ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆՆ ՈՒ ԴՐԱ ՇՈՒՐՋ


Առաջիկայում ներդրվելիք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ բուռն հանրային քննարկումներ ծավալվեցին, տարաբնույթ ընդվզումներ եղան: Տարօրինակ է, որ դրան դեմ են արտահայտվում նրանք, ովքեր դեռևս 2010-ից տեղյակ էին հայեցակարգին ու համամիտ էին դրա ներդրմանը:

Կենսաթոշակային այս բարեփոխման ընդդիմախոսների կռվանները հիմնականում երկուսն են.

Նախ, այսօրվա սոցիալական պայմաններում դժվար է հրաժարվել վաստակի 0,5 տոկոսից ևս:

Ու նաև անվստահությունը, որը պայմանավորված է նախորդ իշխանությունների գործելաոճից ծնված անվստահությամբ. «պայթած» բանկերում կորցրած ավանդներն ու խորհրդային կենսաթոշակների խնայողությունների կորուստը:

Սակայն ՀՀ նախագահի և վարչապետի հիմնավորումները ևս հավատընծա են ու ժողովրդի վաղվա օրով մտահոգ.

Այս խնդիրը պետք է լուծենք»

-Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է` տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած, ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ` տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք: Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի սա նաև լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրելու: Հեքիաթներ են հնարել` սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են: Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ համակարգը մնալու է: Մենք ասում ենք` լրացուցիչ սա էլ ենք ուզում: Շատ դրական եմ գնահատում, և բոլոր նրանք, որոնք դրական մոտեցում ունեն, շատ ակտիվ պետք է լինեն,- նշել է Հանրապետության Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ` պատասխանելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված խորհրդակցության մասնակիցների հարցերին:

 

«Ձևավորում ենք որակապես նոր միջավայր»

- ... 2014 թվականի պետական բյուջեով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում միջին թոշակը կավելանա 15 տոկոսով` 31 հազար դրամից հասնելով 36 հազարի: Բայց մենք ձեզ հետ քաջ գիտակցում ենք, որ այդ թոշակի մակարդակը բավարար չէ արժանապատիվ ծերություն ապահովելու համար: Եթե հաշվի առնենք, որ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 41 հազար դրամ, իսկ առողջապահական նվազագույն զամբյուղը` 51 հազար դրամ, բազային կենսաթոշակը` ընդամենը 14 հազար դրամ, ապա կտեսնենք, որ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ապրում են թոշակների հաշվին` գտնվում են աղքատության շեմից ցածր մակարդակի վրա: Որպեսզի մենք կարողանանք բազային կենսաթոշակը 14 հազարից հասցնել 41 հազարի, մեզ միայն այդ գործողության համար կպահանջվի առնվազն 270 մլրդ լրացուցիչ ֆինանսավորում:

...Սա հեշտ որոշում չէ, որովհետև այսօր ստեղծելով դժվարություններ մեր քաղաքացիների համար` մենք մտածում ենք ապագա սերունդների մասին, որովհետև ընդամենը 23 տարի հետո առաջին օգտվողները կուտակային հաշիվներից նոր ի հայտ են գալու: Բայց մենք, գիտակցելով և ստանձնելով այս քաղաքական պատասխանատ վությունը, համոզված ենք, որ հապաղել այլևս չի կարելի, օր առաջ այս համակարգը մենք պետք է ներդնենք, որպեսզի հաղթահարենք կենսաթոշակային ճգնաժամը, որը մեզ սպասում է, եթե մենք համերաշխության սկզբունքից չանցնենք կուտակային սկզբունքին: Միևնույն ժամանակ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ այս օրերի ընթացքում բուռն քննարկումներ են գնում այս հարցի շուրջ, և մեր քաղաքացիներն արտահայտում են ոչ միայն դժգոհություն, մտահոգություններ, այլև բազմաթիվ հարցեր են ուղղում կառավարությանը:

... Այս ռեֆորմն ընդամենը 4 տարվա ընթացքում կրկնապատկելու է քաղաքացիական հասարակության ուժը, որովհետև մենք ձեզ հետ միասին պատասխանատու քաղաքացու համար ստեղծում ենք միջավայր: 275 հազար քաղաքացի ինքնուրույնաբար պետք է որոշում կայացնի, թե որ կուտակային սխեմային է ինքն ուզում մասնակցել: 275 հազար քաղաքացի ամեն ամիս վերահսկելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետև մենք պարտավոր ենք ամեն ամիս կրկնապատկել նրանց խնայողությունը: 275 հազար քաղաքացի ամեն օր վերահսկելու է օպերատորին, որը կառավարելու է կենսաթոշակային հիմնադրամը, վերահսկելու է տոկոսադրույքները, թե ինչպիսի տոկոսադրույքներ են նրանք ստանում այդ խնայողությունների դիմաց, արդյոք արդյունավետ են կառավարում իրենց միջոցները և մեզանից պահանջելու են, որպեսզի իրենց միջոցները մշտապես գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում, և մենք պատշաճ վերահսկողություն իրականացնենք:

... Մենք ձևավորում ենք որակապես նոր միջավայր, որակապես նոր քաղաքացի, որը պատասխանատու է լինելու իր որոշումների համար, և դա նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունն ավելի ու ավելի ուժեղանալու է այս տարիների ընթացքում: Կառավարությունը նույնպես պետք է սովորի աշխատել այդ միջավայրում, որովհետև քաղաքացիական հասարակություն նշանակում է առաջին հերթին անվստահություն այն գործիքների նկատմամբ, որոնք պարտադրում են քաղաքացուն այս կամ այն գործողությունը: