Հյուրասրահ «ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԱՉՔԻ ԼՈՒՅՍԻ ՊԵՍ»


Սփյուռքում ապրող մեր ամենանշանավոր մտավորականներից մեկն է Թորոս ԹՈՐԱՆՅԱՆԸ: Արդեն վաղուց ութսունամյակը բոլորած բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս ու մշակութաբան, ով 60 տարուց ավելի իրեն նվիրել է ազգային մշակույթի պահպանմանը` հեռավոր Սիրիայում: Սակայն Թորանյանի գործունեությունը միայն չի սահմանափակվում Սիրիայի սահմանների ներսում. նա Մերձավոր Արևելքում է, Հունաստանում, Եվրոպայում, նաև` Հայաստանում: Ականավոր մտավորականի հետ մեր հանդիպումը տեղի ունեցավ Հալեպում, ՀԲԸՄ սրահներից մեկում: Նա խնդրեց իր խոսքը թարգմանել արևելահայերեն, որպեսզի հայաստանյան ընթերցողը հեշտությամբ ընկալի: - Նախ թույլ տվեք ուրախությունս հայտնեմ, որ առիթ ունեցա հանդիպել Ձեզ: Արդեն մի քանի օր է` տեսնում եմ, որ Դուք գրեթե երիտասարդական խանդավառությամբ եք գալիս Բարեգործականի միջոցառումներին, դիպուկ ելույթներ ունենում: Ձեր տարիքը հոգնություն չի՞ ծնում: - Ես վաղուց արդեն 80 տարեկան չեմ, այո, բավական մեծ եմ, եթե չասեմ` ծեր եմ: Սակայն հոգուս պարտքն են համարում ներկա գտնվել այն կարևոր ձեռնարկներին, որոնք մշակութային արժեք են պարունակում, որոնք կոչված են նպաստելու հայապահպանությանը: Ցավոք, շատ չեն հանրային միջոցառումները, որոնք առիթ տային` առավել հաճախ ուշադրություն սևեռել մեր մշակույթին, լեզվին, այն ամենին, ինչով մենք գոյատևում ենք օտար հողում: Որքան էլ մենք ծնված լինենք այստեղ, որքան էլ այս երկիրը մեր երկրորդ հայրենիքը համարվի, այնուհանդերձ մենք այստեղ մի տեսակ օտարի կարգավիճակում ենք: Ուստի ամեն ինչ պիտի անենք, որպեսզի պահպանենք մեր հոգևոր հենարանները: - Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, ինչպես գիտեմ` ողջ կյանքում զբաղվել եք բժշկությամբ: Ուրեմն` ինչպե՞ս եք կարողացել զուգորդել բժշկությունը գրականությանը: - Այո´, բժիշկ եմ: Այն երջանիկներից եմ, ովքեր հնարավորություն ունեցան կրթություն ստանալ հայրենիքում: Վաթսուն տարի առաջ էր, որ մի խումբ երիտասարդներով Երևան եկանք, որպեսզի հայրենիքում լինենք, հայրենիքում ստանանք մեր կրթությունը: Դժվար, բայց երջանիկ տարիներ էին: Հազար հուշ եմ պահել Երևանի մասին... Վերադարձա Հալեպ, ապա կյանքն ինձ տարավ Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ, ամենուրեք եղա: Վաթսուն տարի շարունակ ամեն օր գնացել եմ հիվանդանոց, ընդունել իմ հիվանդներին (իսկ ես անեստոզիոլոգ եմ եղել), մասնակցել եմ բարդագույն վիրահատությունների: Գրել եմ բոլոր ազատ ժամերիս, ինքս ինձանից կարծես ժամանակ գողանալով: Մոտ հարյուր գիրք եմ հրատարակել: Սփյուռքում չես կարող միայն գրականությամբ զբաղվել, իսկ եթե այլ մասնագիտության տեր ես` պիտի համադրես բոլոր զբաղմունքներդ: Այստեղ գրականությունը և արվեստը բոլորովին այլ առաքելություն ունեն, քան` հայրենիքում: Առաջին հերթին կարևորվում է լեզվի խնդիրը, հայեցի դաստիարակության խնդիրը... Երբ տեսնում եմ, թե ինչպես է դատարկվում հալեպահայ համայնքը, ինչպես են մարդիկ հեռանում Եվրոպա ու Ամերիկա` սիրտս ցավում է... - Նկատել եմ, որ մեծ մղում կա նաև դեպի Հայաստան, շատ հալեպահայեր Հայաստանի քաղաքացիություն են ստանում, կամենում են ապրել Հայաստանում: - Դեպի Հայաստան մղում կա, իհարկե, սակայն խնդիրը բոլորովին այլ է: Քիչ են Հայաստան մեկնելու ցանկություն ունեցողները: Պատճառը բնավ էլ հայրենիքում ստեղծված կացությունը չէ: Այս մարդկանցից շատերը կամենում են եվրոպաներում ու ամերիկաներում ապրել, իսկ դա նշանակում է, որ կորցնելու ենք մեծ դժվարությամբ պահպանվածը, կորցնելու ենք այս սերունդը ևս: Այստեղ էլ արդեն աշակերտների խնդիր ունենք, դպրոցները դատարկվում են, իսկ Եվրոպայում կամ Ամերիկայում հայ երեխան այլևս հայկական դպրոց չի գնա սովորելու... - Գիտեմ, որ հայ մշակույթի շատ մեծերի եք հանդիպել, շատերի հետ բարեկամություն արել... - Իրավ է: Ես երջանիկ մարդ եմ, որովհետև հնարավորություն եմ ունեցել շփվելու ինչպես արևելահայ, այնպես էլ Արևմուտքի հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչների հետ: Գրել եմ շատերի մասին: Իմ մենագրությունները կան Սիմոն Սիմոնյանի, Հակոբ Կարապենցի մասին, ուզում եմ անդրադառնալ Զահրատին: Երբ Զահրատը մահացել էր, ես Հալեպից տաքսի վարձեցի, անցա Թուրքիայի սահմանն ու մասնակցեցի նրա հուղարկավորությանը: Չէի ուզում հավատալ, որ հեռանում էր մեր գրականության մեծերից մեկը: Հայաստանում էլ շատ լավ բարեկամներ ունեմ: Մի անգամ Նորայր Ադալյանն ինձ հրավիրեց իր մոտ ու ցույց տվեց թղթեր, գրառումներ... Զարմացա` տեսնելով, որ այդ ամենը նվիրված էր Վահան Թոթովենցին: Հետո նա դոկտորական ատենախոսություն գրեց Թոթովենցի մասին... Ուրախությունս մեծ էր, որովհետև Թոթովենցը կարծես մոռացության էր տրված: Շատ լավ բարեկամություն ունեմ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հետ: Հրաշալի գիտնական է, շատ մեծ մտավորական: Երբ Հալեպ էր եկել` անչափ մտերմացանք: Այստեղ օրնիբուն նկարում էր... Մեծ խռովք կա նրա հոգում, նաև` հիացում... Առհասարակ, զարմացած եմ մեր գիտնականներով, մեր մշակույթի գործիչներով. մեծ ուժ կա նրանց մեջ, մեծ կուտակումներ կան: Ես իմ ամբողջ կյանքս նվիրել եմ այն բանին, որ այստեղ մեզ ճանաչեն. մենք ահռելի գիտական և մշակութային կուտակումներ ունենք: Ես մի քանի տարի առաջ Հալեպ էի հրավիրել նշանավոր անգլիացի մի գիտնականի, ով դասախոսություններ կարդաց հայերի մասին, ներկայացրեց բրիտանական գրադարաններում պահվող այն արձանագրությունները, որոնք նվիրված են հայերին: Ապշելու բան է, մենք ըստ պատշաճի չենք կարողանում ներկայացնել մեր հարստությունները: Հալեպը ժամանակին գրավվել է Տիգրան Մեծի կողմից, այստեղ հայկական հետք կա, բայց այդ մասին լռություն ենք պահպանում: Սակայն այդ ամենի մասին պետք է բարձրաձայնել, որպեսզի գիտենան մեզ ու մեր պատմությունը... - Կարծում եմ, որ ծանոթ եք հայաստանյան մամուլին, կարդում եք... - Իհարկե, կարդում եմ, ծանոթ եմ: Չնայած տարիքիս` որևէ հետաքրքիր հրապարակում բաց չեմ թողնում: Այո´, ձեր թերթն էլ գիտեմ, հատկապես խորհրդային շրջանին շատ էի կարդում: Հիմա մի քիչ կտրվել եմ, ավելի շատ գրում եմ, քան` կարդում: Ուզում եմ հասցնել թղթին հանձնել այն ամենը, ինչի մասին մտածում եմ, խորհում: Հիմա արդեն տեղեկացա ձեր թերթի էլեկտրոնային տարբերակի մասին: Ուրեմն, կկարդամ: Ուզում եմ բոլորիդ հաջողություն մաղթել: Նաև հուսալ, որ դուք էլ ամեն ինչ կանեք` հայ մշակույթի պահպանության համար: Դա մեր ինքնության միակ ու մեծագույն կռվանն է: