Նպատակային աջակցություն. ԲԱՅՑ Ո՞ՒՄ


«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» նպատակային ծրագրով` մինչև այս տարվա հունվարի 31¬ը պետությունը սուբսիդավորել է 22 շահառուների բնակարանային վարկեր: Նշյալ ծրագրում նախորդ տարի մի շարք փոփոխություններ կատարվեցին: Փոփոխություններ, որոնք հիմնականում մարզաբնակ երիտասարդ ընտանիքներին էին վերաբերում, ծրագրի հեղինակները մեծ հաճույքով համարեցին և այդպես էլ անվանեցին` անկախ դրա արդյունավետությունից: Մարզաբնակների համար վարկի տոկոսադրույքը նախկին 9¬ի փոխարեն սահմանվեց 7,5 տոկոս, իսկ կանխավճարի չափը` 30¬ից իջեցվեց մինչև 10 %: Հրապարակային ելույթներից մեկի ժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, ծրագրի համահեղինակ Արսեն Քարամյանը հավաստեց, թե «աշխարհում չկա նմանօրինակ արտոնյալ մոտեցում, ինչպիսին Հայաստանի երիտասարդ ընտանիքներին է ցուցաբերվում»: Երիտասարդական քաղաքականության վարչության ծրագրերի բաժնի պետ Արսեն Պապյանն էլ վստահ է, որ «Մատչելի բնակարան» ծրագիրը մարզերի երիտասարդների` բնակարան ձեռք բերելու լավագույն տարբերակն է. - Հատկապես մարզերի համար շատ ավելի հարմար է, եթե հաշվի առնենք անշարժ գույքի գները,¬ վստահեցնում էր Ա. Պապյանը: Նման հավաստիացումների ժամանակ հաշվի են առնվում, թերևս, միայն արտաքուստ նպատակահարմար թվացող գործոններ` անշարժ գույքի գին և այլն: Սակայն մարզում ապրող երիտասարդ ընտանիքի միջին աշխատավարձը կամ սպառողական զամբյուղի արժողությունը կարծես չի հուզում պաշտոնատար «մերոնց»: Իհարկե, մարզաբնակների պարագայում միջին աշխատավարձի առկայությունն էլ լավագույն դեպքում` ընդամենը գործազրկություն չէ: Այսինքն` դրանով կենսազամբ յուղ չես ապահովի: - Չէի ասի, որ վարկի տրամադրման իդեալական պայմաններ են, սակայն այս է մեր պետության հնարավորությունները,¬ մի պահ հավանաբար խղճի ձայնին անսալով` անկեղծացավ Ա. Պապյանը: Այդուհանդերձ, ոչ իդեալականի մասին նա չափազանց մեղմ արտահայտվեց: Ազգային Հիփոթեքային Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն` 2010¬ին «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագրից օգտվել են 223 շահառուներ, որոնցից 76¬ը` մարզաբնակ: Ըստ ծրագրի` վարկով ձեռք բերվող բնակարանի գինը չպետք է գերազանցի 16 մլն դրամը: Սա էլ սահմանել են գուցե նրա համար, որ, ասենք, 30 կամ 40 հազար դրամ աշխատավարձ ստացող մարզաբնակ ընտանիքը չփորձի՞ 44 հազար դոլարից թանկարժեք բնակարան ձեռք բերել… Զավեշտալի է: 100 հազարից բարձր աշխատավարձ ստացողներն անգամ կարո՞ղ են հույս կապել 16 միլիոնանոց վարկի հետ: Ըստ ամենայնի` 150 հազարից բարձր ամսական եկամուտ ունեցող երիտասարդներն են, որ կարող են ապավինել վարկավորման այս ծրագրին: Նման ընտանիքներ մարզերում եթե պատահում էլ են, ապա ընդամենը մատների վրա կարելի է հաշվել: Այսինքն` պետական նպատակային ծրագիր կոչվածը կարծես` մի տեսակ, կորցնում է նպատակը. մի՞թե այն ևս կոչված է բարեկեցիկ ընտանիքներին աջակցելու… Եվ, առհասարակ, ո՞րն է դրա իրական նպատակը, եթե «մահկանացու» ընտանիքներին ակնհայտորեն հասանելի չէ: Դժվար թե այն տարբերակն է, երբ մի խումբ բարի քեռիներ որոշել են «թև ու թիկունք կանգնել» ազգիս ջահելներին: Ավելի շուտ կարելի է ենթադրել. կամ պաշտոնատար ու գործարար քեռիները մի քանի «տրցակ» չիրացվող բնակարաններ ունեն, որոնք ձգտում են շուտափույթ սպառել, կամ մտադիր են աջակցել… վարկատու կազմակերպություններին: «Կամ»¬երի թիվն իրականում ավելին էլ կարող է լինել` միայն թե բնակարանի կարիք ունեցող շարքային երիտասարդ ընտանիքները ոչ մի կերպ չեն կարող ծրագրից օգտվողների շարքում լինել:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ