ԱՆՏԱԳՈՆԻԶՄ


Ամերիկյան հելոուի՞նն է ավելի սարսափելի, թե՞ հայկական նոր տարին: Իհարկե´, վերջինը: Հելոուինը չարի տնազ է, երևակայական չարքերի հալածանք` անհոգության ուրախ տոն: Իսկ Ամանորյա նախապատրաստությունը` տարեցտարի ավելի անլուծելի դարձող գլուխկոտրուկ: Մի կողմից սեղանները հնարավոր ամեն ինչով ծանրաբեռ նելու անտրամաբանական մոլուցք, մյուս կողմից` գների խելագար ցատկ...

Երևի շատերի համար մոռացված բառ է անտագոնիզմը, որը սովորաբար դասակարգային անհաշտելիության հոմանիշն էր ինչ-որ ժամանակ: Հայերեն հոմանիշներ էլ կան, իհարկե` ներհակություն, հակամարտություն, անհաշտելի հակասություն: Բայց մեր իրականությանը օտար այդ բառն է բնորոշ, որովհետև մեր բզկտված հոգեբանութ յունը դադարել է ազգային լինել: Քաղաքական ուժերի հակամարտությունը մեղմ բանավեճ է` արտադրող-ներմուծող-վաճառականների և դատարկ գրպանի պարունակութ յունը անվերջ հաշվող ու ամեն հաշվարկից հետո է´լ ավելի թևաթափ դարձող «շարքային» քաղաքացիների միջև մղվող դաժան պայքարի համեմատ: Այս հոգեգար մրցավազքում խիղճ, բանականություն կոչված հնոտիները Հայաստանում կարծես 21-րդ դար չեն հասել (կամ գուցե` ԴԵՌ չեն հասել): Ո՞վ ո՞ւմ ի՞նչ է ուզում ապացուցել. այն էլ` ոչ միայն նախաամանորյա ժամանակահատվածում:

Ասում են` դոլարը թանկացավ, ուրեմն գներն էլ պիտի աճեն: Առանց այդ էլ` արդե˜ն ուռճացված, բազմաթիվ հավելաճ տված գները: Բայց այս անգամ դրանք վեր թռան` մի գիշերում բարձրացատկ արձանագրած դոլարի հաջորդ իսկ օրը: Այսինքն, մթերքը թանկացած դոլարով նույն օ՞րը ներկրվեց: Լավ, բա Ռուսաստանից ներմուծվող պարե՞նը ինչու թանկացավ. չէ՞ որ ռուբլին հետաճ ապրեց:

Անիմաստ է, չէ՞, տրամաբանություն գտնելը: Մանավանդ ասում են, թե ամանօրյա քիչ թե շատ առատ սեղանի համար դեռևս վարկ վերցնողներ կան: Որ ի՞նչ. բանկերին, աստվածուրաց վաճառականներին հարստացնելու և աղբամաններն առատացնելու համա՞ր...

Չէ´, մեր արտադրող-ներմուծող-վաճառականները կարծես թե վրեժ ունեն իրենց հրամցրածը գնողների հանդեպ: Ամբողջ աշխարհում Սուրբ Ծննդյան տոներից առաջ ամեն ինչ էժանանում է: Մարդիկ բարի գործ են անում. ոմանք` որպես յուրատեսակ քավություն, ոմանք` որպես նվիրաբերում, ոմանք էլ գուցե ստիպված, որովհետև համատարած մատչելիության մթնոլորտում թանկը չի վաճառվի:

Եվ չե´ն տուժում ո´չ նրանց գրպանները, ոչ էլ հոգիները: Եկամուտները չեն նվազում, փոխարենը իրենք են զերծ մնում հոգու, խղճի ամոթալի աճուրդից: Իսկ մեր անկուշտ մենաշնորհյալները տարվա վերջին օրը քաղցած հոգով ու հաճույքից փայլող աչքերով կհաշվեն իրենց գեր-գերագեր շահույթները, հետո փրփրաբերան կենաց ճառեր կբարբաջեն, մի քանի օրից էլ հավատի Տաճար կմտնեն` իրենց հավատացյալ զգալով... Սուրբ Ծնունդն էլ (մեղա` Տեր) նրանցից շատերի համար նորաձև ժամանց է դարձել:

Աստված իրենց հետ: Բայց դու մի´ ընկճվիր, հայ մարդ: Դու շարունակիր լուսավոր կետեր փնտրել. դրանք կա´ն: Քո´ որդիները երկիրդ են պահում` հպարտացի´ր: Այս երկիրը քեզանո´վ է պետություն` տե´ր զգա: Տիրոջ պատվիրանները, վերջին հաշվով, դո´ւ ես պահում ու քո´նն է Բարձրյալի ողորմությունը` գոտեպնդվի´ր: