«Պապիկյանից» «Պապիկջանյան» դարձած հոբելյարը


Կարծեմ Ռուբեն Զարյանի միտքն է, որ մարդու հիշողությունը արդեն հասուն տարիքում` քանակից անցնում է որակի, ինչը որքան էլ իմաստալից է հնչում, սակայն չի կարող կարծրատիպ դառնալ` հատկապես ժամանակի դաժան հոլովույթում հավատարմության քննություն բռնած ընկերներին ճիշտ գնահատելու խնդրում:

Այո´, երբ նորից «դարավոր» ընկերդ է «ափիդ» մեջ և նրան հղվելիք խոսքդ էլ հոբելյանական է, ապա հիշողության զարյանական նման զտման կարիք, համոզված եմ` բնավ չի զգացվի. էն է´լ Հովհաննես Պապիկջանյանի պես զուլալ անհատականության պարագայում:

...Դեռ է˜ն գլխից են նրա բոլոր թերությունները եղել «նվազող քանակական», իսկ առավելությունները` «աճող որակական»: Եվ հետո, դեռ մեծն Թումանյանն է ժամանակին ասել, որ «մարդկանց թերությունները չեն, որ պետք են աշխարհին, կարողացեք առավելությունները ցույց տալ»: Սակայն սա էլ է դժվար գործ... Ո՞ր մեկը հիշես... Չնայած մեր տարիքային ութ տարվա տարբերությանը, մենք մեր կեսդարյա ընկերության ճամփան անցանք (անցնում ենք)` միշտ լինելով համախոհ ու համագործակից (հատկապես ժուռնալիստիկայի բնագավառում): Իսկ այսօր արդեն` արդեն քանի˜ բեղմնավոր տարի, ինքը` որպես Հայաստանի Հանրապետության «ԳԱԳԿԱՇԵՆ» Սահմանադրա կան դատարանի մամլո բարեկիրթ ու լրջմիտ խոսնակ, իսկ ես, մեր սիրելի «Ավանգարդի» երաշխավորությամբ` այնտեղ հավատարմագրված լրագրող...

Մտաբերեմ լոկ երկու անանց վերհուշ` մեր փոխշփըմբռնման գանձանակից:

Առաջինը նշեմ այն, թե ինչպես Հովոն, անգամ չերկնչելով պատժից, ժամանակին ուղիղ եթերով ինձ հետ հարցազրույց վարեց` ի պաշտպանություն Վարդգես Պետրոսյանի, ով իր «Գազոն, թե՞ անտառ» մարտնչող հրապարակախոսությամբ, հողին էր հավասարեցրել էն օրերի հափրած` վոլյունտարիստներին...

Հաջորդը` Սուրբ Թարգմանչաց օրվա առիթով Մատենադարանի հայոց մեծերի արձանների «շուքին ներքո», ռուս ճանաչված բանաստեղծ Եվգենի Ռապապորտի հետ անցկացված այն գիշերաժամն էր, երբ մեր ջահել օրերի անզուգական ասմունքող Սուսաննա Գաբրիելյանը մեզ գերեց համաշխարհային սիրերգության գանձարանից Հովհաննեսի ընտրած փայլուն նմուշների երկլեզվյա ասմունքով: Եվ պատահական չէր, որ այդ մասին ռուս բանաստեղծը հիացմունքով պատմեց անգամ Հայոց հիրավի վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինին, երբ հաջորդ օրը նա, քո և իմ ջանքերով, մեզ արժանացրեց իր ընդունելությանը...

Վերջում, մեր Հրաչօի նման, ուզում եմ քեզ ասել.

- Միշտ քեզ նման մնաս, սիրելի Հովիկ: Այնուհետ կավելացնեի. այս ամենը քեզ, իսկ Վահրամ որդուս ուղարկած ծաղկեփունջը մեր խորիմաստ Շուշանիկ Սահակյանին, ում հետ քո ստեղծագործական դուետը, հիրավի, պտղաբեր ու շնորհակալ է ստացվում:

Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ

ԽՍՀՄ և ՀՀ ժուռնալիստների   միության անդամ

«ԱՎԱՆԳԱՐԴԸ» սիրով միանում է հոբելյանի կապակցությամբ հնչած բոլոր ցանկություններին` մաղթելով երկարակեցություն և չընդհատվող ստեղծագործական ուղի: