Կենսաբանական զենք. Անտեսանելի մահվան սպառնալիքը


Հին դարերի պատերազմների պատմությունները լի են ջրհորների ու արոտավայրերի թունավորման նկարագրություններով, որոնք նպատակ ունեին առավելագույնս դժվարացնել թշնամու ներթափանցումը սեփական երկրի տարածք: Եվ ինչպես ցանկացած զինատեսակ, «Կենսաբանական զենք» կոչվածքը նույնպես ժամանակի ընթացքում անհավատալի «առաջընթաց» է արձանագել: Երբեմն¬երբեմն տարերայնորեն բռնկվող ժանտախտի, խոլերայի կամ սև ծաղկի համաճարակները ևս օգտագործվել են որպես զենքի սուր ծայր` ուղղորդելով այն իրենց թշնամիների դեմ: Հանրահայտ փաստ է` 14¬րդ դարում Եվրոպայի բնակչության կեսից ավելին մահացավ ժանտախտի համաճարակից: Պակաս հայտնի է, սակայն, այդ համաճարակի բռնկման պատճառը: 14¬րդ դարում Ոսկե հորդայի խան Ջանիբեկն ընդհարվեց կաթոլիկ ջենովացիների հետ այն բանից հետո, երբ թաթարական քոչվորատեղի արոտավայրերը ծածկվեցին սառցե հաստ շերտով: Անասունները սկսեցին սատկել, սարսափելի սով սկսվեց, ինչից փրկվելու համար թաթարներն իրենց երեխաներին վաճառում էին ջենովացիներին: Սրանք էլ մեծ բավականությամբ գնում էին մանկահասակ տղաներին ու աղջիկներին` հետագայում առավել մեծ շահույթ ստանալու ակնկալիքով: Իմանալով այդ մասին` Ջանիբեկը սարսափելի զայրացավ ու պատերազմ սկսեց, որի արդյունքների մասին ռուս ազգագրագետ ու պատմաբան Լ. Ն. Գումիլովն իր աշխատություններից մեկում գրել է. «Ջանիբեկի զորքը պաշարեց ջենովական ուժեղ Կաֆու ամրոցը (ժամանակակից` Թեոդոսիան): Բայց քանի որ ջենովացիներն ունեին նավատորմ, իսկ թաթարները` ոչ, ամրոցը նրանց համար գործնականում անառիկ էր: Այդժամ Ջանիբեկը հրամայեց կատապուլտի միջոցով ամրոցի պարիսպներից ներս նետել ժանտախտից մահացած մարդու դին: Այն թռավ պարիսպների վրայով ու գետնին զարկվելով ջախջախվեց: Բնականաբար, Կաֆուում ժանտախտի համաճարակ բռնկվեց: Ջենովացիները ստիպված էին թողնել ամրոցը, և կայազորի կենդանի մնացած զինվորները ճանապարհ ընկան դեպի տուն: Ճանապարհին նրանք կանգ առան Կոստանդնուպոլսում ու ժանտախտը սկսեց ազատորեն շրջել նաև այնտեղ, հենց այնտեղից էլ ներթափանցելով Եվրոպա: Ու եթե ի նկատի առնենք նաև, որ ճիշտ այդ ժամանակ արևելքից դեպի արևմուտք էին տեղաշարժվում ասիական հող փորող մոխրագույն առնետները` ժանտախտի հիմնական տարածիչները, «սև մահը» պատեց ողջ Արևմտյան Եվրոպան: Այն ժամանակ մահացավ Հարավային Իտալիայի բնակչության մեծ մասը, Գերմանիայի բնակչության 3/4¬ը, անգլիացիների 60 տոկոսը: Կարծում եմ, այլևս ավելորդ է լրացուցիչ բառ վատնել պարզաբանելու համար կենսաբանական զենքի հրեշավոր էությունը: Հակառակորդի վրա միկրոօրգանիզմների օգտագործմամբ ներգործելն էլ հենց ստացել է «կենսաբանական զենք» անվանումը: Ներկա պահին մարդկությունը դեմ¬հանդիման կանգնած է աննախադեպ կենսաբանական եղեռնի սպառնալիքի առջև ու առաջինն այդ շարքում Սահարա անապատից հարավ ընկած, այսպես կոչված «սև Աֆրիկայի» բնակչությունն է: Հենց նրանք են հանդիսանում երկրագնդի վրա մարդկային բեռի «թեթևացման» առաջին թիրախը: Աֆրիկյան երկրներում ՄԻԱՎ ՁԻԱՀ¬ի համավարակը սպառնում է գրեթե ամբողջությամբ վերացնել տեղի բնակչությանը: Այսօր հենց Աֆրիկայում են ապրում այդ հիվանդության վարակակիրների ավելի քան 95 %¬ը: Ճիշտ նույն վիճակագրությունն է նաև որբացած երեխաների պարագայում, որոնց ծնողները մահացել են ՄԻԱՎ¬ից: Տարածաշրջանի մի շարք երկրներ արդեն անցել են, այսպես կոչված, «հետդարձի կետը» ու դանդաղ գնում են դեպի չգոյություն: Այդ գործընթացը կարող է և սրընթաց դառնալ, եթե ծայր առնի մի որևէ, ասենք, սև ծաղկի համաճարակ: Պատվաստումները ոչ մի արդյունք չեն տա, ավելի ճիշտ, մարդիկ կմահանան հենց նույն այդ պատվաստման արդյունքում: Իմունային համակարգի դիմադրողականությունը կորցրած օրգանիզմները չեն դիմանա անգամ ներարկված չնչին չափաբաժնին: Իսկ եթե այդ, կամ մի այլ համաճարակ բռնկվի ոչ տարերայնորեն, ոչ թե բնական ճանապարհով, այլ միտումնավո՞ր… Երկրագնդի բեռը ահագին «կթեթևանա», ճի՞շտ է: 1966 թ. աշխարհում ընդամենը 6 երկիր էր տիրապետում միջուկային զենքին` ԽՍՀՄ¬ն, ԱՄՆ¬ն, Անգլիան, Ֆրանսիան, Չինաստանը և Իսյայելը: Այժմ նրանց են միացել Հնդկաստանն ու Պակիստանը: Վաղը այն կհայտնվի Իրանի, Հյուսիսային Կորեայի, Եգիպտոսի, լատինա-ամերիկյան երկու հսկաների մոտ, Խաղաղօվկիանոսյան տարածքաշրջանում: Դե, իսկ այն երկրների քանակը, որոնք կտնօրինեն թունավոր նյութերով և արևադարձային սարսափելի հիվանդություններով լի մարտագլխիկներ, որ կարող են հեշտությամբ ամայացնել ամբողջական քաղաքներ, շատ ավելին կլինի: Հենց միայն Էբոլայի վիրուսը, որն ունակ է հաշված ժամերի ընթացքում մարդու ներքին օրգանները վերածելու արյունոտ խառնուրդի, ինչ ասես արժի: Էլ չասած տասնյակ արյունաքամ անող սոսկալի տենդերը, որոնց կողքին հին¬բարի ժանտախտը հառնում է որպես թեթև մրսածության նման մի բան: Ժամանակակից պայմաններում անհրաժեշտ է վերահսկել և կառավարել բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումները, ստեղծել պատվաստանյութի և դիագնոստիկայի միջոցների պաշար: Ծագած արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ է արագ ի հայտ բերել ու սահմանափակել վարակիչ հիվանդությունների տարածումը: Եվ այդ առումով առանցքային տեղն անտարակույս պատկանում է համաճարակաբանական հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային կենտրոններին:

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ