ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՎԱՐՈՒԺԱՆԸ


Անվանի նկարիչ Վարուժան Վարդանյանի երկրային ժամանակն արդեն ավարտվել, ու սկսվել է երկնայինը: Մոտ մեկ տարի առաջ կյանքից հեռացած նկարչի ստեղծագործությունների հետ ցանկացած հանդիպում, սակայն, փաստում է, որ նրա ձևավորած յուրօրինակ աշխարհն իր գունային ինքնատիպությամբ ու բազմազանությամբ, նկարչի ուրույն ոճով միշտ էլ դառնում է հետաքրքրական, միշտ էլ ստիպում է հիանալ ու զարմանալ... Դեռ շատ տարիներ առաջ ականավոր արվեստաբան Ռուբեն Զարյանը, նայելով Վարուժանի մի քանի աշխատանքներ, հիացած ասել էր. - Վարուժան Վարդանյանը ստիպում է ժամերով նայել իր աշխատանքներն ու անվերջ զարմանալ… Զարմացում ծնելու նկարչի մոգական ուժն էլ նորից էր արվեստասերներին բերել մայրաքաղաքի Նկարչի տուն` Վարուժան Վարդանյանի աշխատանքների հետահայաց ցուցադրությանը: Ուշագրավ է, որ մեզանում ևս կազմակերպվում են հետահայաց ցուցահանդեսներ` ստեղծելով բարի ավանդույթ` մոռացության չմատնելու մեր անանց արժեքները, գոյավորելու ժամանակների կապը: Ավելին, այսպես նաև կռվելու մոռացումի դեմ, որը շատ հաճախ դառնում է տիրական: Վ. Վարդանյանի ստեղծագործությունների և նրա մարդկային կերպարի ինքնատիպության մասին շատերը խոսեցին, շատերը մեկ անգամ ևս անդրադարձան հատկապես գունային զարմանալի հայտնություններին, կոմպոզիցիաների առանձնահատկություններին: Մեկ անգամ ևս արձանագրեցին, որ նկարիչն իրենով մի նոր աշխարհ էր գոյավորում մեր կերպարվեստում, զարմանալի կապ էր ստեղծում միջնադարի ու արդիականության միջև` հասնելով նաև ուշագրավ նորարարության: Վարուժանի աշխատանքներին վերադարձը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի բնութագրմամբ` «քայլ է դեպի նկարչի աշխարհի վերաիմաստավորումը»: Իսկ վերաիմաստավորում, թերևս, անհրաժեշտ է, որովհետև Վարուժան Վարդանյանի արվեստը ևս կարիք ունի նոր ու խորքային դիտումների, գնահատման նոր սկզբունքների: Մեկ անգամ ևս առնչվելով Վարուժանի արվեստին, այնուհանդերձ մեզ չի լքում մտահոգությունը: Հերթական մշակութային իրադարձությունը տեղի ունեցավ, որն, անտարակույս, իր էությամբ հերթականներից չէ: Ու, թվում էր, որ արվեստասերները պիտի պահ առաջ ձգտեին ներկա գտնվել ցուցադրության բացմանը` նորից տեսնելու վարուժան յան ինքնահատուկ ֆանտազիաները: Սակայն ոչ բազմամարդ բացման արարողությունը տխրեցրեց` վկայելով, որ մի փոքր խումբ է միայն ապրում արվեստով, հետաքրքրվում տեղի ունեցող իրադարձություններով: Շատ-շատերի համար վաղուց մոռացության են տրվել արվեստի արժեքները: Ու սա տագնապեցնող է...