ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


Վրաց¬ադրբեջանական հարաբերությունները զարգացումների հետաքրքիր փուլ են թևակոխել: Վրաստանի կառավարությունը նոր ներդրումային հիմնադրամ է ստեղծել և հավաստիացնում է, թե նախատեսում է ֆինանսավորել խոշորամասշտաբ նախագծեր: Ստացվում է, որ Հյուսիս-հարավ գազատարն Ադրբեջանին վաճառելուց առաջ պաշտոնական Թբիլիսին ձգտում է առավելագույնը ձեռք բերել` հարևան երկրի ֆինանսները Վրաստանի տարածքում կենտրոնացնելով և Բաքվից ստացվելիք միջոցների հաշվին նավթավերամշակման գործարան կառուցելով: Արդյունքում` այլևս պարզ է, որ եթե գազատարի գնորդն Ադրբեջանի` ամենաշահագրգիռ պետական նավթային ընկերությունը դառնա, ապա վերջինիս համար այդքան ցանկալի գործարքը էժան չի արժենա: Շաբաթասկզբին կառավարության նիստում երկրի վարչապետի հայտարարությունը վրաց¬ադրբեջանական հնարավոր համագործակցության վերաբերյալ, ինքնին ենթադրում է, որ պաշտոնական Թբիլիսին Հյուսիս-հարավի հավանական գնորդների շարքում ավելի շատ հակված է տեսնել Ադրբեջանի պետական նավթային ընկերութ յանը: Ընդ որում, խողովակաշարը ձեռք բերելու` Բաքվի շահագրգռվածությունը վրացական կողմը նախատեսում է «փոխհատուցել» այլ շահեկան ծրագրերով նույնպես: Վրաց վարչապետը հայտարարել է, որ մասնավոր հատվածն իր երկրում նման ներդրումներ կատարելու հնարավորություն չունի, իսկ պետությունը ջանքեր է գործադրում` ֆինանսներ հայթայթելու ուղղությամբ: Կարճ ասած, ցանկությունը կա, իսկ հնարավորություններն անորոշ են: Եվ այս առումով կռվախնձոր դարձած խողովակաշարն իսկապես գտնված հնարավորություն է վրացական կողմի համար` մեկ գնդակով մի քանի նապաստակ որսալու: Դիցուք, չի բացառվում, որ նորացված պայմանները միտված են հիասթափեցնել ռուսական «Գազպրոմին» և գազատարի անցումը Ադրբեջանին ավելի սահուն կազմակերպել: Այլ հարց է, որ հանուն մեր հանրապետութ յունը գազային կախման մեջ պահելու, Ադրբեջանը կդիմի նաև ավելի մեծ ծախսերի: Ի վերջո, եթե մինչև վերջերս օրակարգում էր միայն Հյուսիս-հարավի դիմաց վճարվելիք բարձր գինը, ապա հիմա թելադրվում են մի շարք այլ հրատապ պայմաններ նույնպես, որոնց պատասխանները ներկայացնելուց առաջ ադրբեջանական կողմը դեռ երկար պետք է ծանր ու թեթև անի: ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Այս ամենով հանդերձ տարօրինակ էր նշված խնդրի առնչությամբ վրաց վարչապետի` խուսանավում հիշեցնող նոր «մեկնաբանությունը»` Երևանում. - Ես ցանկանում եմ ասել, որ Վրաստանի կառավարությունն ապագայում չի վաճառելու վերահսկիչ փաթեթը: Կան այդպիսի ռազմավարական օբյեկտներ, և դրանց կառավարումը վրացական կառավարությունը ապագայում շարունակելու է,¬ իբր հավաստիացրեց Նիկոլոզ Գիլաուրին :