Ասպատակիչ տատիկը


61-ամյա մի ուկրաինուհի ձմռան համար վառելիք գնելու այլ միջոց չգտնելով, որոշել է բանկ թալանել: Օդեսացի Սարատա ավանի բանկ գալով (որտեղից միշտ ստացել է իր կենսաթոշակը), նա աշխատակցուհուն մեկնել է մի գրություն` պահանջելով 300 հազար գրիվեն (37 հազար 500 դոլար): Մերժելու դեպքում ասպատակիչը սպառնացել է պայթեցնել ինքնաշեն ռումբը: Իրավիճակի արտառոցությունը նաև այն էր, որ թոշակառու կինը գրության մեջ նաև նշել էր, թե ինչ թղթադրամներով պետք է վճարեն իրեն. գումարի մեծ մասը նա պահանջել էր 1000 գրիվենանոց անվանական բանկատոմսերով, որպիսիք ոչ միայն բանկում, այլև աշխարհում գոյություն չունեն (Օդեսայի միլիցիայի մամլո ծառայության տեղեկատվությունը ներկայացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ¬ը): Գանձապահուհին արագ կողմնորոշվելով, սեղմել է տագնապի ազդանշանը: Բանկի ղեկավարությունն անհապաղ տարհանել է բոլոր այցելուներին` կողոպտիչի հետ միասին: Վերջինն աննկատ հեռացել է դեպքի վայրից: Իրավապահներն էլ չեն ուշացել և իսկույն բացահայտել են, որ կնոջ ձեռքին եղած կասկածելի սարքն ընդամենը փայլաթիթեղով փաթաթված մետաղյա բանկա է Միայն հաջորդ առավոտյան տեսախցիկների տեսագրությունները վերծանելով` պարզել են հանցագործի անձը: Իր արտասովոր արարքը կինը բացատրել է «ձմռան փայտ և ածուխ գնելու համար փողի պակասով»: Մրսել չցանկացող թոշակառուին հոգեբուժարան` հետազոտման են տարել: Ճանաչողները, սակայն, նրան բնութագրել են որպես խաղաղ, հանգիստ մարդ: Փաստի առնչությամբ քրեական գործ հարուցել¬չհարուցելու որոշում կկայացվի բուժհետազոտությունից հետո: