Գերմանիան անհաշտ է նացիստական անցյալի հետ


Առաջիկայում հավանաբար դատարան կուղարկվեն նոր հայտնաբերված նացիստ-հանցագործները, ովքեր երկար տարիներ հաջողեցրել են քողարկել իրենց անցյալը:

Գերմանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությամբ` Երրորդ ռեյխի ենթադրյալ սպաների որոնումներով զբաղվող գերատեսչությունը գտել է 30 մարդու հետքերը: Նրանց թվում են և Օսվենցիմ մահվան ճամբարի մի քանի վերակացուներ:

Սրանք բոլորն ապրում են Գերմանիայում. շատերը` կեղծված անուն-ազգանուններով: Նախկին այս դաժանաբարո սպաներին հավանաբար կդատապարտեն «Սպանության հանցակցություն» հոդվածով (հաղորդել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը):

Ի դեպ, ռազմական այս հանցագործներից մի քանիսի առողջական վիճակը նրանց ազատում է պատասխանատվությունից, ոմանք էլ չեն կարողանում մասնակցել դատական նիստերին` ծերունական տկարության, իսկ որոշներն էլ` տկարամտության պատճառով:

Մարդկության դեմ հանցագործություններն, իսկապես, ժամկետանց չեն լինում: Երանի˜ Թուրքիան աչք ու ականջ ունենար, լսելու և տեսնելու, թե իրեն հարգող ազգը, ժողովուրդն ու պետությունն ինչպիսի արժանապատվությամբ են ճանաչում ու մաքրում իրենց ամոթալի անցյալը: Բայց արժանապատվություն ասածը հազիվ թե ընկալելի լինի սրանց համար: