Փիղն էլ գազան է. թեկուզ կրկեսում


Միջադեպը տեղի է ունեցել Վիետնամի հյուսիսային Լաո¬Քաչ գավառում: Շրջիկ կրկեսի վարժեցրած փիղը տրորել է 11 տարեկան աղջնակին, երբ նա մոտեցել է անասնանոցին` հսկային կերակրելու ցանկությամբ: Մայրաքաղաք Հանոյի արտիստական խումբը, կենդանիներով հանդերձ ճամփորդել է երկրում և ներկայացումներ ցուցադրել` հիացնելով հատկապես երեխաներին: Դժբախտությունը պատահել է անցյալ կիրակի, երբ երեխաների բազմությունը հավաքվել է փղի մեծ մետաղավանդակի շուրջը: Շոուից հետո փիղը հանգստանալիս է եղել, բայց երեխաները ցանկացել են կերակրել նրան: Հիշենք, որ Ասիայում փիղը պաշտամունքի առարկա է: 11-ամյա աղջնակը ճաղերի միջով մեկնել է ձեռքը` կենդանուն անձամբ հյուրասիրելու, բայց… փիղը չի գնահատել հյուրասիրության արժեքը և կնճիթով բռնել ու օդ է բարձրացրել երեխային` այնտեղից գետին նետելով: Այդքանով չբավարարվելով, նա իր անճոռնի ոտքերով տրորել է ու սպանել փոքրիկին: Քաղաքի ոստիկանությունը հետաքննում է միջադեպի մանրամասները: Իրավակարգի պահապանները հիմա պարզում են, թե երեխաներն ինչպես են կարողացել աննկատ խցկվել կրկեսի տարածք և ինչու փղի մոտ անհրաժեշտ հսկողություն չի եղել: