Վտանգավոր «շռայլություն»


Օրերս զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ կառավարող կոալիցիան մշակել ու Վենետիկի Հանձնաժողովի փորձագիտական գնահատականին է ուղարկել Հայաստանի Ընտրական Օրենսգրքի լրամշակված տարբերակը: Հենց որ Վենետիկի Հանձնաժողովի այդ գնահատականն ստացվի` օրինագիծը կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը: Խորհրդարանական ընդդիմությունը, ցավոք, հրաժարվել է մասնակցել այդ աշխատանքին: Ինչո՞ւ «ցավոք»: Որովհետև ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավա րական ընտրություններ անցկացնելը հավասարապես է պետք բոլորին: Եթե կենսականորեն կարևոր այդ խնդրի շուրջ մեր ներքաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ, կամ նրանց միջև փոխադարձ անհանդուրժողականությունն այն աստիճանի է հասել, որ իրենց մեջ ուժ չեն գտնում խելք խելքի տալ և բոլորի համար ընդունելի լուծում գտնել, էլ ի՞նչ լավ բան կարելի է ակնկալել նման անառողջ հարաբերություններից: Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի` իրենք մշակել ու խորհրդարանի առաջիկա քառօրյայում քննարկման են ներկայացնելու Ընտրական Օրենսգրքի սեփական տարբերակը: Մեկ և մյուս տարբերակների միջև սկզբունքային տարբերությունը ո՞րն է` առայժմ հստակ չէ: Ս. Սաֆարյանը հեռուստաէկ րանից ընդամենը նշում էր, թե ըստ իրենց` ընտրական ամեն կարգի հանձնաժողովներում պետք է պահպանվի բոլոր քաղաքական ուժերի` թե իշխանամետ, թե ընդդիմադիրներ կուսակցությունների հավասարապես ներկայացված լինելու, այսինքն պարիտետի սկզբունքը: Անկախ այն իրողությունից, թե ներկայիս խորհրդարանում ո՞վ ինչպիսի՞ ներկայություն ունի: Այս մոտեցման մեջ տրամաբանություն կա ընդամենն այնքանով, որ կողմերը ելնում են ընտրական հանձնաժողովները դարձյալ կուսակցականացնելու սկզբունքից: Մինչդեռ այս խնդրում կուսակցականացված մոտեցումն օրինաչափորեն չի´ կարող արդարացի լինել և չի կարող երաշխավորել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացում: