Քարտեզը` երկրի ծննդյան վկայական


Ռուբեն Գալչյանը ծնվել է Թավրիզում, Հայոց եղեռնի ժամանակ, Վանից տարագիր գաղթականների ընտանիքում: Տիրապետելով ճարտարագետի մասնագիտությանը, տեղափոխվել է Լոնդոն ու սկսել է ուսումնասիրել ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Եվրոպայի գրադարաններում կամ անհատների մոտ գտնված բոլոր այն քարտեզները, որոնցում նշված է Հայաստանը` սկսած Քրիստոսի ծննդից առաջ 6-րդ դարից: Ազգանվեր այդ գործունեության համար Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից արժանացել է պատվո դոկտորի կոչման: Նաև բազմաթիվ արժեքավոր գրքերի հեղինակ է:

- Քարտեզներով հետաքրքրվել եմ դեռ դպրոցական տարիքից. դրանք ուսումնասիրում էի մանրամասնորեն: Կրթությունս շարունակելով Անգլիայում, ավելի հասուն տարիքում առավել խորությամբ սկսեցի հետաքրքրվել դրանցով: 1980-ականներին տեղափոխվեցի Լոնդոն և ամբողջ ազատ ժամանակս տրամադրում էի քարտեզագիտութ յանը: Հին քարտեզների բնօրինակները բրիտանական և տարբեր գրադարաններում տեսնելով, հիանում էի նրանց գեղեցկությամբ: Որոշ աշխատանքներ նույնիսկ յուրովի արվեստի գործեր են համարվում: Հիմնականում միջնադարի ձեռագիր քարտեզների մասին է խոսքը: Ես ափսոսում էի, որ շատ մարդիկ, իմ շատ հայրենակիցներ առիթ չունեն տեսնել նման գեղեցկությունը: Որոշեցի մի փոքր հավաքածու պատրաստել այն քարտեզներից, որոնք ցուցադրում են հատկապես Հայաստան աշխարհի այս շրջանը: Եվ առաջին անգամ` 2003 թ. բանկերից մեկը իմ պատրաստած քարտեզների պատկերներով օրացույց հրատարակեց: 12 քարտեզ էր ընդգրկված այնտեղ, և օրացույցը շատ արագ սպառվեց: Հետո միտք ծագեց. ինչո՞ւ գիրք չհրատարակել: Եվ այդտեղից ես սկսեցի գրքի նախապատրաստությունը:

Քարտեզագրական նյութերի և հատկապես հին ու միջնադարյան քարտեզների իմ հետազոտական աշխատանքը 30 տարուց ավելի է տևել: Արդյունքը եղավ «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» գրքի հրատարակությունը` անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով: Այն մեծ արագությամբ վաճառվեց միջազգային շուկայում:

Այս տարի տոնելով այդ քարտեզագրական աշխատանքի 10-ամյակը, հրատարակեցի նույնի ավելի համառոտ տարբերակը, որն ի տարբերություն նախորդի` ավելի հանրամատչելի եղավ: Այն, ճիշտ է, փոքրածավալ է, բայց նույնպես ցույց է տալիս, թե ինչպես են օտար քարտեզագետները Հայաստանը ներկայացրել իրենց քարտեզներում` սկսած մեր թվարկությունից 600 տարի առաջ, մինչև այսօր: Մեր տարածաշրջանում ևս երկու երկիր գոյություն ունի 2000 տարուց ավելի պատմությամբ` Պարսկաստանը և Հունաստանը: Մյուս երկրներից ճանաչվածները ունեն թերևս ոչ ավել քան 1000 տարվա պատմություն` ի տարբերություն մեր` 2600 տարվա: Եվ մեր ժողովուրդը պետք է տեղյակ լինի, որ քարտեզը ծննդյան վկայական է` ցանկացած երկրի համար:

Մենք ունենք 2 ծննդյան վկայական: Մեկը բրիտանական թանգարանում գտնվող կավե սալիկն է, որը մեր թվարկությունից 600 տարի առաջ է նշված եղել քարտեզի վրա: Դրանք Ասորեստանն է, Բաբելոնը և Հայաստանը: Մյուսը` արձանագրություններն են Պարսկաստանում, որտեղ 522 տարի մեր թվարկությունից առաջ նշված է, որ Հայաստանում դիմադրություններ եղան պարսից ուժի դեմ, պարսից զորքի դեմ և պարսից արքա Դարեհը զորք է ուղարկում Հայաստան` ճնշելու այդ դիմադրությունը: Սա նույնպես ծննդյան վկայական է: Եվ երբ մեզ հարց են տալիս, թե հայն ո՞վ է և որտեղի՞ց է գալիս, շատ հաճախ պարծենում ենք, որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք: Ճիշտ է, դա այդպես է: Բայց եթե դիմացինդ քրիստոնյա չէ, մուսուլման է, հրեա է, անաստված է, կամ էլ բուդիստ է, նրա համար ոչ մի արժեք չունի մեր առաջին քրիստոնյա լինելը: Հետևաբար մենք մեր ծննդյան վկայականը պիտի վկայակոչենք: Դա քարտեզն է մեր թվարկությունից 600 տարի առաջ և Պարսկաստանում պահպանված արձանագրությունը Հայաստանի մասին` մեր թվարկությունից 522 տարի առաջ:

Հետաքրքիր քարտեզներից են Պտղումեոսի քարտեզները, որոնք պատրաստվել են մեր թվարկության 2-րդ դարում: Այդ քարտեզներում նշված են աշխարհի 8000 տեղանուն, իհարկե ամերիկյան մայրցամաքը այդ ժամանակ հայտնաբերված չէր: Ուստի նշված են Աֆրիկան, Եվրոպան և Ասիան: Այդ 8000 տեղանուններից 176-ը հայկական տեղանուններն են` Հայաստանի գյուղերի և քաղաքների տեղանունները: Եվ հետաքրքիրն այն է, որ Ալեքսանդրացի Պտղումեոսը 2-րդ դարում այդպես մանրակրկիտ նշել է Հայաստանի քաղաքներն ու գյուղերը` Մեծ ու Փոքր Հայքերի միջև բաժանված: Ինձ համար ժամանակին նորություն էր դա, բայց իհարկե` հետագայում տեսա, թե որքան տարածված են Պտղումեոսի քարտեզները և նրա ներկայացրած աշխարհի ընկալումը ընդհանրապես ուրիշ քարտեզագետների մեջ, ընդհուպ մինչև 16-րդ դար: Իհարկե, քարտեզներում տեղանքները հաճախ նշված են փոփոխված անուններով, որոնք այսօրվանից կարող են տարբեր լինել: Օրինակ` Նախիջևանը` Նախուան էր կոչվում, Երևանը` Թերվան, բայց ընդհանրություններ կան, որոնք ապացուցում են դրանց աշխարհագրական տեղը քարտեզների վրա, որոնք և գիտականորեն հստակ կոորդինացված են:

- Ինչպես ասացիք, բրիտանական թանգարանում գտնվող քարտեզն է առաջինը համարվում: Եվ ինչպե՞ս է այն ներկայացնում Հայաստանը:

- Այո, դա 10-12 սանտիմետրանոց մի փոքրիկ կավե սալիկ է, որը աշխարհի կենտրոնն է ցուցադրում: Այնտեղ նշված է Եփրատ գետը, որը հոսելով գնում է աղի ջրերը: Իր բացատրությամբ կան մի քանի փոքր քաղաքներ և 3 երկիր: Կենտրոնում Բաբելոնն է, կից Ասորեստանը, իսկ վերևում` Ուրարտուի երկիրը, որը թարգմանված է որպես Արարատի երկիր` Հայաստան:

- Ձեր ուսումնասիրած քարտեզները հիմնականում ո՞ր երկրի մշակույթի հետ կապ ունեն:

- Իմ ուսումնասիրած քարտեզները ընդհանրապես եղել են հունա-հռոմեական մշակույթին առնչվող աշխատանքներ, որոնք քարտեզներ չենք կարող կոչել: Դրանք ավելի շուտ բացատրություններ են, որոնց հիման վրա տարբեր քարտեզագետներ պատրաստել են քարտեզներ, որոնք այսօր գործածվում են ամենուր: Նման օրինակներ են Հերոդոտոսի, Ստրաբոնի քարտեզները և այլն: Այս բոլոր քարտեզների մեջ հետաքրքրականն այն է, որ Հայաստանը գոյություն ունի աշխարհի կենտրոնում, հաճախ` որպես Մեծ Հայք և Փոքր Հայք, բայց ընդհանրապես` Արմենիա, Հայաստան: Հայաստանը բոլոր քարտեզների մեջ գոյություն ունի, ինչը չեմ կարող ասել մեր հարևան մյուս երկրների վերաբերյալ: Օրինակ, Ադրբեջանի տարածքը, որպես Ադրբեջան առաջին անգամ հիշատակվել է 1918 թվականին: Ադրբեջանը եղել է Պարսկաստանի Ատրպատական նահանգներ, բայց Արաքսից հյուսիս Ադրբեջան գոյություն չի ունեցել: Թուրքիան առաջին անգամ քարտեզների վրա հայտնվել է 14-րդ դարում. դրանից առաջ Թուրքիա, որպես երկիր կամ տարածք գոյություն չի ունեցել: Իսկ Վրաստանը, որպես միացյալ Վրաստան առաջին անգամ նույնպես հայտնվում է 12-րդ դարում. դրանից առաջ բաժանվել էր տարբեր երկրների` Մինվելյա, Վիր, Վերիա և այլն: 1008 թվականին էր, որ առաջին անգամ այս տարածքները միացան և Վրաստան անունը դրվեց. դա Հայաստանից շուրջ 1500 տարի հետո էր:

- Ձեր ուսումնասիրությունները հիմնականում մինչև միջնադա՞ր են:

- Սկսել եմ ուսումնասիրել մինչև միջնադար, այնուհետև շարունակել եմ և մանրակրկիտ ուսումնասիրել մինչև 20-րդ դարի պատմական քարտեզները` հատկապես անդրադառնալով նաև այն անուններին, որոնք հարակից են Հայաստանին` 12-րդ դարից սկսած, մինչև օրս: Դրանք են` Վրաստանը, Ադրբեջանը, Պարսկաստանը, Աղվանքը և այլն:

Այժմ աշխատում եմ համատարած աշխարհացույցի վրա, որը 1695 թվականին տպագրված առաջին հայերեն քարտեզն է: Աշխատությանս մի մասը դրան է վերաբերում, իսկ մյուս մասը մասնագիտական հոդված և դասախոսություններն են, որոնք ներկայացրել եմ տարբեր գիտաժողովներում:

Կուզենայի ավելացնել, որ ինքներս մեզ ճանաչելու հարցում մենք պետք է նախանշենք մեր ծննդյան վկայականը, որը շատ ավելի ճշգրիտ ապացույց է մեր ազգի, մեր անցած ճանապարհի և մեր ինքնության հաստատման համար:

Ջուլիետա ՄԽԻԿՅԱՆ