզիտոր է համարում, միանգամայն համամիտ լինելով նախահամերգային զրույցի մասնակիցներիս հետ, հավատընծա է դարձնում մեր հույսերը` նոր հանդիպման սպասումը սրելով:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ