ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ… ԴԺԲԱԽՏԱԲԱՐ ՈՉ ԿԱՏԱԿ


Թե ինչ կլինի հետո, եթե ապրիլի 1-ից գազի, ջրի ու էլեկտրաէներգիայի գործող սակագները միաժամանակ ու շեշտակիորեն բարձրանան` թերևս դժվար չէ պատկերացնել: Ու ընդհանրապես, հատկապես վերջին շրջանում, ամեն մի ամփոփվող ամսվա մասին խոսելիս մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ ապրելը հայոց աշխարհում նորից հետզհետե դժվարանում է: Այդուհանդերձ, այս ապրիլի 1-ին նույնպես տեղի է ունենալու այն, ինչը կատարվեց նախորդ տարի ու հենց նույն օրը: Տարբերությունը միայն այն է, որ եթե այն ժամանակ միայն գազի սակագինը բարձրացավ, ապա այս տարի բնակչությանը մատուցվող ծառայությունների գնային վերանայումն ավելի ընդգրկուն բնույթ է ունենալու: Կասկածից վեր է նաև, որ, սովորականի պես, հանրությունը, իր բախտն անիծելով, ավելի է ձգելու առանց այդ էլ ձգված գոտին: Ի վերջո, չի եղել մի դեպք, երբ, ասենք, գազ սպառողներս ընդվզենք ու ի նշան բողոքի` հրաժարվենք երկնագույն վառելիքից … Էլ ո՞ւր մնաց, թե հիմա էլ ինքնակամ մեզ ծարավի կամ, էլեկտրաէներգիա օգտագործելուց հրաժարվելով` խավարի դատապարտենք: Կարճ ասած` մատակարար կազմակերպությունների հրամցրած նոր գների դեմ ուղղվելիք հնարավոր բոյկոտի հեռանկարը դեռ էս գլխից անհավանական կարելի է համարել: Հանրությունը կամ որ նույնն է` սպառողները, նման տրամադրվածություն ոչ ունեցել են, ոչ էլ ըստ երևույթին կարող են ունենալ: Դրան կարող է նպաստել գովելի ջանասիրությամբ մշտապես կազմակերպվող անհրաժեշտ քարոզչությունը… Կասկածից վեր է, որ շատ շուտով սակագները վերանայել պատրաստվող կառույցները ներկայացնող պաշտոնյաներն, իրար հերթ չտալով, հեռուստաէկրաններին են հայտնվելու` սպառողներին համոզելու, թե վերջին շրջանում իրենք մեծ վնասներով են աշխատել ու գործող սակագներն էլ ճարահատյալ են վերանայել: Ավելի հետաքրքիր է, որ այս մարդիկ մեզ փորձելու են նաև հավատացնել, թե թանկացումները դեռ ինչ-որ տեղ իրենք ջանացել են հօգուտ սպառողների մեղմել ու մեծ դժվարություններ հաղթահարելով, կարողացել են ինչ-ինչ զիջումների գնալ: Իսկ խոստովանություն-արդարացումների վերջին ակորդը սովորաբար հնչում է ավելի ուշ` դիցուք, մեկ տարի հետո, այն էլ` ծառայությունների սակագները նորից վերանայելու համար լավ նախահիմքեր ստեղծելու նպատակով: Այնպես որ, եթե նախկինում ապրիլի 1-ը մեզանում նշվում էր որպես հումորի ուրախ օր, ապա վերջին տարիներին այն առավելապես նշանավորվում է նորանոր թանկացումներով` կատարելապես ստվերելով կատակելու-ծիծաղելու տրամադրությունները: Ընդ որում, առաջիկա ապրիլից հայրենի տնտեսվարողներին ավելի դժվարին ժամանակներ են սպասվում: Այսպես, եթե բնակչությանը մատակարարվող 1.000 խմ գազի սակագինը ներկայիս 110-ի փոխարեն 154 դոլար է դառնալու, ապա ձեռնարկությունների պարագայում գործող 153 դոլարանոց վճարաչափը միանգամից 230 դոլարի է հասցվելու: Այսուհանդերձ, շարքային քաղաքացիներին նշված տարբերությունը բոլորովին էլ չի մխիթարի: Դեռ մի քանի տարի առաջ, երբ «Հայռուսգազարդը» հանրապետությունով մեկ զանգվածային գազաֆիկացման ծրագրով հանդես եկավ, հիմա արդեն խորհրդանշա կան թվացող այն ժամանակվա սակագինը չափազանց գայթակղիչ էր թվում, ու մարդիկ էլ երկնագույն վառելիքը կենցաղային խնդիրները հոգալու մատչելի ու անփոխարինելի միջոց համարելով` հսկայական ծախսեր կատարեցին… Բայց ստացվեց այնպես, որ հիմա այլևս դժվար է վերհիշել, թե էլեկտրաէներգիայի 25 դրամանոց սակագինը վերջին անգամ ե՞րբ է վերանայվել: Գազի պարագայում մինչդեռ տարին առնվազն մեկ անգամ գնաճ է արձանագրվում` նաև մյուս ծառայություններին մղելով վերանայել սակագները: Իհարկե` ոչ հօգուտ սպառողի: Ու հենց սա է պատճառը, որ մարդիկ իրենց մի տեսակ «քցված» են համարում` սակագների ցանկացած բարձրացում արդարացիորեն չհիմնավորված համարելով: