Գյուղատնտեսության վարկավորման 3 տարի


«ԳՖԿ»-ն կառավարության կողմից 2005 թ. ամռանը կազմավորվեց որպես կենտրոնացված կառույց, որը կոչված է համակարգել գյուղատնտեսական վարկավորման բոլոր աշխատանքները, ապահովել վարկավորման հասցեականությունը և վարկային միջոցների անկորուստ շրջանառությունը: Այս խնդիրների շուրջ է զրույցը ՀՀ ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Արա ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ: - «Գյուղական ֆինանսավորման կառույց»-ն արդեն երեք տարի է` իրակացնում է գյուղատնտեսության վարկավորման ծրագիրը, որո՞նք են «ԳՖԿ» ԾԻԳ-ի կառուցվածքը և ռազմավարությունը: - Գյուղատնտեսության ոլորտը միշտ եղել է պետության ուշադրության կենտրոնում, այլ հարց է, թե որքան նպատակային են եղել ծրագրերը: Կա արդյունավետության որոշակի ցուցանիշ, որը ժամանակին զուգահեռ փոխվում է` թելադրելով մշակել ավելի ժամանակակից ծրագրեր: Կան տարբեր կառույցներ, որոնք առանձին-առանձին աշխատանքներ են ծավալում: Սակայն պետությունը եկել է մի եզրակացության, որ դրանք կարելի է մեկ կառույցի միջոցով իրականացնել, այդ կերպ կառավարումն ավելի արդյունավետ կլինի, ծրագիրը` վերահսկելի, գումարների տեղաբաշխումը` հասցեական: Այս ամենից ելնելով` ձևավորվեց այն գաղափարախոսությունը, որ այսուհետ գյուղատնտեսա կան բոլոր ծրագրերն իրականացվեն մեկ կառույցի միջոցով, անգամ եթե դրանք տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների առանձին ծրագրեր են` երբեմն միմյանց հետ բովանդակային կապ չունեցող: Այդտեղ կա մի բաղադրատարր` վարկային դաշտ, որ բոլոր տեղերում նույնն է, նույն կանոններով է իրականացվում: Այդ տրամաբանությամբ` 2005 թ. հունվարի 18-ին ՀՀ կառավարության և «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ»-ի (որն ավելի հայտնի է «IFAD» անունով)` գյուղական տարածքների տնտեսական զարգացման մասին միջպետական համաձայնագրի համաձայն` նախատեսվել է ստեղծել կենտրոնացված կառույց` «Գյուղական ֆինանսավորման կառույց» գրասենյակ` ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում: Գրասենյակի ստեղծման նպատակին զուգահեռ միշտ ենթատեքստում ունեցել ենք մի բան` եթե ստեղծվի այդպիսի կառույց, հաջորդ բոլոր ծրագրերը, որոնք կունենան վարկավորման բաղադրիչ, կմիանան մեզ: Ժամանակը ցույց տվեց, որ այդպես էլ եղավ. մեզ հետ սկսեցին համագործակցել այլ կառույցներ ևս: Այնուամենայնիվ, հիմա արդեն մեր եռամյա պատմությունն ամփոփելով ` կարող ենք որոշակի արդյունքներից խոսել. առաջինն սկսել ենք «IFAD»-ի ծրագիրը. վարկավոր ման համար նախատեսված էր 8,9 միլիոն ԱՄՆ դոլար: Այս գումարը տեղաբաշխելու նպատակով մեր գրասենյակն առնվազն 10 բանկի հետ կնքել է պայմանագիր: Ծրագրի շրջանակներում տեղաբաշխված է 8 միլիոնը: Վարկառուների թիվն անցնում է 300-ը, և ոչ նպատակային (ոչ հասցեական) օգտագործման որևէ դեպք հայտնաբերելու դեպքում անմիջապես արձագանքել ենք: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորել ենք 7 մարզ (չեն ֆինանսավորվել Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերը և Երևան քաղաքը): Գյուղատնտեսությունը, որքան էլ վարկավորման կարիք ունի, միևնույն է, ռիսկային գոտի է, և ֆինանսավորումը` քիչ եկամտաբեր: Կառավարությունը մեր առջև երկու իրարամերժ խնդիրներ դրեց` թույլ չտալ գումարների ոչ հասցեական օգտագործում և կորուստ` ռիսկային ոլորտում դրա տեղաբաշխմանը զուգահեռ: Մեր կողմից մշակված և «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ»-ի և ՀՀ կառավարության կողմից հաստատված մեխանիզմի շնորհիվ` երկու իրարամերժ խնդիրները կարողացանք լուծել: Ժամանակը տվեց գնահատականը. 2006 թ-ի արդյունքներն ամփոփելով` համաշխարհային բանկը մեզ միացավ 5.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկային ծրագրով, որն արդեն կարելի էր տեղաբաշխել ամբողջ ՀՀ տարածքով: Դա մեր երկրորդ ծրագիրն էր: Այդ ծրագրի շրջանակներում տեղաբաշխված է 4.1 միլիոնը, և շահառուների թիվը հասնում է 100-ի, այսինքն` դրանով լուծեցինք նաև այն երեք մարզերի խնդիրները : - Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ Հայաստան» «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի կատարման առումով: - «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ Հայաստան»-ի դերը հատուկ կարևորում եմ, որովհետև կոմերցիոն ծրագրերի մեջ էական տարբերություններ կան: Մեր աշխատանքների ուսումնասիրության արդյունքում հիմնադրամը եկավ այն եզրակացության, որ կարող է մեզ հետ համագործակցել և մեզ տրամադրեց «Ջրից դեպի շուկա» ծրագրի իրականացման համար 8.5 միլիոն ԱՄՆ դոլլար, որի 1-ն փուլում 2008-ին պետք է տեղաբաշխվեր 1.5 միլիոնը: Եթե նախկին 2 ծրագրերում ունեինք վարկի միջին տոկոսադրույքներ` առաջինը` 11-12%, երկրորդը` 12-13%, ապա այստեղ վերին շեմը 7.5-9.5% է: Ծրագրի նպատակը գյուղացիներին աջակցելն է: Այս ծրագրի թիրախը համեմատաբար փոքր բիզնես-տնտեսություն իրականացնող գյուղացիներն են: Նախորդ երկու ծրագրերով ֆինանսավորեցինք խոշոր և միջին բիզնես իրականացնող վերամշակող ներին, իսկ մատակարարը կարծեք անտեսվել էր: «ՋԴՇ»-ի թիրախը մատակարար խմբերն են: Մի կենտրոնից ղեկավարելով` տրամաբանությունը հստակ դարձավ: Այս համատեքստում բոլոր թիրախային դաշտերն ընտրված են: ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ քննարկելով թեման` եկանք այն եզրակացության, որ 1-ին 2 ծրագրերով կֆինանսավորենք վերամշակողներին, իսկ 3-րդ ծրագրով` մատակարարներին: Այս դեպքում արդեն աշխատանքը բազմաբնույթ է. շահառուները շատ են, վերլուծությունները, դրանց հասցեականության հսկողությունը, փաստաթղթավորումը, փոխանցումները` ծավալուն: - ՀՀ կառավարությունն իրականացնում է վարկերի տոկոսների սուբսիդավորման փորձնական ծրագիր: Ձեր կառույցին է հանձնարարված դրա իրագործումը. ի՞նչ փուլում է ծրագիրը: - Իրականացված բոլոր 3 ծրագրերն էլ կոմերցիոն բնույթ ունեն: Մենք վերցնում ենք որոշակի տոկոսադրույքով գումար և տալիս բանկերին` թույլ տալով ինչ-որ տոկոսով տեղաբաշխել: Բայց պետությունն իր առջև գյուղատնտեսության ոլորտում այլ խնդիրներ ունի, որոնք կորմերցիոն ծրագրով չեն լուծվելու: Հայաստանում մենք ունենք շատ աղքատ համայնքներ, որտեղ վարկ առհասարակ չի տրամադրվում, որովհետև բնակչությունը վճարունակ չէ: Մենք լուծում ենք բնակչության վճարունակության խնդիրը, ապա վարկավորման վիճակն էապես փոխվում է: Ելնելով այդ տրամաբանությունից` կառավարությունն ընդունեց սուբսիդավորման հայեցակարգ. նախատեսվել է ավելի աղքատ համայնքներին ցանկացած բանկային կազմակերպություն (ով որ կհամաձայնի) վարկ տրամադրի (դրանք Աշոցքի, Ամասիայի և Ճամբարակի 60 համայնքներն են): Պետությունը 10%-ով կփոխհատուցի վարկառուի տոկոսների վճարումը, ընդ որում, սուբսիդավորվելու են այն վարկերի տոկոսադրույքները, որոնք տրվել են 2008 թ-ի հունիսի 30-ից մինչև 2009 թ-ի հունիսի 30: Սուբսիդավորվելու են մինչև 5 միլիոն դրամի չափով վերցված վարկերը: Կառավարությունը դեմ է մնացորդի վրա չհաշվարկվող տոկոսադրույքները սուբսիդավորելուն… Ուզում ենք կոմերցիոն դաշտում ստեղծել վճարունակ քաղաքացիներ, և ոչ թե նպաստի տեսքով այդ գումարը տրամադրել, որովհետև սուբսիդավորումը համաշխարհային տնտեսության մեջ համարվում է ծայրահեղ գործիք: Հիմա ծրագիրն իրականացման փուլի մեջ է: 60 համայնքներում ունենք արդեն ֆինանսավորված, սուբսիդավորված որոշակի ծրագրեր: - «ԳՖԿ» ԾԻԳ-ի առաջնահերթ անելիքները 2009 -ին: - 2009 թ. ընթացքում «ՋԴՇ»-ի ծրագրով նախատեսված է իրականացնել շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկավորում (կանոնների մեջ, իհարկե, որոշակի փոփոխություններ կան, որոնք չեն վերաբերում շահառուներին և գումարի ընդհանուր չափին): «IFAD»-ի ծրագրում ունենք մոտ 700-900 հազար դ, որը պետք է տեղաբաշխել մինչև սեպտեմբեր ամիսը և համաշխարհային բանկի կողմից` 1.1 միլիոն դ., սա էլ` ողջ տարվա ընթացքում: Ծրագրի գործընթացը տարածաշրջանում համարվում է ամենաօրինակելիներից մեկը: Այս տարի արդեն ունեք համաձայնություն, որ եթե նմանատիպ ծրագիր սկսվի, ապա մեր կողմից փորձի փոխանակում կլինի: Ստորագրվել է միջպետական համաձայնագիր. «IFAD»-ի հաջորդ ծրագրով նախատեսվում է 2 միլիոն դ.` մեր կառույցի միջոցով շրջանառելու համար, իսկ համաշխարհային բանկը 2010 թ-ին` 7 միլիոն: Ավելացնեմ նաև, որ ծրագրի մասին հանրային իրազեկումը առաջիկայում է°լ կլինի պարբերաբար և ավելի թափանցիկ:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ