300 մտրակի հարված` հանուն դեմոկրատիայի


Դե, իհարկե, եվրոպական արժեքներից ու քաղաքակրթությունից հեռու պետք է լինել` 21-րդ դարում այսպիսի պատիժ սահմանելու համար: Բայց ահա Սաուդյան Արաբիայում դատարանը հենց այդպես է վարվել իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստի հետ, ով կոչ է արել ժողովրդավարացնել քաղաքական դաշտը: Նրան` Օմար ալ-Սաիդին 300 անգամ կմտրակահարեն, ապա 4 տարի կազատազրկեն (տեղեկացրել է «Ալ Ջազիրան»): Ահա թե ինչ կերպ վճարեց ակտիվիստը` բացարձակ միապետությունից սահմանադրականի անցնելու առաջարկի դիմաց:

Դատընթացը տեղի է ունեցել փակ դռների ետևում և այլ մանրամասներ հայտնի չեն:

Սաուդյան Արաբիայում իշխում է Սաուդիտների դինաստիան: Թագավորի իշխանությունը տեսականորեն սահմանափակված են շարիաթի օրենքներով. քաղաքական ուժեղ ազդեցութուն ունեն միայն կրոնական առաջնորդները: Աբդալա թագավորը (ում ունեցվածքն այս տարեսկզբին գնահատվում էր 63,2 մլրդ դոլար) նշանակում է կառավարություն, որի կազմում ընդգրկվում են թագավորական ընտանիքի անդամները: Նրա մերձավորներն ու ազգականներն էլ զբաղեցնում են երկրի կարևորագույն պետական պաշտոնները:

Ինչ վերաբերում է պատժաձևերին` հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում գործում են իսլամական իրավունքի օրենքները, որոնց համաձայն կիրառելի է և մահապատիժը: Այսինքն, այնտեղ պահանջված է դահիճի մասնագիտությունը: Վերջին շրջանում մահապատիժներն են երևի շատացել, և իշխանությունները հմուտ` վարպետորեն գլուխ թռցնող դահիճների պակաս են զգում: Ու էս դարդից որոշել են վերանայել մահապատժի այս տեսակը: