Հանդիպում գիտության և մշակույթի գործիչների հետ


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ընդունելով «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նրանց և նշել, որ մտավորականներն ամենասպասված հյուրերն են բոլոր զորամասերում: Գիտության, մշակույթի գործիչներին, պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներին և Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել են 2010 թ. կատարված աշխատանքները, քննարկվել ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը: Անդրադառնալով զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության և հայրենաճանաչության ուղղությամբ կատարվող աշխատանքներին` Սեյրան Օհանյանը չափազանց կարևորել է հասարակական աջակցությունն այդ նվիրական գործին: Ելույթներով հանդես են եկել նաև ծրագրին մասնակցած մտավորականներ ու կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ: - Հայոց բանակը մեր ամենօրյա հպարտության առարկան է: Ոգեշնչված ենք այս համագործակցությամբ և մեծագույն հաճույքով ենք շարունակելու համատեղ աշխատանքները,- ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: