Հայաստանի մարտահրավերը


Դեռ հնուց Հայաստանն իր աշխարհագրական դիրքի ձեռքը կրակն է ընկել. այստեղ էին խաչվում հին աշխարհի առևտրական ճանապարհները, մեր օրերում այս տարածաշրջանում են գտնվում էներգակիրները: Հետևաբար` այս տարածաշրջանում են խաչվում աշխարհի հզորների շահերը: Պատկերավոր ասած` տարածաշրջանն իրենից ներկայացնում է մի եռացող կաթսա, որից հզորները ջանում են առանց սեփական ձեռքերն այրելու առավել համեղ պատառներ կորզել: Եվ այդ կաթսայի կենտրոնում ոչ իր կամքով հայտնված Հայաստանի նման` բոլոր առումներով փոքր երկրի համար չափազանց դժվար է յոլա գնալ առանց սխալվելու: Հատկապես, երբ մեր ռազմավարական գործընկերը համարվող Ռուսաստանի Դաշնության քաղաքագետների խոստովանությամբ` Ռուսաստանը միշտ չէ, որ միջազգային ասպարեզում պաշտպանում է Հայաստանի շահը: Դրա ամենավառ ապացույցը տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին Մոսկվայի խոչընդոտելն է, որովհետև դրանք հակասում են իր շահերին: Հենց Կրեմլի այդ դիրքորոշման պատճառով Հայաստանը և Իրանը չեն կարողանում իրականացնել իրանական գազը Հայաստանի տարածքով Արևմուտք արտահանելու ծրագիրը, ինչը և° քաղաքական, և° տնտեսական զգալի շահաբաժիններ կբերեր Հայաստանին: Տնտեսական ոլորտում հայ-ռուսական շահերի հակասությունը հանգեցնում է Հայաստանի համար մեկ այլ շատ ավելի լուրջ խնդրի: Իրանը տեսնելով, որ Հայաստանը չի կարողանում առանց ռուսական «դաբրոյի» լուծել իրանական գազն Արևմուտք հասցնող գազատարի հարցը, սիրախաղ է սկսում Թուրքիայի հետ` նպատակ ունենալով գազը Արևմուտք հասցնել նրա տարածքով: Ռուսաստանի շահերին սպառնացող այս վտանգը մեղմելու համատեքստում պետք է դիտարկել Կովկասում առանց Իրանի խաղաղության հարթակ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությանը Մոսկվայի աջակցությունը: Սակայն տարածաշրջանում Անկարայի ակտիվացումը, մեղմ ասած, այնքան էլ չի համապատասխանում Հայաստանի ազգային շահերին: Ակտիվանալով, Թուրքիան փորձում է միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչը հայտնի պատճառներով հակասում է հայ ժողովրդի շահերին: ԼՂ խնդրում Թուրքիայի միջամտության արտահայտությունն է վերջերս «Հուրիեթում» տպագրված այն տեղեկատվությունը, թե Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի միջնորդությամբ կայացած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնություն են ձեռք բերել չորս կետերի շուրջ: Այս տեղեկատվությունը որոշ ժամանակ անց հերքվեց Թուրքիայի պաշտոնական աղբյուրների կողմից: Սակայն այն հանգամանքը, որ «Հուրիեթը» մոտ է կանգնած իշխանական շրջանակներին, թույլ է տալիս եզրակացնել, որ հիշյալ տեղեկատվության ակունքներում հենց իշխանություններն են, և այդ տեղեկատվությունը տարածվել է Թուրքիայի ու Հայաստանի հասարակության տրամադրությունները ստուգելու համար: Ամեն դեպքում անչափ կարևոր է Ադրբեջանին հասկացնել, որ հայ-թուրքական մերձեցումը չի կարող ԼՂ խնդրում հայկական կողմից զիջումների պատճառ հանդիսանալ: Դրա առիթը տրվեց Մյունխենում` խաղաղության քաղաքականության կոնֆերանսի ժամանակ: Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանավեճում փորձեց հիշել հին երգը` արդբեջանական գրավյալ տարածքներից հայկական զորքերը հետ քաշելու մասին: Սակայն ՀՀ նախագահի պատասխանն ավելի քան անզիջում էր. Ղարաբաղի ժողովուրդը զենքի դիմեց բնաջնջումից փրկվելու համար: Նման բովանդակությամբ բանավեճեր Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, անշուշտ, բազմիցս եղել են: Բայց դրանք ծավալվել են բանակցությունների փակ դռների հետևում: Մյունխենում կայացած բանավեճն իր կարևորությամբ առանձնանում է այնքանով, որքանով այն լսելի էր բոլորին` միջազգային հանրության լայն շրջանակներին, հայ և ադրբեջանցի ժողովուրդներին: Ըստ էության, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ հասկացրեց, որ Արցախի խնդրում հայկական կողմից միակողմանի զիջումներ չեն լինելու: Ագրեսիայի մասին Մամեդյարովի ակնարկի հակադարձումը նաև ուղղված էր և° Արևմուտքին, և° Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանին: Խնդիրն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այս երկուսն էլ փորձում են ծառայեցնել իրենց սեփական շահերին: Ե°վ Արևմուտքը, և° Ռուսաստանը փորձում են շահել Ադրբեջանի համակրանքը` տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի հարցում: Իհարկե, յուրաքանչյուրը հակադիր կողմից. Կրեմլը փորձում է հասկացնել Բաքվին, որ վերջինս ակնկալիքներ կունենա Ղարաբաղի հարցում, եթե խանգարի «Նաբուկոյի» ծրագրին, իսկ Արևմուտքը` հակառակը` աշխատում է հիշյալ էներգետիկ ծրագրի իրականացման օգտին: Ահա այս հակասության առկայությամբ ՀՀ նախագահի հիշյալ արտահայտությունը գրեթե մարտահրավերի պես մի բան էր աշխարհաքաղաքական երկու բևեռներին: Այն հիշեցնում էր, որ չի կարելի խաղալ որևէ ազգի ճակատագրի հետ և հաշվի չառնել նրա շահերը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ