Թաշկինակ փոխելու արագությամբ


Խաղաղօվկիանոսյան այս կղզի¬պետության անունը մեզանից շատերին հայտնի դարձավ` երբ այն ճանաչեց Աբխազիայի անկախությունը: Շա˜տ հետաքրքիր երկիր է Նաուրուն, որը երկու օր առաջ իր հերթական նախագահին ընտրեց: Ընդամենը նոյեմբերի 10¬ին գործող նախագահ Մարկուս Սթիվենը հրաժարական տվեց, որովհետև մեղադրվում էր գուանոյի (արժեքավոր հանքանյութ) վաճառքից կաշառառության համար: Գուանոն այդ երկրի եկամուտների կարևորագույն բաղադրիչներից է, և ընդդիմության վարկածով` թաիլանդցի մի գնորդից նախագահը կաշառք էր կորզել` 25 հազար խորանարդ մետր հանքանյութ նրան վաճառելու համար: Սթիվենից հետո երկրի ղեկավարի պաշտոնում խորհրդարանն ընտրեց առևտրի, արդյունաբերության և շրջակա միջավայրի նախկին նախարար Ֆրեդի Պիտչերին: Սակայն 6 օր անց նույն` 18 պատգամավորներից բաղկացած խորհրդարանը նրան անվստահություն հայտնեց. 18 պատգամավորներից 9¬ը պաշտոնանկությանը կողմ էր քվեարկել, 8¬ը` դեմ: Իր կարճատև պաշտոնավարման ընթացքում Պիտչերը հասցրեց պաշտպանել իր նախորդին` Սթիվենին` ասելով, որ կաշառակերության մեջ նրա մասնակցության վերաբերյալ որևէ ապացույց չկա: Նոյեմբերի 15¬ին ընտրված` 5 օրվա ընթացքում, 3¬րդ նախագահը` 39-ամյա Սպրենտ Դաբվիդոն մինչ այս նույնպես նախարար է եղել: Ինչպես բոլոր երկրներում, Նաուրուում ևս նախագահը պետության առաջնորդն է ու նաև` կառավարության ղեկավարը: Բայց արի ու տես, որ օրենսդիր ժողովի անդամներն իրավունք ունեն անվստահության քվեով պաշտոնանկ անել նրան: