Ինչո՞ւ օրինաչափորեն


Որովհետև կուսակցությունները ընտրություններում միշտ շահագրգիռ կողմ են: Եթե ընդդիմադիրները չեն հավատում խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող ուժերի անաչառությանը, եթե ենթադրում են, թե նրանք ընտրատեղամասերում իրենց ներկայացուցիչների միջոցով կարող են կեղծել ընտրությունների իրական արդյունքները, ապա նույն անվստահությունը կարող է ցուցաբերվել նաև խորհրդարանական փոքրամասնության նկատմամբ: Ո՞վ ասաց, թե ընդդիմադիրները...ճերմակ փետուրներով հրեշտակներ են: Քի՞չ է եղել, որ նույն ընդդիմադիրները բառացիորեն վաճառել են ընտրատեղամասերում իրենց ներկայացուցիչներին բաժին հասած տեղերի քանակն` այլ ուժերի: Նախորդ մի քանի ընտրություններում այդ կարգի սկանդալային պատմություններ եղել են, թափանցել են մամուլ, դարձել հասարակական տուրևառումների առարկա: Հետևաբար, մեկը մյուսի հանդեպ նման մեղադրանքներ շպրտելուց իսպառ ձերբազատվելու համար, առավել նպատակահարմար կլիներ այդ հանձնաժողովները կազմել առավելաբար ոչ-կուսակցական սկզբունքով: Առավել ևս` զարգացած ժողովրդավարական երկրների մեծ մասում վաղուց արդեն կիրառվում է ընտրական հանձնաժողովները բացառապես պրոֆեսիոնալներից կազմելու սկզբունքը: Մարդիկ այդ հանձնաժողովներում ընդգրկվում են իբրև ընտրությունների կազմակերպման ու անցկացման մասնագետներ: Նրանք մինչև հաջորդ ընտրություններն աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, հավասարեցվում են պետական ծառայողներին, օգտվում են անփոփոխելիության ու անձեռնմխելիության իրավունքից և պատասխան են տալիս միմիայն օրենքի, ոչ թե իրենց կուսակցությունների առաջ: Ֆրանսիայում, օրինակ, ընտրությունների կազմակերպման ու անցկացման գլխավոր պատասխանատուն Ներքին գործերի նախարարությունն է: Այնտեղ գտնում են, որ տվյալ նախարարությունը չի կարող շահագրգիռ կողմ դիտվել, որովհետև խորհրդարանական ընտրություններից հետո Կառավարությունն ամբողջ կազմով վայր է դնում իր լիազորությունները նորընտիր Ազգային ժողովի առաջ: Իսկ նոր կազմվելիք Կառավարության մեջ Ներքին գործերի նախարարն իր ղեկավարած գերատեսչության ամբողջ վերնախավի հետ, միանգամայն հնարավոր է, որ դուրս մնա կառավարող վերնախավից: Տրամաբանությունն այստեղ մեկն է` ինչու՞ պիտի գնացողը շահգրգռված լինի իրեն դեռ անհայտ նոր եկողի օգտին ընտրակեղծիքներ կատարել: Իսկ ընդհանրապես` ամենագլխավորը ժողովրդի կամքի հետ հաշվի նստելու, նրա կատարած քվեարկության արդյունքները սրբորեն ընդունելու, մեծամասնության կամքին ենթարկվելու քաղաքական կուլտուրայի առկայությունն է: Ֆրանսիացիները դարերով այդպես են դաստիարակվել` նրանք հարգում են իրենց ժողովրդի ընտրութ յունը: Պետական չինովնիկ լինի, թե շարքային քաղաքացի, ընտրական հանձնաժողովի անդամ լինի, թե սովորական ընտրող` յուրաքանչյուր ֆրանսիացի գիտակցում է, որ ինքը, որպես անհատ, բարոյական իրավունք չունի իրեն ավելի խելացի համարել, քան ժողովրդին, իրավունք չունի կասկածելու սեփական ժողովրդի հավաքական իմաստնությանը: Եվ նրա մտքով էլ չի անցնում ընտրակեղծիքների միջոցով «սրբագրելու» սեփական ժողովրդին, «ուղղորդելու» իր երկրի ընտրողներին: Զարգացած ժողովրդավարությունների և մեր միջև ամենաարմատական տարբերությունը հենց այստե´ղ է: Նրանք էլ գիտեն, որ ժողովուրդները կարող են նաև...սխալվել: Ինչպես, օրինակ, սխալվեցին գերմանացիները, երբ 1932-ին ձայն տվեցին նացիստական կուսակցությանն ու նրա անիծյալ ֆյուրեր Ադոլֆ Հիտլերին: Եվ նրանք այդ դառը դասը չեն մոռացել: Ուստի թույլ են տալիս, որ ժողովուրդն ինքը իր սխալն ուղղի` արդեն հաջորդ ընտրությունների ժամանակ: Նացիստներն, իհարկե, իրենց ժողովրդին զրկեցին 1932-ի ընտրություններում իր թույլ տված սխալը հաջորդ ընտրություններում ուղղելու հնարավորությունից` իշխանության գալուն պես հաստատեցին սանձարձակ դիկտատուրա, ստրկացրին սեփական ժողովրդին, բռնացան նրա կամքին: Դա նացիստական Գերմանիային հասցրեց կործանման; Այս օրինակն աչքի առաջ ունենալով` եվրոպական քաղաքակրթական արժեքներ դավանող ժողովուրդները մշակել են պետական այնպիսի համակարգեր, որոնք բացառում են որևէ նոր ուժի դիկտատուրայի հաստատումը հետպատերազմյան Եվրոպայի երկրներում: Եվ դա նրանց հասցրել է աննախադեպ զարգացման: Եթե մենք ուզում ենք գնալ այդ ճանապարհով, ապա առաջին հերթին պիտի սովորենք հարգել մեր ժողովրդին, պիտի թույլ տանք, որ ընտրազանգվածն առաջնորդվի սեփական առողջ բնազդով, իշխանության բերի նրան, ում տվյալ պահին ամենից ավելի է վստահում` եթե նույնիսկ հետագայում պարզվի, որ ժողովուրդը սխալվել է, անարժանի է ձայն տվել: Միայն այդ պարագայում կվերանա ամեն ընտրությունից հետո դրա արդյունքների նկատմամբ անվստահության արտահայտման կործանարար ալիքը, ներպետական կյանքում արմատախիլ կարվի քաղաքական նիհիլիզմը: Այդ նիհիլիզմը մի ժանգ է, որ ահա արդեն երկու տասնամյակ քայքայում է մեր պետական ու հասարակական օրգանիզմը, խոչընդոտում է մեր առաջընթացը, մշուշում ազգային հեռանկարը: Մեր նորանկախ պետականության զարգացման ներկա փուլում դա առավել քան վտանգավոր շռայլություն է մեզ համար:...

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ