Եկող տարվա մեր ամենամեծ նվաճումը


Թուրքիայում և շրջակայքում առկա գործընթացների ու զարգացումների, Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ է զրույցը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Տեր-ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ:

Ըստ էության, նախագահական ընտրություններից հետո ի՞նչ է փոխվել, ի՞նչ է այժմ կատարվում Թուրքիայում:

Ամենակարևոր առանձնահատկությունը, որի մասին պետք է խոսել, իմ կարծիքով, մինչև գալիք` խորհրդարանական ընտրություններ ընկած ժամանակահատվածն է: Էրդողանի համար չափազանց կարևոր է, որպեսզի հաջորդ ընտրություններում Արդարություն և զարգացում կուսակցությունը ևս մեկ անգամ հաջողություն արձանագրի:

Այժմ խոսակցություններ կան, որ հունիսին նախատեսված ընտրություններն ավելի վաղ` ապրիլին իրականացնեն, սակայն այդ մասին որոշումը պետք է կայացվի մինչև հունվարի կեսը: Այժմ Էրդողանի համար քաղաքական մարտահրավերներ կարծես թե չկան, և նա սլանում է այդ ուղղությամբ, որպեսզի կարողանա արդեն չորրորդ անգամ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանել:

Բայց արդյո՞ք Էրդողանին չի խանգարի Թուրքիայի շուրջ ընթացող պատերազմը:

Եթե նկատի ունեք Իսլամական պետության և Սիրիայի պատերազմը, կարծում եմ, որ իրականում այն կօգնի Էրդողանին, որպեսզի կոնսոլիդացնի հասարակությունն արտաքին վտանգի դեմ: Նաև կօգնի` ազգայնականներին ևս իր կողմը թեքել և ստանալ նրանց աջակցությունը:

Դուք չե՞ք նկատում Թուրքիայի միջազգային մեկուսացումը, հատկապես արևմտյան երկրների կողմից:

Թուրքիայի պարագայում դա մշտական գործընթաց է եղել. հանրապետական Թուրքիայի ողջ պատմությունը դրա օրինակներով լեցուն է: Այժմ ինչ տեսնում ենք, կարծես նորից դրան է տանում, չնայած` նաև շարունակություն է. 2006-2007 թվականներից Թուրքիան չի կատարում Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունները…

- Վերջերս Ռուսաստանի նախագահն այցելեց Անկարա: Պատմությունից գիտենք, որ այս երկու երկրների հարաբերությունները ջերմացել են` երբ երկուսն էլ գտնվել են միջազգային մեկուսացման պայմաններում, ինչը նաև այսօր է առկա:

- Պուտինի վերջին այցը ցույց տվեց, որ այդ երկու երկրները նախ և առաջ առևտրային լուրջ ռազմավարական գործընկերներ են, կարելի է ասել` անփոխարինելի: Հատկապես վերջին պայմանավորվածությունները Հայաստանում մեկնաբանվեցին` շեշտադրելով մտահոգիչ եզրակացությունները, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերութ յունները գնալով ավելի են խորանում: Ըստ էության, Ռուսաստանն իր ձեռքով Թուրքիային է տալիս մի շարք կարևոր ֆունկցիաներ: Օրինակ. Գազպրոմի ղեկավար Միլլերն ասաց, որ Եվրամիությունը Թուրքիային հանձնեց գազային պտուտակը, և Թուրքիան դարձել է էներգետիկ առումով լուրջ միջանցք, համաշխարհային կարևոր գործոն: Այս պահի դրությամբ Թուրքիայով ութ-ինն էներգակիրներ են անցնում: Ջեյհանը աշխարհաքաղաքական առումով դարձել է կարևոր կետ: Գործող և պլանավորվող էներգակիր ները խոսում են այն մասին, որ առնվազն մինչև 2020 թ. Թուրքիայի դերն ավելի է մեծանալու. Եվրոպան էներգետիկ անվտանգության առումով սկսում է կախման մեջ ընկնել արդեն Թուրքիայից:

Բայց «Հարավային հոսք» գազամուղն իրականություն չդարձավ:

Չիրականացավ Բուլղարիայի համար: Պուտինն ասում էր` Կապույտ հոսքին զուգահեռ կկառուցվի Հարավային հոսքը, կմտնի Թուրքիայի տարածք, այնտեղով Հունաստանի սահմանին գազի բաշխիչ կենտրոնից կցրվի ամբողջ հարավային Եվրոպա: Այսինքն, Թուրքիան մենաշնորհային դիրք է ձեռք բերում:

- Բայց Արևմուտքը և Եվրոպան կհամաձայնե՞ն:

Արդեն համաձայնել են: Եվրահանձնաժողովի սխալ դիրքորոշման պատճառով արհեստականորեն շեղեցին Հարավային հոսքի ուղղությունը և հենց հաջորդ օրը հասկացան, թե ինչ աններելի սխալ են կատարել ու փորձեցին դրա հետևանքները վերացնել, բայց արդեն ուշ էր: Ռուսաստանի դիրքորոշումը շատ հստակ է. նրանք չեն պատրաստվում հետ քայլ կատարել: Թուրք-ռուսական գործընթացները, Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունները, հակասությունները, ինչպես նաև Սերբիայի, Հունգարիայի և Բուլղարիայի դիրքորոշումը մեկ այլ խնդիր ի հայտ բերեցին, այն է` Ռուսաստանը իրականում կորցրել է պատմականորեն իր դաշնակիցներին: Սլավոնական ազգերն այժմ, ըստ էության, հակառուսական քաղաքականություն են վարում: Սա Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը պետք է կարևոր ուղերձներ հուշի, որ հարկավոր է շատ բաներ փոխել:

- Այդպիսով մեր ռազմավարական գործընկերը համարվող Ռուսաստանը ջուր չի՞ լցնում Թուրքիայի ջրաղացին, և ռուս-թուրքական ջերմացումը արդյո՞ք տեղի չի ունենա հայկական շահերի հաշվին, ինչպես եղել է անցած դարասկզբին :

- Ես կասկածում եմ, որ մեր շահը երբևէ քննարկվել ու հանրայնացվել է: Ես ուրախ կլինեի, որպեսզի Ռուսաստանը հասկանար, որ մենք էլ ունենք շահեր: Եթե խողովակաշարը Իրանից Հայաստանի տարածքով դուրս գար, Հայաստանի դերն էլ կբարձրանար: Հայաստանին զրկել են նմանատիպ ծրագրերում ոչ միայն ասելիք, այլ նաև տեսակետ ունենալու հնարավորությունից: Պատճառը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առկա խնդիրներն են: Արտաքին քաղաքականությունը պետք է լինի ավելի անկախ: Էներգետիկ խնդիրը Իրան-Հայաստան հարաբերությունների առումով բազմիցս քննարկվել է: Իրանը բազմիցս նշել է, որ պատրաստ է էժան գազ մատակարարել, ինչը ամբողջովին կփոխեր Ռուսաստանի և Արևմուտքի միջև մղվող գազային պատերազմները: Դա Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում. Իրանից Հայաստան եկող գազամուղի դիամետրի անգամ մի փոքր մեծացումը ռուսների համար մեծագույն խնդիր դարձավ: Պետք է ագրեսիվ լինել` նման խնդրի լուծման համար: Այժմ ողջ աշխարհն ընթանում է էներգակիրների տարանցման ուղիներ գտնելու ուղղությամբ: Այսօր Թուրքիան, ըստ էության, էներգակիրների խաչմերուկ է դարձել: 2008 թվականին Թուրքիան հատուկ ռազմավարություն ընդունեց էներգետիկ հանգույց դառնալու ուղղությամբ: Հայաստանը, ցավոք, դուրս է մնացել այս ամեն ինչից: Եթե Իրանի գազը կարողանայինք ստանալ, մենք էլ մեր դերակատարումը կունենայինք:

Ձեր կարծիքով ելքը ո՞րն է. ի՞նչ կարելի է անել Ռուսաստանին համոզելու, ինչպես ասում են, բան հասկացնելու համար:

- Պետք է փոխել ռուսների հետ բանավեճի թեման և լեզուն: Հիմա ԵՏՄ ենք գնում. գուցե այս պարագայում Ռուսաստանը շատ ավելի քիչ հակված լինի խոչընդոտելու Հայաստանին` նմանատիպ տրանզիտ գործընթացներում ներգրավելուն, քանի որ դա կարծես թե կբխի համաեվրասիական տնտեսական շահերից: Գուցե դրանում լինի ինչ-որ նոր միտում, որը կստիպի Պուտինին այլ աչքով նայել Հայաստանին: ՌԴ նախագահը ամեն ինչ խոստանում է Հայաստանի համար, բայց իրականում` զրո արդյունք է…

- Իսկ Ցեղասպանության 100-ամյակը, ինչի մասին այսօր արդեն շատ է խոսվում, որևէ բան կարո՞ղ է փոխել տարածաշրջանում կամ հայ-ռուսական հարաբերություն ներում:

Մինչև հիմա մեր Սփյուռքի քարոզչամեքենան աշխատում է «հիշիր» պահի վրա: Միևնույն ժամանակ տեսնում եմ, որ կա նաև մեկ այլ շարժում, որը միտված է ամբողջությամբ փոխելու դիրքորոշումը Ցեղասպանության շուրջ: Այն է` շնորհակալություն նրանց, ովքեր ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, մեզ հիմա պետք է խոսել հատուցման խնդիրների մասին: Կարծում եմ` 2015 թվականի ամենամեծ նվաճումը կլինի այն, որ մենք Ցեղասպանության հետ կապված` փոխենք մեր ամբողջ ռազմավարութ յունը: Պետք է գործել: Վստահ եմ, որ այդ դեպքում` դաշնակիցներ էլ կհայտնվեն:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ