ՈՐՏԵ՞Ղ ԵՆՔ ՍԽԱԼՎԵԼ

«ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ»` ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՎ


Բանակից հերթական ու սրտակեղեք լուրն առանք` ինքնասպան է եղել Վանիչկա Հովակիմյանը: Նրան ընդամենը վեց ամիս էր մնացել` ծառայությունն ավարտելու: Զինվորը մտել էր զենքի պահոց, զանգահարել տուն, հարցրել մոր ու քրոջ որպիսությունը, հետո հորը հաղորդել էր, որ քիչ անց ինքը չի լինելու…

Ու շարունակությունն արդեն ողբերգությունն է, կորուստ է ու ցավ, գյուղական գերեզմանատանն ավելացած մի շիրմաթումբ էլ, որով վերջակետվում է մի ազգանվան շարունակություն, քանզի Վանիչկան տան միակ տղան էր: Իսկ ժամանակ անց դատարանը վճիռ կկայացնի, երկու պատանի ազատազրկման տարիների բեռը կառնեն իրենց ուսերին, կթաղեն իրենց երիտասարդությունը, բայց կապրեն ու կշնչեն, կժպտան, հետո գուցե իրենց շարունակությունը տեսնեն իրենց զավակների մեջ: Տարիների հետ նրանք իրենց նոր կյանքը կսկսեն, կուրախանան` տեսնելով իրենց նորածիններին, հպարտությամբ, վեր պարզած բաժակներով` կխմեն իրենց զավակների համար… Իսկ Վանիչկայի նկարը կմնա գյուղական տան պատին, հետո փակվող դռան հետ կփակվի նաև դեպի նա տանող հիշողության ճանապարհը…

Այսպես տասնյակ ու տասնյակ նկարներ են հայտնվել հիշողությունների պատերին, այսպես տասնյակ ու տասնյակ մայրեր չհասկանալով ու չըմբռնելով կատարվածը` իրենք իրենց ու բոլորին հարց են տալիս` ինչի՞ համար… Ինչի՞ համար չկան իրենց զավակները, որոնց բոլորի կենսագրության վերջին տողում գրված է սիրտ սղոցող ու հոգեհան ինքնասպանություն բառը:

Որպես կանոն` ինքնասպանություններից շատերը հավասարվում են սպանությանը, որովհետև միշտ դրանց հետևում կանգնած են նրանք, ովքեր դրդել են, ստիպել, հարկադրել, ովքեր բարոյական ճնշում են գործադրել` հիանալով ու հպարտանալով իրենց «ինքնահաստատման», իրենց «տղայական» կեցվածքի համար: Վանիչկայի ինքնասպանությունը դեռ բազում հարցականներ ունի:

Բազմիցս, բազմիցս ենք ասել, որ հաճախ բանակը ոմանք դիտում են իբրև արգահատելի «ինքնահաստատման» վայր, ուր կարող են իրենց «տղամարդ» զգալ, ուր կարող են դառնալ կարգադրող ու «չաստ նայող», ուր կարող են սեփական միջավայրի ու չկայացած դաստիարակության աղտեղություններն ի ցույց դնել` հրճվելով, վայրի հիացում ապրելով: Սրանք իրենց ծառայակիցներից շատերին դարձնում են թիրախ` օգտվելով ոմանց անպաշտպանվածությունից, ազնիվ տեսակից, մաքրությունից ու պարզությունից: Սրանք բնազդային գրգիռներով առաջնորդվողներն են, որոնց վրա, հավանաբար, ոչ միջավայրն է կարողացել իր ազդեցությունն ունենալ, ոչ էլ ընտանիքը: Ու հենց սրանք են, որ հայտնվելով բանակում` դառնում են առավել լկտի ու անզուսպ, «ինքնահաստատում» են որոնում` շատերի կյանքը ողբերգության վերածելով:

Մարդը հանցագործ չի ծնվում, այդպիսին դառնում է… Տարիներ շարունակ մեզ այսպես են սովորեցրել, սոփեստական այս մտահայեցությունն են ներարկել մեր մեջ, մինչդեռ տեսակը ձևավորվում է արգանդում նաև, մարդը ծնվում է որոշակի բնավորությամբ ու տեսակով: Հանրությունն ու ընտանիքը կարող են ուղղորդել, կարող են փոխել շատ բան, բայց գիշատչի էությունը փոխելը շատ դժվար է: Մեծ ջանքեր են պետք: Հենց այդ ջանքերն են բացակայել նմանների դաստիարակության ճանապարհին, ու հիմա մենք ենք հատուցում վատ դաստիարակության, ամենաթողության, թույլ տրված սխալների համար… Բազմաթիվ ամբաստանյալների ծնողներին եմ տեսել, նրանց տառապանքը, արցունքոտված աչքերը, սակայն երբեք չեմ լսել այն կարևոր ու գլխավոր հարցը` որտե՞ղ սխալվեցինք…

Մինչդեռ ես հիմա էլ այդ հարցն եմ փնտրում Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության դրդողների մայրերի շուրթերին…