ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՅԻՑ


Ինչպես մեզ տեղեկացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը, իր գլխավորած նվագախումբը պատրաստվում է տևական ժամանակով հեռանալ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահից: Պատճառն, իհարկե, վերանորոգումը չէ: Ոչ էլ մշակույթի կառավարիչներն են որոշել նշանավոր նվագախմբին զրկել իր մշտական աշխատատեղից, որը ժամանակին մեծ դժվարությամբ նվաճվեց Լորիս Ճգնավորյանի ջանքերով: Մշակույթի նախարարությունն ու համերգասրահի տնօրինությունը որոշել են նվագախմբի հետագա գործունեությունը ծավալել մայրաքաղաքի բուհերում` բուհական դահլիճներն ու սրահներն օգտագործելով որպես համերգատեղիներ: - Գնում ենք դեպի ապագա,- ասաց Է. Թոփչյանը: Գաղտնիք չէ, որ հանրապետության գլխավոր համերգասրահը` հատկապես դասական երաժշտության համերգների ժամանակ, կիսով չափ է զբաղեցվում հանդիսատեսների կողմից, և շատ հաճախ համերգասրահի տնօրինությունը ստիպված է հրավիրատոմսեր բաժանել` այդպես ստեղծելով լեցուն դահլիճի պատրանքը: Իսկ հրավիրատոմսերով կազմակերպվող համերգները չեն կարող ապահովել այն անհրաժեշտ ֆինանսական միջոցները, որոնք պետք են` նվագախմբի գոյությունն ապահովելու համար: Տնօրինությունը ստեղծված դժվարին կացությունից դուրս գալու ելքը տեսնում է շրջագայական համերգների մեջ. հետայսու հանդես գալով բուհերում` նվագախում բը հնարավորություն կունենա և´ հանդիսասրահ ունենալ, և´ լուծել ֆինանսական խնդիրները: Բայց այս ամենից զատ` կա նաև երաժշտության ու ունկնդրի մերձեցման խնդիրը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում հատկապես երիտասարդությունը հեռացել է դասական և սիմֆոնիկ երաժշտությունից, ամենուրեք հնչող «ռաբիսն» ու այսպես կոչված փոփ-երաժշտությունն օտարացում են առաջացրել ունկնդրի և երաժշտության միջև, երաժշտության մի շարք ժանրեր և ոճեր դարձրել այլևս անընդունելի: Մինչդեռ դասական ու սիմֆոնիկ երաժշտությունը քաղաքակրթության դրսևորման արտահայտություններ են, բարձր մշակույթի արտահայտություններ: Ուրեմն, հարկավոր է այսպես ձևավորել նոր ավանդույթներ, վերականգնել այն ակտիվ կապը, որը տարիներ առաջ գոյություն ուներ: Այսօր ամեն ինչ արվելու է, որպեսզի չկորչեն այն ստեղծագործութ յունները, որոնք սերունդներ են դաստիարակել, դարձել են ժամանակների խորհրդանիշներ: Նվագախումբը կփորձի համերգային շրջագայություններ կազմակերպել նաև հանրապետության այլ քաղաքներում, որոնք շատ վաղուց առիթ չեն ունեցել իրենց համերգասրահներում հնչեցնելու սիմֆոնիկ երաժշտություն: