ԱՀԱԶԱՆԳ

ԳՅՈՒՄՐԻԻՑ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Է 24 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ


Վիճակագրությունը զարհուրելի է: Մեկ տարվա ընթացքում Հայաստանի երկրորդ քաղաքից արտագաղթել է 24 հազար մարդ: Այսինքն, եթե հիմք ընդունենք քաղաքային իշխանությունների մեկ տարի առաջ հրապարակած տվյալներն այն մասին, որ քաղաքում փաստացի հաշվառված է մոտ 120 հազար մարդ, ապա այժմ բնակչության թիվը կրճատվել է 24 հազարով` այսպիսով արձանագրելով, որ Գյումրիում 100 հազարից պակաս մարդ է ապրում:

Սակայն ուսումնասիրություններ կատարելով ընդունված չափորոշիչներով և վիճակագրության մեջ հայտնի մեթոդներով, հանգում ենք այն եզրակացության, որ այժմ քաղաքի բնակչությունը չի անցնում 70 հազարից: Սա արդեն ազգային ողբերգություն է, ժողովրդագրական աղետ, քանզի 1988-ի երկրաշարժից հետո քաղաքի բնակչութ յունը պակասել է 150 հազար մարդով: Այսինքն, մենք կորցրել ենք մի մեծ քաղաք, խախտվել են ժողովրդագրական համաչափությունները, վնաս է հասցվել գենոֆոնդին, քաղաքը կորցրել է իր նկարագիրը, սահմանային բնակավայրը զրկվել է պաշտպանական մի շարք գործառույթներից...

Ցավոք, բնակչության նվազման գործընթացը շարունակվելու միտում ունի, որովհետև այստեղ չեն ստեղծվել արտադրական ենթակառուցվածքներ, որոնք կարող էին աշխատատեղերի հարցը լուծելով` մարդկանց պահել քաղաքում:

Նաև խաթարված են սոցիալական զարգացման հեռանկարները:

Գյումրին գոյատևում է մեքենաբար, տարերային որոշումներով և պատահական նախաձեռնություններով: Արդեն տևական ժամանակ անհանգստություն է հնչեցվում, հատկապես գյումրեցիներն աղաղակում են հիմնարար ծրագրերի բացակայության, բնակարանային խնդիրների, քաղաքի նկատմամբ որոշակի վերաբերմունքի բացակայության մասին, սակայն այդպես էլ ոչինչ չի արվում կամ կարծես ամեն ինչ արվում է, որպեսզի երբեմնի հզոր քաղաքը վերածվի կիսագյուղական բնակատեղիի: Եվ աստիճանաբար այսպիսին էլ դառնում է քաղաքը, որտեղ վերջին շրջանում ավելացվել է ռուս զինվորականության թիվը` այսպիսով քաղաքը դարձնելով ընդամենը ռազմական հենակետ հիշեցնող ավան:

Արդյո՞ք սա նպատակային և վաղօրոք մշակված ծրագիր չէ: ՌԴ-ն հաջողությամբ իրականացնում է «Հայրենակիցներ» ծրագիրը, որով շատ գյուրմրեցիների տեղափոխում են Ռուսաստանի հեռավոր նահանգներ` խոստանալով բարեկեցիկ պայմաններ և բարձր աշխատավարձեր: Կարող ենք ասել, որ կյանքի է կոչվել մի ծրագիր, որի ջանքերով էլ միայն մեկ տարում քաղաքից հեռացել է 24 հազար մարդ: Եվ դիմումների թիվն օրավուր ավելանում է, որովհետև անհեռանկար ապագան սահմռկեցնում է հատկապես երիտասարդությանը, որն այլևս այս քաղաքում ապրելու և աշխատելու հնարավորություններ չունի: Վերջերս մենք ծանոթացանք Իռլանդիայի կառավարության մի փաստաթղթի, որով խնդրվում էր մոտ վեց հազար մարդու արտագաղթել երկրից` գործազրկության թիվը չավելացնելու նպատակով... Այս փաստաթուղթը մեզ լուրջ մտորումների առիթ տվեց, որովհետև այն հիշեցնում է Գյումրիում ստեղծված իրականությունը...

Հետևաբար, ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս փրկել Հայաստանի երկրորդ քաղաքը... Ժամանակն է, այո, որպեսզի ոտքի կանգնեն մեր պատգամավորները, քաղաքացիա կան հասարակության ներկայացուցիչները, տարբեր երկրներում ապրող գյումրեցիներն ու համընդհանուր ուժերով մտածեն քաղաքի փրկության, նրա արդյունաբերական ներուժի վերականգնման, հիմնարար ծրագրերի ստեղծման ու կենսագործման համար: Լռությունն ու անտարբերությունը կործանարար են ինչպես քաղաքի, այնպես էլ ողջ հանրապետության համար: