ԲԱԽՏՆԵՐԸ ԲԵՐԵՑ


«Բարգավաճ Հայաստանի» շուրջ` ամիսներ շարունակ պտտվող թեականությունը սենսացիոն վերջաբան չունեցավ: Համագումարը կարծեք թե տվեց հիմնական հարցերից մեկի պատասխանը. ինչպես և սպասելի էր` ԲՀԿ¬ն ընդդիմություն չի դառնում: Որքան էլ մինչ այդ արմատականների քարոզչամեքենան էր բոլորից շատ շրջանառում նշված թեման ու մինչև անգամ Գ. Ծառուկյանի կուսակցությանն արդեն իսկ իրենց մրցակից ու հարթակային քաղուժ էր ներկայացնում, այսուհանդերձ, ԲՀԿ անփոփոխ դիրքորոշումն ավելի շատ ձեռնտու էր ընդդիմադիր համարվողներին և առաջին հերթին` հենց Հայ Ազգային Կոնգրեսին: Դժվար չէ նկատել, որ եթե ԲՀԿ¬ն որոշեր վերանայել քաղաքական դաշտում զբաղեցրած իր տեղը, ապա ընդդիմադիր միավորներից նույնիսկ Կոնգրեսը ստվերում կմնար: Այս առումով Լևոն Տեր¬Պետրոսյանի ղեկավարած դաշինքն ու մյուս ընդդիմադիրները հիմա արդեն կարող են հանգիստ ու լիարժեք շունչ քաշել: Ճիշտ է, ընտրազանգվածին հանրահավաքների հրավիրող նրանց հայտարարություններն ավելի վաղ էին տարածվել, սակայն ԲՀԿ համագումարը կտրուկ փոխեց նույնիսկ միտինգաշարի կազմակերպիչների տրամադրությունները: Ակնհայտ է, որ տեղի ունենալիք միջոցառումներն արդեն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում են կազմակերպվում: Ուստիև կասկածից վեր է, որ իրադարձությունների այլ ընթացքի դեպքում հնարավոր չէր լինելու նույնիսկ անհրաժեշտ մարդաքանակը հավաքել: Իհարկե, դա չի նշանակում, թե Հայաստանում ընդդիմադիր տրամադրություններ կրող և հանրահավաքների մասնակցելով այդ տրամադրություններն արտահայտելուն պատրաստ ընտրազանգվածը փոշիացել է: Այլ խնդիր է, որ երբ խոսքն իշխանությանը, թե ընդդիմությանը վերաբերի, ապա գաղտնիք չէ, որ հանրությունը նախընտրում է ուժեղ և դրանով իսկ հուսալի կուսակցությունների շուրջ համախմբվել: Իսկ այս առումով եթե ԲՀԿ¬ն ընդդիմություն դառնար, ապա այլընտրանք այլևս կամ գրեթե չէր մնա: Այդ իսկ պատճառով էլ ՀԱԿ¬ին ու մյուսներին առաջիկայում կարելի է բավական ակտիվ կեցվածքով պատկերացնել. Ընդդիմադիր դաշտում նոր ու բավական ազդեցիկ մասնակցի չհայտնվելը նրանց համար գոնե ակտիվ պայքարի հեռանկարներ է ստեղծում: