Հայազգի նկարիչը Լիտվայում


2006 թվականն էր, երբ գործուղվեցի Լիտվա վերապատրաստվելու: Դասերին զուգահեռ այցելում էի երկրի տեսարժան վայրեր: Հիշում եմ այսօրվա նման: Շաբաթ օր էր. որոշեցի գնալ Հին Վիլնյուս` զբոսնելու և այցելել վերնիսաժ` ծանոթանալու նրանց մշակույթին: Իմ բարեկամներից նաև լսել էի, որ հայերն այստեղ 1-2 տաղավար ունեն: Հենց այդ տաղավարներից մեկում էլ նկատեցի մի երիտասարդի, ով Մասիս սարն ու հայկական թեմաներով նկարներ էր նկարում: Մոտենալով նրան, ողջունեցի լիտվերենով: Նա չարձագանքեց: Ողջունեցի ռուսերենով, նա հայերեն հարցրեց. - Եթե հայ ես, ինչո՞ւ մայրենի լեզվով չես խոսում: Ես ուրախությունից մի պահ համրացա: Մի փոքր զրուցելուց հետո իմացա, որ ճանաչված հայազգի նկարիչ Արմեն Բաբայանն է, ով արդեն քանի տարի է` ապրում ու ստեղծագործում է մայրաքաղաք Վիլնյուսում: Ցուցահանդեսներով հանդես է եկել տարբեր երկրներում: Ծնվել է 1962 թ. Էջմիածնի Ներքին Խաթունարխ, այժմ` Գեյ գյուղում: Նա շատ զգայուն է, զգացմունքային, իր արվեստին նվիրված անձ: Ընդունակ է բոլորի հետ կիսել թե´ ուրախություն ու թե´ վիշտ: Երբ ես տեսա նրա նկարները, անմիջապես կարոտ ապրեցի դեպի հայրենիքիս հանդեպ. կարոտեցի իմ տունը: Ու որոշեցի բոլորին պատմել Արմենի ու մյուս շնորհալի հայ արվեստագետների մասին, ովքեր նաև Մերձբալթյան երկրներում պահպանում են հայապահպան մեր հինավուրց ավանդույթներն ու սովորույթները, պատմությունն ու արվեստը: Իր կտավներում Արմեն Բաբայանը պատկերում է մարդկային խորին հույզերը: Նրա վրձնին բնորոշ է ցանկացած թեմա` բանականից-փիլիսոփայական, ուրախից -տխուր: - Նկարչությունն այն լեզուն է, որով ես նկարագրում եմ կյանքը և զգում ինքնաճանաչման կարևորությունը,¬ ասում է վիլնյուսաբնակ հայ նկարիչը: Արմեն Բաբայանի մասին իրենց կարծիքն են արտահայտել Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի նախկին տնօրեն Հենրիկ Իգիթյանն ու լիտվացի արվեստագետ Ալֆոնսաս Անդրուշկյավիչոսը:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ