ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՈՎ


Այցեքարտ. ԳԵՐԱՍԻՄ ՄԻՐԶՈՅԱՆ. Ծնվել է Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում: Ավարտել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետը: Աշխատանքային մկրտությունը ստացել է ԳԱ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, ուր պաշտպանել է թեկնածուական թեզը` դեղանյութերի հիմք հանդիսացող կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզի թեմայով: Մասնակցել է Արցախյան շարժմանը: Ազգային զարթոնքի տարիներին հիմնադրել է «Այգեձոր» հայրենակցական միությունը և իր համերկրացիների հետ սահմանամերձ գյուղը պաշտպանել դրկից հրոսակների հարձակումներից: Այժմ բնակվում է Մոսկվայում, ղեկավարում է գիտաարտադրական ձեռնարկությունների միավորումը, քաղաքի դիրեկտորների խորհրդի անդամ է: 1994-ին, սակայն, ինչպես ինքն է ասում` - Քաղաքական մոտիվներով «դուրս եմ հրավիրվել» Հայաստանից և հիմնավորվել Մոսկվայում, ուր ապրում ու աշխատում եմ: Ունեմ 5 զավակ. նրանցից 2-ը, ինչպես նաև թոռնիկս, ծնվել են Մոսկվայում: Գ. Միրզոյանը հիմա արդեն շատ հանգիստ է պատմում դժնի այն ժամանակների մասին, երբ ստիպված էր ապաստան որոնել հայրենիքից հեռու: - Այն տարիների իշխանության որոշ ներկայացուցիչների և իմ քաղաքական հայացքների հակադրության պատճառով ստիպված էի հեռանալ հայրենիքից: Սակայն Մոսկվա տեղափոխվելուց հետո Ինտերպոլով ինձ հետախուզում էին հայտարարել` չնայած ես Հայաստանից հեռացել էի հենց պետական այրերի կողմից տրված «հանձնարարականով»: Հետապնդումները վերսկսվեցին հատկապես այստեղ իմ սկզբնական հաջողություններից հետո` ֆինանսական միջոցներ կորզելու նպատակով: Առաջին կառավարության փոխվելուց հետո միայն հետապնդումները վերացան: Եվ, ինչպես պնդում էին Ինտերպոլի որոշ աշխատակիցներ` հետապնդման այդ մեխանիզմը մշակվել էր նորանկախ Հայաստանը այն ժամանակ կառավառողների կողմից` դրսում գտնվող հայրենակիցներից իրենց «բաժինը» կորզելու նպատակով: Իսկ ինչ վերաբերում է վերադարձին, ապա մեր զրուցակիցը դա բացատրում է այսպես. - Եթե զգամ, որ Հայաստանում ապրելով ավելի օգտակար կլինեմ իմ երկրին, քան կարող եմ այստեղից օգնել, ապա կվերադառնամ: Թե° ես, թե° ընտանիքիս անդամները հաճախ ենք լինում Հայաստանում: Զավակներս և թոռնիկս դաստիարակվում են հայեցի, խոսում են հայերեն: - Դուք հետաքրքիր ծրագրեր ունեք, բայց դրանցից 2-ն իսկապես ինքնատիպ են, դրանք, անշուշտ, կհետաքրքրեն մեր հայրենակիցներին: - Այդ ծրագրերը ժամանակի հրամայականն են և բխում են նույն ակունքից: Հայտնի է, որ մտավոր ներուժը հասարակության զարգացման հիմնական շարժիչն է, և այսօր էլ այն բարձր է գնահատվում: Ինտելեկտը, ի վերուստ, այն էլ` ոչ բոլորին տրված շնորհ է և քիչ մրցակիցներ ունի: Այս բնագավառում, համոզված եմ, հայերը մեծ հնարավո րություններ ունեն: Իմ կողմից մշակված և արդեն իրագործման նախաշեմին հասած նախագծերից մեկը ժամանակակից ավտոմեքենաների շարժակազմերի տեխնիկական սպասարկումն է, նրանց ինտելեկտուալ սարքավորումների վերանորոգումը: Ավելի ստույգ` ավտոմեքենաների ցանկացած անսարքության ախտորոշում` կապի ժամանակակից միջոցների շնորհիվ` անկախ տվյալ մեքենայի գտնվելու վայրից: Այս համակարգի ներդրմամբ հնարավոր կլինի օպերատիվ կերպով արձագանքել ավտոմեքենաների ինտելեկտուալ սարքերի ամեն տեսակի խափանումներին, ինչպես նաև կառավարելի դարձնել ինքնաշարժերի արդյունավետ և անվտանգ շահագործումը: Սովորաբար մեքենատերերը հայտնվում են անորոշ իրավիճակներում իրենց մեքենաների անսարքության իրական պատճառների մասին պատկերացում չունենալու հետևանքով: Ժամանակակից ինքնաշար ժերի կատարելագործված ներքին ախտորոշիչ ազդանշանային համակարգը հուշում է, իհարկե, անսարքության մասին, սակայն վարորդները հաճախ անտեսում են այն` չիմացության պատճառով: Եվ բոլորը պարտավոր էլ չեն մասնագետ լինել: Մինչդեռ մեր առաջարկած համակարգի պարագայում նրանք ցանկացած վայրից հնարավորություն կունենան տեղեկատվական կենտրոնին հաղորդել անսարքության մասին տեղեկատվությունը: Իսկ արագ արձագանքման մասնագիտացված խումբը կարող է հեռակա խորհրդատվությամբ, կամ անհրաժեշտության դեպքում, անհապաղ հասնելով տվյալ ավտոմեքենայի գտնվելու վայրը, օգնել` արագ վերացնելու անսարքությունը: Զուգահեռաբար ինքնաշարժերի ինտելեկտուալ սարքերի սպասարկման տեխնիկական կենտրոնում կազմակերպվելու են դասընթացներ, որտեղ պետք է պատրաստվեն բարձրորակ կադրեր` ժամանակակից բեռնատար և ուղևորատար ավտոտրանսպորտի վարորդներ և տեխնիկական մասնագետներ պատրաստելու համար: Սպասարկման նման ամբողջական մեխանիզմ դեռևս չի գործում: Հայաստանում, ի դեպ, ավելի դյուրին կլինի կազմակերպել այդ աշխատանքները. նկատի ունեմ երկրի տարածքային չափերը: Որքան ինձ հայտնի է, այնտեղ առայժմ չկա մասնագիտացված սպասարկում նշված բնագավառում, չկա կենտրոն, որն ամբողջությամբ ու լիարժեքորեն կարող է բավարարել այս բնագավառի պահանջարկը: Առաջիկայում այս ուղղությամբ մեր նկատառումներն ու առաջարկները կներկայացվեն Հայաստանի կառավարությանը և պահանջարկն ու արձագանքներն ուսումնասիրե լուց հետո վերջնականապես կհստակեցնենք մեր անելիքները: - Հրաշալի է: Ձեր մյուս մտահղացումը նույնպե՞ս միտված է մտավոր ներուժի ճիշտ օգտագործմանը: - Ավելի ստույգ` դրա բացահայտմանը, ինչը ավելի եմ կարևորում: Ո°չ Հայաստանում, ո°չ էլ Ռուսաստանում մշակված չեն մարտավարական հեռահար այնպիսի ծրագրեր, որոնք ուղենշում են պետության նկրտումները երեխաների մտավոր զարգացման և դաստիարակության բնագավառում` հաշվի առնելով կյանքի այժմ գոյություն ունեցող ուրբանիզացիայի բարձր մակարդակը, տեխնիկական միջոցների, մանավանդ համակարգիչների ընձեռած հնարավորությունները: Բոլորը գտնում են, որ ամենակարևոր ներդրման օբյեկտը ծնողի համար երեխան է, պետության համար` մատաղ սերունդը, որը պետության վաղվա քաղաքականության կրողն ու իրականացնողն է: Պետության ապագայի համար խիստ կարևոր է, որպեսզի մշակվի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության մարտավարությունը, և գլխավոր ուղղություն համարվի երեխաների զարգացումը պատշաճ մակարդակով կազմակերպելը: Մենք` հայերս, այն ժողովուրդներից ենք, որոնք ավելի մեծ ուշադրություն են դարձնում և միջոցներ չեն խնայում երեխայի մտավոր զարգացման համար: Ու նախապատվությունը տալով գերազանցապես ուսումնառությանը, մեզանում հաճախ անտեսվում է կամ առանձնապես չի կարևորվում ազատ ժամանակի (այդ թվում և զվարճանքների) ճիշտ կազմակերպման անհրաժեշտությունը, ինչը մարդու ինքնազարգացման, էությունից բխող հետաքրքրություններին հագուրդ տալու լավագույն միջոց է: Կրթական համակարգը, հստակ ծրագրերի շրջանակներում, աճող սերնդին որոշակի գիտելիքներ հաղորդելու, նրանց ինտելեկտուալ նվազագույն մակարդակն ապահովելու խնդիր է հետապնդում և այնքան ճկուն չէ, որպեսզի իսկապես անհատական մոտեցմամբ կարողանա համապատասխան ուղղվածություն տալ երեխաների մտավոր ներուժին: Այս ուղղությամբ իմ ծրագրի նպատակն է պատշաճ ուշադրություն դարձնել մարդկային մտավոր կարողությունների բացահայտմանն ու ուղղորդմանը` սկսած վաղ հասակից: Հասունացել է ներդրումային ազգային կենտրոններ ստեղծելու անհրաժեշտությունը: Կենտրոններ, որտեղ ընդհանուր կրթությանը զուգահեռ հավասարաչափ և նույնիսկ ավելի շատ ուշադրություն կհատկացվի անզբաղ, ժամանցային խնդիրներին` ժամանցը դարձնելով երեխայի մտավոր կարողությունների զարգացման, նրա բնական օժտվածության ուղղությունների բացահայտման հզոր միջոց: - Եթե կարելի է` մի փոքր ավելի հանգամանորեն ներկայացրեք Ձեր այդ ծրագիրը, որն իսկապես նորություն կլինի: - Կենտրոնը պետք է լինի բնությամբ շրջապատված փակ մասնաշենքերի մի համալիր: Այն պետք է ունենա արհեստական բազմապիսի լանդշաֆտներ, ջրային մակերեսներ, առուներ և ջրվեժներ, արհեստական ժայռեր, լողավազան և սահադաշտ, նաև ձմեռային այգի, որտեղ պետք է կազմակերպվեն մրցույթներ և խաղեր, որպեսզի ոչ մի պահ չընդհատվի երեխայի կապը բնության հետ: Այսինքն, դասարանային-լսարանային պայմաններից բացի, Կենտրոնի ընդարձակ տարածքներում այցելուներն ու սովորողները պետք է շփվեն կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներով «բնակեցված» կենդանի բնության հետ: Քաղաքում երեխան ժամանակի մեծ մասն անցկացնում է պատերի ներսում (մանկապարտեզ, դպրոց, տուն, համակարգչային խաղեր, հեռուստացույց…), մեր համալիրում նա կարող է նաև լիարժեք հանգստանալ բնական պայմաններին մոտիկ միջավայրում, միաժամանակ յուրացնել գիտելիքներ և հմտություններ: Համալիրը լինելու է ֆիզիկական, կրթական, առողջապահական և հոգևոր զարգացման միացյալ կենտրոն` հասարակական ծառայությունների տասնյակ բաժանմունքներով, որոնցից առաջինը ախտորոշման բաժինն է: Գործելու են նաև ազատ ժամանակի կազմակերպման և ընտանեկան ակտիվ հանգստի ապահովման, գեղագիտական հակումների զարգացման, ապագա մասնագիտության կանխորոշման ու նախապատրաստվելու, հյուրանոցային, հասարակական սննդի և առևտրի, բուժական, կենցաղային սպասարկման, հետազոտական և ներդրումային, լրատվական և այլ ծառայություններ: - Եվ այդ ամենից կարելի է նաև շահույթ ստանալ… - Այո: Սակայն մեր բուն նպատակը ոչ միայն բարձր շահույթ ստանալն է, այլև, ինչպես նշեցի, պետության ապագա տերերի մտավոր ունակությունները կանխատեսելն ու դրանք ճիշտ զարգացնելն է, երեխային ի սկզբանե ճիշտ կողմնորոշելը: Կենտրոնի համար ելակետային են լինելու երեխայի հակումների բացահայտման նախնական աշխատանքները` սկսած նրանց ծնողների գենետիկ հատկանիշներից, անհատական ունակությունների ուսումնասիրությունից, նաև հաշվի առնելով երեխայի սաղմնավորման և նրա ծնվելու պահը: Այս ամենն անհրաժեշտ են լինելու, որպեսզի հետագայում ժամանակակից մեթոդների կիրառմամբ ստացվող արդյունքների հետ համադրելով, կարողանանք ստանալ երեխայի ինտելեկտուալ ընդունակությունների ճիշտ բնութագիրը և հայտնաբերել նրա հակումների դրսևորման բնագավառները: Այս արդյունքների հիման վրա էլ, բնականաբար, կարվեն առաջարկություններ` ուղղորդելու երեխայի մտավոր կարողությունները: Իհարկե, մեր աշխատանքներն այսքանով չեն սահմանափակվելու: Համալիրը դառնալու է մանկավարժության հզոր գիտահետազոտական կենտրոն, շարունակելու է հետևել և ուսումնասիրել իր առաջարկների արդյունքները` մշակելով ավելի կատարյալ մեթոդներ: Նշեմ, որ արդեն պատրաստ է համալիրի բիզնես-պլանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լիարժեքորեն գործելու դեպքում Կենտրոնը դառնալու է ինքնաֆի նանսավորվող ու ապահովելու է բարձր եկամտաբերություն: Այն կարող է սպասարկել 10-15 հազար առայժմ սոցիալապես ապահովված ընտանիքների: - Այն մասնավո՞ր կառույց է լինելու: - Ավելի ճիշտ կլինի ասել` պետական-անհատական ներդրման կառույց, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կունենա իր հետաքրքրությունների շրջանակն ու բաժինը: Մենք առաջարկում ենք 3 տարբերակ` փոքր, միջին և մեծ` պայմանավորված տվյալ տարածաշրջանի կամ բնակավայրի բնակչության թվով: Հայաստանում համեմատաբար դյուրին կլինի առաջին հերթին այն Երևանում հիմնել: Թեև ֆինանսական, տնտեսական պայմանները կարող են դժվարություններ ստեղծել, սակայն կառավարության մակարդակով այդ գործը ձեռնարկելու դեպքում, մեր ժողովրդի նվիրյալ գործիչներից շատերը նույնպես իրենց մասնակությունը կբերեն: Ի դեպ` արձագանքներ արդեն կան, այժմ մշակում ենք համալիր ծրագրի ռեֆերատային ու հիմնադրույթային (թեզիսային) տարբերակները` և° Հայաստանի, և° Ռուսաստանի շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնելու: Իմիջիայլոց` պետության մասնակցությունը խիստ կարևոր է, մանավանդ` նվազ վճարունակ ընտանիքների երեխաներին նույնպես այս համակարգում մեծապես ընդգրկելու առումով: Ներդրվելիք գումարներից (խոսքը աճող սերնդի մտավոր ներուժի բացահայտման ուղղությամբ կատարվող ներդրումների մասին է) պետությունը «շահույթ» կստանա տարիներ հետո` ճիշտ հաշվարկելով, թե ինչպիսի մտավոր ներուժով քաղաքացիներ են մեծանում: Ներդրումներ, որոնք բնականաբար միայն ֆինանսական չեն կարող լինել: Չէ՞ որ կյանքի բոլոր ոլորտները, վերջին հաշվով, բիզնեսի տարբեր դրսևորումներ են, և բոլոր արժեքները` հոգևոր, նյութական թե ֆիզիկական, ներդրման արդյունք են… -Պարոն Միրզոյան, Դուք առաջարկում եք կարևորագույն մի նախագիծ, որը կհետաքրքրի շատերին: Իսկ որտեղի՞ց կարելի է լրացուցիչ տեղեկություններ ստանալ նախագծի մասին: -Իրոք, սերունդների դաստիարակության խնդիրը առօրեական է բոլոր ժամանակներում և պահանջում է մեծ նյութական ծախսեր: Այդ խնդիրը հնարավոր է լուծել պետության և հասարակության կարող ուժերի միջոցներով: Առաջարկվող նախագիծը մի փորձ է համախմբելու այդ ուժերի մասնակցությունը և, բնականաբար կարող են լինել հարցեր, առաջարկներ: Նախագծի մասին տեղեկություններ ստանալու համար պետք է գրել obod_s@mail.ru էլեկտրոնային հասցեով: Հույս ունեմ, որ նախագիծը կդառնա մասնագետների և պոտենցիալ ներդրողների քննարկման առարկան:

Գոհար ԲՈՏՈՅԱՆ