«ԵՐԲ ՔԵԶ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ` ԱՌԱՎԵԼ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ ԵՍ ԶԳՈՒՄ»


ԱՐՏԱՇԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ մեկն է մեր այն երիտասարդ ու շնորհալի անհատականություններից, ով այսօր արդեն ճանաչված անուն է հանդիսատեսի շրջանում` և´ իր հեռուստա-կինոդերերով, և´ թատրոնում ստեղծած բեմատիպարներով: - Արտաշես, զրուցելով հատկապես դեռահասների և երիտասարդների հետ, ես եկել եմ այն համոզման, որ քո ստեղծած կերպարները դարձել են օրվա հերոսներ, ճանաչվել շատերի կողմից: Փաստորեն, դու ստեղծում ես մեր ժամանակների հերոսի մի նոր նախատիպ, որը տարբերվում է հեռուստասերիալներից մեզ «նայող» շատ տիպարներից: Դա որոշակի գեղարվեստական հետևողականության հետևա՞նք է, թե՞ պարզապես այդպիսի կերպարներ են քեզ բաժին հասնում: - Ճիշտ եք, որ հատկապես էկրանին ստեղծված իմ հերոսները տարբերվում են շատերից: Ես նկարահանվել եմ «Որոգայթ» և «Ժառանգներ» սերիալներում, որոնք, իմ համոզմամբ, մեր սերիալային կինոյի լավագույն դրսևորումներից են: Դրանք նաև ավանդույթներ ձևավորեցին: Անպայմանորեն մեծ դեր են խաղացել սցենարական և ռեժիսորական մոտեցումները, սակայն ինքս էլ ձգտել եմ այդ կերպարները հարստացնել անհատային գծերով, թափանցել նրանց հոգեբանական ծալքերը, հրաժարվել «շտամպներից» և «տիպաժային» լուծումներից: Ինձ համար շատ վաղուց գոյություն չունեն «դրական» և «բացասական» բաժանումներ. դրանք արհեստական բնութագրեր են: Ես մարդուն նայում եմ իր բոլոր հատկանիշների մեջ, ցանկանում եմ, որ էկրանին կենդանի բնավորություն լինի, իսկ թե ի՞նչ վերաբերմունք կունենա հանդիսատեսը, կսիրի նրան թե կատի` դա արդեն հենց հանդիսատեսի խնդիրն է: Ես դերի դատախազը չեմ… Չեմ սիրում հենց սկզբից կաղապարել կերպարը, նրան տեղավորել չարչրկված պատկերացումների մեջ: Հանդիսատեսային ընկալումն է կարևորը: - Մինչև հեռուստասերիալներում նկարահանվելը, դու միայն հանդես էիր գալիս Երևանի դրամատիկական թատրոնի բեմում, որը միշտ էլ ունեցել է և ունի կայուն հանդիսատես: Սակայն, բնականաբար, թատրոնի շրջանակները «լայն» չեն` ճանաչման համար: Այսօր քեզ արդեն ճանաչում են, գիտեն: Ինչպե՞ս ես վերաբերվում ճանաչմանը: - Մեր նշանավոր վարպետներից մեկը` Վլադիմիր Մսրյանը, մի սիրած արտահայտություն ուներ. «Երբ ինձ չեն ճանաչում, ես մտածում եմ, որ հասարակությունն արդեն հիվանդացել է»: Իհարկե, երբեմն կատակով էր ասում: Ես չեմ կարող նրա համոզվածությամբ կրկնել այդ միտքը, որովհետև նա բացառիկ ու հզոր անհատականություն էր: Միայն կասեմ, որ ճանաչումն, իհարկե, արվեստագետի համար շատ լավ բան է: Քեզ գիտեն, քեզանով հետաքրքրվում են, քո արածն ինչ-որ մեկին պետք է: Երբ քեզ ճանաչում են, դու առավել պարտավորված ես զգում… Գուցե մի քիչ տարօրինակ բան կա` հաճելի է և պարտավորեցնող, բայց դա է ճշմարտությունը: Քեզ ճանաչում են, նշանակում է` սպասելիքներ ունեն, նշանակում է` դու պիտի լավ խաղաս, նոր գործեր ստեղծես: Հաջողության ու ճանաչման հանգամանքներով միայն ուրախանալը կարող է տանել սխալ ճանապարհով, կարող է արվեստագետին մոլորեցնել: - Ես միշտ ուրախությամբ եմ նշում, որ դու արդեն դառնում ես իմ սիրելի դրամատիկական թատրոնի խաղացանկի ծանրությունը կրող երիտասարդ դերասաններից մեկը. գլխավոր դերեր ես խաղում «Մամա միա», «Արնախումի ընտանիքը» բեմադրություններում… Դու քեզ կարո՞ղ ես այսօր իսկական դրամատիկականցի համարել: - Դեռ շատ դժվար է այդպես մտածելը, որովհետև ես երջանիկ մարդ լինելով` որպես այդ թատրոնի դերասան, այնուամենայնիվ դեռ շատ բան պիտի անեմ ճշմարիտ դրամատիկականցի լինելու համար: Մեծ անհատականությունների թատրոն է եղել Դրամատիկականը, այսօր էլ այս թատրոնում աշխատում են մեր բեմարվեստի շատ մեծեր` Արմեն Խանդիկյան, Գուժ Մանուկյան, Արթուր Ութմազյան… Նրանք շարունակում են այն ավանդույթները, որոնք սկիզբ են առել Հրաչյա Ղափլանյանից: Ես դեռ աշակերտ եմ այստեղ` սովորելու պատրաստ աշակերտ: Առհասարակ, ճշմարիտ արվեստագետ դառնալու համար` մեր երիտասարդ դերասաններն ու բեմադրիչները պիտի գան Դրամատիկականի ներկայացումներին, պիտի աշխատեն տեսնել այն ինքնատիպը, որը կա այստեղ: Վարպետների կողքին են այսօր իմ սերնդակիցները, որոնց արդեն վստահում և հավատում են: Սա նաև այն եզակի թատրոններից է, որտեղ սերնդափոխությունը հիվանդագին չեն ընդունում, մեծերն այնքա˜ն բարյացակամ են տրամադրված մեր հանդեպ: Դա, իհարկե, Արմեն Խանդիկյանի ջանքերով է: - Դրամատիկականը մի ժամանակ նաև երիտասարդական թատրոն էր կոչվում: Այսօր շա՞տ են երիտասարդ հանդիսատեսները: - Շատ չեն, բայց կուզենայի, որ շատ լինեն: Իհարկե, մենք սերտ կապեր ունենք համալսարանների հետ, անգամ ներկայացումներից հետո քննարկումներ են կազմակերպվում, բայց այնքան եմ ուզում, որ իմ հասակակիցները դաստիարակվեն նաև մեր ներկայացումներով: Դրանցում մերկապարանոց բարոյախոսություն չկա: Թատրոնը պիտի դառնա իմ սերնդակիցների կյանքի մի մասը, որպեսզի կարողանան վատն ու լավը, չարն ու բարին զանազանել: Սերիալները, իհարկե, որոշակի դեր խաղում են` որքան էլ ոմանք միայն քննադատեն, սակայն թատրոնի հմայքն այլ է: - Դու դեռ չես ամուսնացել, ուրեմն` դեռ անձնական երջանկությունդ լիարժեք չէ: Ի՞նչ է պետք այսօրվա երիտասարդին` ընտանիք ունենալու, ընտանեկան երջանկութ յուն ձևավորելու համար: - Բարեկեցիկ երկիր, սոցիալական հավասարություն, մտահոգություն երիտասարդների հանդեպ: Իհարկե, վերջին տարիներին քայլեր արվում են, բնակարաններ են կառուցվում, վարկեր են տրամադրվում, բայց դրանք դեռ շատ քիչ են: Ես ուզում եմ, որ Հայաստանը դառնա երիտասարդ մարդկանց երկիր, երիտասարդական երկիր:

Զրուցեց Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ