Միս և կոֆեին


Միացյալ Նահանգների զինված ուժերում այսուհետև ճաշին մատուցելու են կոֆեինով հարստացված միս: Այս ու մի շարք ուրիշ նոր սննդատեսակներ պետք է բարձրացնեն զինվորների մարտունակությունը և բազմազանություն մտցնեն զինծառայողների ավանդական սննդացանկում: Գաղտնի լաբորատորիաներում այս անգամ որոշել են ուշադրությունը սևեռել բանակային «չոր օրապահիկի» վրա, առանց որի անպատկերացնելի է զինվորը: Ամերիկյան զինծառայողների անհատական պատրաստի նախաճաշերը, ճաշերն ու ընթրիքները նախկինում բազմիցս քննադատվել են մարտիկների կողմից: Նրանք դժգոհել են, որ միանգամյա օգտագործման արկղիկների ու տուփիկների պարունակությունը հազիվ թե կարելի է ուտելիք համարել: Իսկ նրանց սնունդ մատակարարողներն ուսերն են թոթվել. բարդ է համային բարձր որակ ապահովել այն ուտելիքի համար, որը պետք է դիմանա 300 շոգին ու մի քանի հազար մետր բարձրությունից ազատ անկմանը: Բայց երբ դժգոհության ալիքը մեծացավ, որոշվեց փոփոխել օրաբաժինը և դրանում ընդգրկել ոչ միայն համեղ, այլև առավելագույնս օգտակար կերակրատեսակներ: Առաջին ու ամենահետաքրքրաշարժ նորամուծությունը չոր միսը կոֆեինով հարստացնելն է: Դաշտային խոհանոցների խոհարարների խոսքերով` - Դրանք ԱՄՆ¬ում հայտնի` մսի նուրբ շերտերն են` անհատական փաթեթավորմամբ և անմոռանալի համով: Իսկ կոֆեինով այդ շերտերը համեմելը «զինվորին կվերադարձնի մարմնի կայտառություն և նրան թույլ չի տա` քնել դիրքերում»: Թեթև ուտեստեղենից բացի, փոփոխված են նաև հիմնական ճաշատեսակները: Հիմա երթադադարի ժամանակ կամ ուղղակի խրամատներում զինվորներն ու սպաները առաջարկվող մածուկների, կարտոֆիլային պյուրեի, պանիրների, բանջարեղենի ու նույնիսկ կաթնային կոկտեյլների տեսականուց կարող են ընտրել իրենց ավելի հաճելին: Նոր ավանդույթով` բանակային կերակրացանկի բոլոր ուտելիքները հարստացվելու են օգտակար թթուներով և միկրոտարրերով, ինչպես օրինակ «Օմեգա-3»¬ն է: Մի խոսքով, «Պատերազմը` պատերազմ, բայց ճաշը` կարգացուցակով» ասույթը հիմա նոր, ավելի հրապուրիչ իմաստ է ստանում ամերիկյան զինվորների համար (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ¬ը):