Հանճարեղ դիմորդը


Մարդկային մտքի թռիչքները հասել են այնտեղ, որ բանական արարածներն աստիճանաբար «ավելորդ» են դառնում: Իհարկե, առանց մարդու միջամտության` ամենախելացի սարքերն անգամ «գերազանցիկ» ռոբոտներ չեն ստեղծի, բայց դրանց գիտելիքները զարմացնում ու հիացնում են հենց իրենց` մարդկանց:

Ճապոնիայում բուհի ընդունելության քննություններում Թոռոբոկուն անունով ռոբոտն այնքան բարձր միավորներ է հավաքել, որ կարող է սովորել երկրի մասնավոր համալսարանների 70 տոկոսում: Նա բարձր միավորներ է ստացել հատկապես Ճապոնիայի պատմություն, աշխարհի պատմություն և մաթեմատիկա առարկաներից: Անգլերեն և «մայրենի» ճապոներեն լեզուներից սարք-դիմորդի գիտելիքներն ավելի համեստ են եղել (հաղորդել է Vesti FM ռադիոն):

Քննական հանձնաժողովի անդամները վստահել են, որ Թոռոբոկունը մեծ ունակություններ ունի: Ռոբոտի հայրիկ-գիտնականները որոշել են կատարելագործել նրան այնքան, որ կարողանա հաջող քննություններ հանձնել երկրի ամենահեղինակավոր բուհերից մեկում` Տոկիոյի համալսարանում:

Հետո էլ երևի գերազանցիկ ուսանող կդառնա, գիտական աստիճան կհայցի...