Ճիշտ ախտորոշման պակաս


Անցած շաբաթ ուսանողների նախաձեռնած հակակոռուպցիոն ակցիայից հասարակությունն իսկապես շոկ ապրեց: Այն, որ կաշառակերությունն ու կոռուպցիան չեն շրջանցել նաև բուհական համակարգը` չխնայելով կյանքում առաջին ինքնուրույն քայլերն անող երիտասարդ սերնդին, նորություն չէր ոչ մեկի, հասարակության նույնիսկ ամենաանտեղյակ ու անտարբեր մասի համար: Սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ ոչ մեկիս մտքով չէր անցնի, թե մի օր առավոտյան տանից դուրս գալով փողոցների ամենատեսանելի մասերում կհանդիպենք դրական թվանշանի կամ ստուգարքի դիմաց ուսանողներից կաշառք պահանջող դասախոսների լուսանկարների: Ուսանողների այս աննախադեպ ակցիան ամենատարբեր, հաճախ նաև իրարամերժ կարծիքների ու մեկնաբանությունների ալիք առաջացրեց: Ընդ որում, այդ իրարամերԺ մեկնաբանություններից բոլորն էլ ունեն իրենց հիմնավորումները, որոնք թերևս բոլորովին հեռու չեն իրականությունից: Մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է բազմաթիվ օրինակներով հաստատել, որ բուհերում կոռուպցիան այլևս անվերահսկելի ու անհանդուրժելի մակարդակի է հասել: Սրանով հանդերձ, ոմանք հակված են կարծելու կամ անգամ համոզված են, որ ուսանողների այս ակցիայի իրական հեղինակներն իշխանություններն են: Ըստ այսպես մտածողների, այս քայլին դիմելու իշխանությունների բուն նպատակը հանրապետությունում ներքաղաքական և տնտեսական խորացող ճգնաժամից հասարակության ուշադրությունը շեղելն է: Այս մտայնության կրողները հասարակության ամենահոռետես մասն են, թերևս ու չեն էլ փորձում վերլուծել, որ կաշառակերության փաստը չի կարող մեղմել սոցիալական դժգոհությունը: Ուրիշները նույնպես համոզված են, որ ակցիան հղացել են իշխանությունները, բայց ոչ ուշադրություն շեղելու նպատակով: Մեկնաբանության այս տարբերակի կողմնակիցների կարծիքով, ուսումնական համակարգում կոռուպցիան երկրի համար շատ վտանգավոր չափերի է հասել, և իշխանություններն այս կերպ պարզապես հովանավորել են դասախոսներին զգուշացնելու, դարձի բերելու փորձը: Մեկնաբանությունների այս տարբերակների կողմնակիցների հիմնավորումները նույնը կամ գրեթե նույնն են: Նախ, լուսանկարները բազմացնելու, քաղաքով մեկ տարածելու համար կազմակերպչական ու ֆինանսական ոչ քիչ միջոցներ են հարկավոր: Երկրորդ` ոստիկանությունը նկարները քաղաքով մեկ սփռելուն խոչընդոտելու փորձ անգամ չի կատարել: Բացի այդ, ակներև է, որ ուսանողները ոչ նախքան լուսանկարները տեղադրելը, ոչ էլ հետո չեն զգուշացել կոնկրետ մարդկանց կաշառակերության մեղադրանքը չապացուցելու դեպքում անձին զրպարտության համար քրեական պատասխանատվության ենթարկվելուց, ինչը մեր իրականության պայմաններում հնարավոր է իշխանության մեջ ամենակարող հովանավոր ունենալու դեպքում: Ինչևէ: Ստիպված ենք արձանագրել` մեր օրերում ճիշտն ու սուտն այն աստիճան են խառնվել, որ հաճախ դժվար է լինում չորն ու թացը զատել: Ամեն դեպքում, ինչպես ասում են, անկրակ ծուխ չի լինում: Իհարկե, խնդիրը, սոցիալականից զատ նաև հոգեբանական պատճառներ ունի: Երբ բարձրացվում էր դատավորների աշխատավարձը, շատերս ընդվզեցինք, թե միևնույնն է` դատական համակարգում կոռուպցիան այդպիսով չի վերանա: Սակայն դատական և բուհական համակարգերը բոլորովին էլ նույնը չեն: Դասախոսի աշխատավարձը բարձրացնելով, գոնե բուհերում հնարավոր լիներ կաշառակերությունը նվազեցնել: Դատական և բուհական համակարգերն իրենց խնդիրներով, նաև հոգեբանությամբ տարբերվում են: Բայց այս ողջ պատմության մեջ տարօրինակն այն է, որ չարձագանքեց կամ գրեթե ընդհանրապես անմասն մնաց ուսումնական համակարգի գլխավոր պատասխանատուն` Գիտության և կրթության նախարարությունը: Այս գերատեսչությունը անկախության առաջին իսկ օրերից մի անկասելի հարձակում սկսեց դպրոցների ու բուհերի վրա: Աշխարհում արդեն խոստովանում են, որ խորհրդային դպրոցը լավագույններից էր: Իսկ մենք վերցրինք ու հիմնահատակ արեցինք պատանիներին հիմնարար գիտելիքներ տվող առաջին դարբնոցը: Անշուշտ, խորհրդային դպրոցում կային անկախության գաղափարին խորթ երևույթներ, սակայն մենք կեղտաջրի հետ միասին դեն նետեցինք նաև առողջ արմատը: Ուսումնական համակարգի քայքայման մանրամասների մասին բազմիցս խոսվել է: Սակայն մենք չբարձրաձայնեցինք, թե՞ չուզեինք նկատել, որ արևմուտքից դրամաշնորհներ մուրալ-ստանալու համար փոշիացրինք դժվարությամբ ձեռք բերածը` այն փոխարինելով կիսատ-պռատ, պարզապես իրականությանը հաճախ չհամապատասխա նող փաստաթուղթ` դիպլոմ վաճառող բուհերով… Բայց կուտակված, արդեն ազգային անվտանգությանը սպառնալու աստիճանի հասած խնդիրները լուծելու համար, թերևս, անհրաժեշտ է նախ և առաջ գտնել դրանց ճշգրիտ ախտորոշումը: Իսկ ճիշտն այն չէ՞, որ 88-ին Ազատության հրապարակում երազած վեհ գաղափարներով ազատ հասարակության փոխարեն այսօր վերածվել ենք մանր բուրժուական, սպառող հասարակության, որտեղ իշխողը միայն ի°ր ես-ի, ի°ր մաշկի մասին մտահոգվող ՄԵԾՆ ՔԱՂՔԵՆԻՆ Է… Գուցե այստեղի՞ց պետք է սկսել…

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ